Իշխանությունը ներկայացնող գործիչները, ովքեր ճակատագրի բերումով առիթ են ունեցել նաեւ ընդդիմություն լինել, հատկապես ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ձայնի իրավունքին անդրադառնալիս, նշում են, թե, ի տարբերություն ընդդիմության ներկայացուցիչների, իրենք հայրենասեր են այնքան, որ երբեւէ իրենց թույլ չեն տա դրսում քննադատել մեր երկիրը: Այսինքն՝ ունենալով Ղարաբաղի խնդիր, մենք պետք է մեր երկրի՝ ամենեւին ոչ ձյունաճերմակ սպիտակեղենն այլոց ներկայացնելու ցանկությունից առաջ երկար մտածենք: Նման մտքերը ստիպում են կարծել, որ եվրոպական կառույցներին մեր երկրի անդամակցությունը, գոնե մտածողության տեսակետից, վաղաժամ է: Հայրենիք, Ղարաբաղ, հայրենասիրություն կատեգորիաները մեզ համար ինչ-որ բարձր արժեքներ են, որոնց համեմատ՝ մարդը, նրա կյանքի, ազատությունների, արժանապատվության իրավունքը ավելորդ շռայլություն են:
Ստացվում է այնպես, որ երբ բանտերում նստած մարդիկ, ում մեղավորությունն ապացուցող փաստեր չկան, ում ակնհայտորեն ձերբակալել են քաղաքական շարժառիթներով, հույսները կտրելով հայրենի արդարադատությունից, դիմում են եվրոպական կառույցին՝ ակնկալելով նրանց միջամտությունը, պետական մտածողություն չունե՞ն: Պետական մտածողություն ունեն նրանք, ում համար մի քանի տասնյակ մարդու անազատությունը վնաս չունի: Կարեւորը «Ղարաբաղ» բառը ճիշտ ժամանակին եւ հարմար ինտոնացիայով արտաբերելն է՝ արդարացնելու համար երկրի ներսում վարած եւ մանրախնդրությամբ աչքի ընկնող քաղաքականությունը: Նույն Ղարաբաղի խնդրի լուծման համար առաջին պայմանը առողջ, երկրի իշխանություններին հարգող ու վստահող հասարակությունն է:
Դատելով ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակների հարցազրույցներից՝ Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը որոշակի պրոգրես է արձանագրել: Այն, ենթադրաբար, կհասունանա սույն թվականի ապրիլին, եւ այդ ամսին էլ, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն քաղբանտարկյալները: Քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց ազատ արձակման ձեւի մասին էլ են արդեն հոգացել՝ անել այնպես, որ ո՛չ իշխանությունների ինքնասիրությունը խոցվի, ո՛չ էլ եվրոպացիները տարակուսեն: Ըստ այդմ՝ ՀՀ ՔՕ-ի 225 եւ 300 հոդվածները փոխելու համար կաշխատի աշխատանքային խումբ, որն էլ կոչված է փնտրել եւ գտնել հարմար լուծումներ: ԵԽ ԽՎ-ում մեր երկրի պատվիրակ Արմեն Ռուստամյանն, օրինակ, գտնում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող շրջանցել իրավական համակարգով խնդիրները լուծելու ճանապարհը, հետեւաբար պետք է գտնվի ոչ ստանդարտ լուծում: Այնպիսին, որը հնարավորություն կտա դատախազին վերանայել իր մեղադրանքը:
Ցանկության դեպքում կարելի է գտնել ամիսներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու զանազան այլ եղանակներ: Սակայն ինչի՞ համար: Ինքնախաբեության այս ցուցադրությունը ո՞ր սպառողի համար է՝ ներքի՞ն, թե՞ արտաքին: Եթե մարդիկ անմեղ են, առանց հիմնավոր ապացույցների անազատության մեջ են, նախ՝ պետք է նրանց ներողամտությունը հայցելով՝ ազատ արձակել, ապա մտածել՝ ինչպես վերականգնել նրանց կորած առողջությունը, ինչպես հատուցել բարոյական այն վնասները, որ կրել են նրանք, իրենց հարազատներն ու հասարակությունն՝ առհասարակ: Եթե այդ մարդիկ մեղավոր են այնքան, որ անգամ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությանը ձայնից զրկելու սպառնալիքը չէր կարող իշխանություններին ստիպել ազատ արձակել պետության եւ հասարակության անվտանգությանը սպառնացող այդ մարդկանց, ուրեմն ինչո՞ւ փոխել ՀՀ ՔՕ 225 եւ 300 օրենքները: Ներկայացրեք ապացույցներն ու դատեք հանցագործներին օրենքի ողջ խստությամբ: Այսինքն՝ վերոնշյալ օրենքներում փոփոխություններ կատարելով՝ անազատության մեջ պահվող այդ մարդկանց ճակատագիրը ներկայացնել իբրեւ իրավական եւ միմիայն իրավական շրջանակներում լուծվող քայլ, նշանակում է` ուղղակիորեն ընդունել, որ այդ մարդիկ քաղաքական պատանդի կարգավիճակում են: Նման եզրակացության հիմք է նաեւ նրանց ազատ արձակելու ժամկետը՝ ապրիլ:
Ապրիլին, ինչպես ընդունված է, նախորդում է մարտը: Ընդդիմությունն արդեն այսօր հայտարարում է մարտի մեկին կազմակերպելիք հզոր հանրահավաքի մասին: Պարզ է, որ հանրահավաքը բազմամարդ կլինի, եւ, որ փողոց դուրս կգան ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլ բոլոր նրանք, ում հետաքրքիր է՝ ովքեր են խնամքով թաքցվող տասը մարդասպանները, ով է տվել նրանց մարդ սպանելու հրահանգ, եւ շատ այլ հարցերի պատասխաններ: Արդեն այսօր, համաձայն մամուլում հայտնված տեղեկատվության, իրավապահներն այցելում են ընդդիմության ակտիվիստների տներ եւ զգուշացնում չմասնակցել մարտի մեկի հանրահավաքին՝ խուսափելու համար հնարավոր բախումներից եւ լրացուցիչ անախորժություններից: Եվ, թերեւս, դա է պատճառը, որ ընդդիմության գործողությունները գոնե մասամբ վերահսկելի դարձնելու նկատառումներով երկրի իշխանությունները քաղբանտարկյալների համար որպես ազատության ամիս են ընտրել ապրիլը:
Սակայն մեկ տարուց ավելի մարդկանց պահել մեկուսարաններում՝ հուսալով, որ նրանց ազատ արձակելուց հետո այդ գործիչների վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ ավելի մեղմ է լինելու, որ նրանք եւ նրանց գաղափարակիցները՝ երախտագիտության արցունքներն աչքերին, փորձելու են հանդուրժել այն, ինչ մարտի մեկից հետո տեղի է ունենում մեր երկրում, այնքան էլ դիպուկ հաշվարկ չէ:
Դժգոհ եւ անհնազանդ մարդկանց համար տարվա բոլոր ամիսներն էլ հավասարաչափ նպաստավոր են ակտիվ պայքարը շարունակելու համար: