Մեր թերթի նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք 2008 թվականի նախնական տնտեսական ցուցանիշներին։ Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց նաեւ վերջնական ցուցանիշները. ինչպես եւ սպասվում էր՝ թվերը գրեթե չեն փոփոխվել՝ ՀՆԱ-ի աճը 6.8% է, արդյունաբերության աճը՝ 2%։
Վերջնական, ամփոփ զեկույցը հետաքրքիր է նրանով, որ պարունակում է ամբողջական տվյալներ տնտեսության առանձին ոլորտների վերաբերյալ։ Անդրադառնանք արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներին՝ այս անգամ արդեն ներկայացնելով որոշ մանրամասներ։ Եվ այսպես, արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 2008թ. ընթացքում արձանագրել է 2%-անոց աճ։ Էներգետիկայի ոլորտում աճը կազմել է 8%, եւ եթե ամբողջ արդյունաբերական արտադրանքի մեջ այն հաշվի չենք առնում՝ ստացվում է՝ Հայաստանում 2008թ. ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` աճել է 0.8%-ով։
Հանքագործական արդյունաբերությունն աճել է 1.5%-ով, որից մետաղական հանքաքարի արդյունահանումը՝ 1.4%-ով։
Մշակող արդյունաբերությունն արձանագրել է 0.6%-անոց աճ։ Այս ոլորտում ամենից զգալի աճ նկատվել է գործունեության հետեւյալ տեսակներում՝ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն՝ 30.1%, կաշվի, կաշվե արտադրատեսակների եւ կոշկեղենի արտադրություն՝ 24.2%, ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն՝ 12.7%, սննդամթերքի արտադրություն՝ 7.1%, ծխախոտ՝ 5.2%։ Մնացած ոլորտներում արձանագրվել է գրեթե չնչին աճ, իսկ ավելի հաճախ՝ անկում։ Օրինակ, քիմիական արդյունաբերությունը նվազել է 14.8%-ով, ոսկերչական արտադրանքը՝ 16.3, մեքենաներ եւ սարքավորումները՝ 17.6%-ով։ Պաշտոնական վիճակագրությունը ամենամեծ անկումն արձանագրել է բնափայտի եւ փայտյա իրերի արտադրության ոլորտում՝ 24%: Ի դեպ, այս տվյալները բավական հետաքրքիր են դառնում, երբ դիտարկում ենք արդյունաբերական արտադրանքը՝ բնեղեն արտահայտությամբ։ Մասնավորապես, փայտի դեպքում տվյալները ցույց են տալիս, որ ամենամեծ անկումն արձանագրվել է շինափայտի արտադրության մեջ։ Այսպես. 2007թ. ընթացքում արտադրվել է 5231 խմ շինափայտ, իսկ 2008-ին՝ 2.5 անգամ պակաս՝ 2082 խմ։ Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ շինարարության ոլորտի աճը նախորդ տարի ռեկորդային ցածր ցուցանիշ է ունեցել՝ ընդամենը 1.7%։ Տխուր է վիճակը նաեւ արտաքին առեւտրի ոլորտում։ Արտահանումը նվազել է 7.2%-ով եւ կազմել 1.07 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ աճել 35%-ով՝ կազմելով 4.4 միլիարդ դոլար։ Արտաքին առեւտրի կառուցվածքում ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը կազմում է 32.4% (այդ թվում՝ Ռուսաստանինը՝ 20.9%), Եվրամիության երկրներինը՝ 38.4%։ Նշենք, որ ՀՀ արտաքին առեւտրի կառուցվածքում եվրոպական երկրներից ամենամեծ տեսակարար կշիռն ունի Գերմանիան՝ 8.8%։ Նշենք եւս մի հետաքրքիր փաստ. Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը 2008թ. երկու անգամ աճել է 2007-ի համեմատ, եւ տարվա վերջի դրությամբ այս երկրի տեսակարար կշիռը մեր երկրի արտաքին առեւտրի կառուցվածքում կազմել է 4.9%: Հայաստանի արտահանման կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել են քիմիական արտադրանքը (69.3%), բուսական ծագման արտադրանքը (33.1%), պատրաստի սննդի (21.9%) եւ կաշվի ու կաշվե իրերի (25.7%) արտահանումը։ Փոխարենը, զգալիորեն նվազել են պլաստամասայե եւ կաուչուկե իրերի, փայտի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանման ծավալները։