Մի քանի տարի առաջ, Կասկադի մոտ` Թամանյանի արձանի հետեւի մասում, կար մի սրճարան, որի անունը «Կակադու» էր: Օրերից մի օր «Կակադու» սրճարանի անմիջական հարեւանությամբ բացվեց մեկ ուրիշ սրճարան, որի իսկական անունը չեմ հիշում, քանի որ ժողովուրդն այդ նոր սրճարանն անմիջապես անվանեց «Ինադու»:
Այս պատմությունը ես պատահական չհիշեցի, որովհետեւ «Կակադուի ինադուն» հայ իրականության մեջ ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն: Հայերն ապրում են ոչ թե հանուն ինչ-որ նպատակի, այլ ինչ-որ մեկի «ինադու»: Կարծում եմ` այդպես է եղել միշտ: Դարեր շարունակ: Դեռ վաղ միջնադարից, երբ հայ իշխանները պայքարել են ոչ թե հանուն հզոր Հայրենիքի, այլ միմյանց «ինադու»: Այդ պատճառով էլ մենք «մի բուռ ազգ ենք» մնացել:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ձայնից չզրկվեց: Առայժմ… Սակայն մեր ընդդիմությունն ամեն գնով պայքարում էր, որպեսզի հայ խորհրդարանականներին զրկեն ձայնի իրավունքից: Ոչ այն պատճառով, որ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն սիրում իրենց պետությունը, այլ իշխանությունների «ինադու»: Իրենց հերթին, իշխանությունները քաղբանտարկյալներին բաց չեն թողնում ոչ այն պատճառով, որ գիշեր-ցերեկ երազում են, որպեսզի ԵԽ ԽՎ-ն իրենց ձայնից զրկի կամ այլ պատժամիջոցներ կիրառի: Առավել եւս, ոչ այն պատճառով, որ նրանք հանցագործներ են: Համենայնդեպս, նրանց ճնշող մեծամասնությունը: Պարզապես դա արվում է ընդդիմության «ինադու»: Բայց «ինադուների» շարանը չի ավարտվում միայն իշխանություն-ընդդիմություն հակամարտությամբ: Արդեն մի քանի տարի շարունակ իշխանական տարբեր թեւեր իրար «ինադու» գործողություններ են ծավալում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան ժամանելու օրը դաշնակցականները Սերժ Սարգսյանի «ինադու» բողոքի ցույց կազմակերպեցին Բաղրամյան պողոտայում: 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ հանրապետականները բոլորի «ինադու» 50%-ից ավելի ձայն «վերցրեցին»: «Օրինաց երկիրն» ընդհանրապես հայ ժողովրդի «ինադու» է աշխատում: Արտաշես Գեղամյանը 2003թ. Ստեփան Դեմիրճյանի «ինադու» ծախվեց: Ռուսները Սամվել Նիկոյանի «ինադու» «Չերյոմուխայի» վերաբերյալ եզրակացությունն ուղարկել են ոչ թե ԱԺ հանձնաժողով, այլ Դատախազություն, Ռաֆիկ Պետրոսյանը քննադատում է դատական համակարգը ոչ այն պատճառով, որ ինքը «թունդ» ընդդիմադիր է, այլ Դավիթ Հարությունյանի «ինադու»: Ժողովուրդը խանութներից հսկիչ-դրամարկղային կտրոն է պահանջում ոչ թե իրենց կամ պետության մասին մտածելով, այլ հարուստ բիզնեսմենների «ինադու»: Մեր «ֆիքստուլ ջահելները» կեղծ «Վերտու» բջջային հեռախոսներ եւ «Ֆրենկ Մյուլլեր» ժամացույցներ են գնում միայն իրենց ընկերների «ինադու»: Հայ ֆուտբոլասերներն ու հեռուստամեկնաբանները (Սուրեն Բաղդասարյանի ականջը կանչի) աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում այս կամ այն թիմին երկրպագում են ոչ այն պատճառով, որ նրանց դուր է գալիս այդ թիմի խաղը: Պարզապես, թուրքերի «ինադու»: Մերոնք այդպես էլ չհասկացան, որ իրենց այդ պահվածքից ոչ մեկին «ոչ սառն է, ոչ էլ տաք»: Միայն իրենք են հիմար վիճակում հայտնվում: Իսկ որքան հաճախ ենք հանդիպում հարեւան-բարեկամական «ինադուների». «հեսա էս շորս հագնեմ, բախչալու ականջօղերս գցեմ, բռլյանտի մատանիս էլ դնեմ, որ էն հարեւան Գայանեն տրաքի», կամ` «տղիս պտի ընդունել տամ իրավաբանական, ու էդ Սերոժն իմանա, որ իրա ցերեկով անցած ճամփեքը մենք գիշերով ենք անցել»: Նման արտահայտությունների, կարծում եմ, շատերն են հանդիպել իրենց առօրյայում: Ամբողջ աշխարհում Ամանորից առաջ ապրանքների գներն ընկնում են, մեզ մոտ` ժողովրդի «ինադու», բարձրանում: Հեռուստատեսությունները մեկը մյուսի «ինադու» եթերը լցնում են ավելի ու ավելի հիմար հաղորդումներով: Պատգամավորներն իրար «ինադու» մամուլում իրար վրա «ցեխ են» շպրտում, հետո ասում, որ մամուլը դեղին է: Այնինչ, իրականում դեղինն իրենք են: Բայց «ինադուի» գլուխգործոցը հայ մտավորականներն են: Այ նրանք, հանուն այդ «ինադուի» պատրաստ են ոչ միայն իրար «մեջտեղից ճղել», այլ անգամ Սողոմոն արքայի հայտնի լեգենդի օրինակով` իրենց երեխաներին «կիսել»: Միայն թե իրենց գործընկերներն իրենցից ավելի մոտ չգտնվեն իշխանավորների ճոխ սեղանների փշրանքներին: Ասվածի ապացույցը տեսնելու համար կարող եք հետեւել գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների եւ այլ նմանատիպ միություններում տեղի ունեցող գործընթացներին:
Իրականում, «ինադուի» հիմքում (գրական հայերենով` «ի հեճուկս»), ընկած է նախանձը: Ըստ միասնական քրիստոնեական եկեղեցու` նախանձը յոթ մահացու մեղքերից մեկն է: Այնպես որ, որեւէ մեկի «ինադու» գործելուց առաջ իմացեք, որ այդպիսով ավելի ու ավելի եք ընկնում մեղքերի մեջ: Ինչ խոսք, սա չի սպառնում մեր քաղաքական գործիչներին, քանզի նրանց մեղքերն այնքան շատ են, որ մի հատ ավել, մի հատ պակաս մեղքը ոչինչ չի փոխում:
Մի նախանձեք եւ ապրեք հանգիստ: