Վերջերս էկրաններին է բարձրացել «Փոփոխությունների ուղի»` «Revolutionary road» ֆիլմը, որը ոչ մի կապ չունի հեղափոխության հետ, այն պարզապես կյանքի ու փոփոխությունների անհնարին լինելու մասին է պատմում:
Ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը տարիներ առաջ ստեղծել էր «Գեղեցկություն` ամերիկյան ձեւով» ֆիլմը (որի հիմքում աղբի տոպրակի ճախրող գեղեցկությունն ու փակ շրջանից դուրս պրծնելու ցանկությունն էր) ու բազմաթիվ «Օսկարների» արժանացել, այս տարի իր հայացքն ուղղել է 1961 թվականին գրված Ռիչարդ Յեյթսի համանուն վեպի վրա: Եվ ստեղծել է շատ ծանր, շատ լուրջ ու շատ մտահոգիչ մի պատմություն այն մասին, թե ինչպես են անձնական ու ընտանեկան պատրանքները մարդուն ծուղակը գցում:
Գեղեցիկ, սպիտակ երկհարկանի տուն, գեղեցիկ ու հանգիստ փողոց Նյու Յորքի արվարձաններից մեկում, որը ճակատագրի բերումով կոչվում է՝ «Հեղափոխության»: Գեղեցիկ ընտանիքը առավոտները ձվածեղ է ուտում, հետո ամուսինը գնում է աշխատանքի, կինը ափսեներն է լվանում` աչքի պոչով նայելով կանաչ սիզամարգի վրա խաղացող երեխաներին (նրանք անպայման երկուսն են լինում` ըստ ցուցակի` աղջիկ ու տղա): Իսկ երեկոյան հյուր կգան հարեւաններն, ու երկու ընտանեկան զույգերը միասին մարտինի կխմեն կամ էլ սրճարան կգնան, կպարեն: Կամ էլ կգա հարեւանուհին ու այգու համար խոտաբույս կնվիրի: Ֆրենկին ու Էյփրիլին բոլորը նախանձում են, օրինակ են բերում ու ասում, որ նրանք արտասովոր են, քանի որ բարեկեցիկ ու երջանիկ են:
Միգուցե կար ժամանակ, երբ նրանք իրոք երջանիկ էին: Սակայն սա այն պահն է, երբ հերոսները հասկանում են, որ դժբախտ են: Եվ ոչ թե սիրում են, այլ` ատում են իրար: Ֆրենկը (Լեոնարդո դի Կապրիո) ատում է իր աշխատանքը, որը հորից է ժառանգել եւ որից ձանձրանում է, Էյփրիլը (Քեյթ Ուինսլեթ) ատում է իր չստացված դերասական հույսերն ու փոփոխությունների ձգտումը: Սա մի ֆիլմ է, որը պատմում է ընտանիքի քայքայման մասին, սակայն իրականում այն ցույց է տալիս, թե որքան մեծ է անդունդը` երջանիկ կյանքով ապրելու եւ իրոք երջանիկ լինելու մեջ: Էյփրիլը` որոշելով վերլուծել իրենց կյանքը, գտնում է, որ երիտասարդ ժամանակ իրենք ցանկություն ունեին Փարիզ գնալ ու այնտեղ նոր կյանք սկսել (նույն իրավիճակում էին Չեխովի «Երեք քույրերը», որոնք ինքնամոռաց «Դեպի Մոսկվա, Մոսկվա..» էին տենչում): Էյփրիլը կառչում է Փարիզից` որպես ընտանեկան նավակը փշրվելուց պահպանող «փրկօղակից»: Նա փոփոխությունների ձգտումով «վարակում» է ամուսնուն, եւ՛ նրան, եւ՛ ինքն իրեն համոզելով, որ ուշ չէ: Սակայն Ռեժիսոր Սեմ Մենդեսը շատ սառնասիրտ է, նա ոչ մի շանս չի տալիս իր հերոսներին` իրենց վերագտնելու համար: Արդեն ուշ է, փոխզիջումները մեծ էին, ընտանեկան դատարկությունը չի լցվի: Եվ թակարդը փակվում է:
Ֆիլմի ռիթմն անթերի է. դեպքերն ու դիալոգները ծորում են, հոսում են, իսկ ֆիլմի վերջում զգում ես, որ սա ոչ թե ընդունված կանոններով նկարահանված դրամա է, այլ` իսկական սարսափ, որը երկաթյա մատներով սեղմում է կոկորդը: Ելք չկա, Փարիզ էլ չկա, իսկ փոփոխությունների ճանապարհը ոչ մի տեղ էլ չի տանում:
Սեմ Մենդեսը թատերական ռեժիսոր է, ով իր հայրենիքում` Մեծ Բրիտանիայում, բեմադրել է Թենեսի Ուիլյամսի ու Չեխովի պիեսները, ով շատ լավ հասկանում է՝ ինչ է անհուսությունն ու կյանքի ապարդյուն մրցավազքը: Եվ Ամերիկան` իր գեղեցիկ միֆերով ու երազանքներով, նա դարձնում է բեմ, որտեղ ոչ միայն «հեփի-էնդ» չկա, այլեւ` ընդհանրապես «էնդ» չկա: Կարելի է մահանալ, բայց նույնիսկ դա ելք չէ: Իրականում նա նկարահանել է ֆիլմ այն մասին, թե որքան բարդ է ձեւացնել, որ երջանիկ ես, եթե սրտումդ դատարկություն է: Եվ եթե փորձում ես ենթարկվել կյանքի ընդունված կանոններին ու շարունակում ես «խաղալ» քո դերը, ապա անպայման կա՛մ կախվում ես, կա՛մ էլ խենթանում (ֆիլմի հերոսուհուն, օրինակ, հասկանում է միայն հոգեբուժարանում բուժվող մաթեմատիկոս Ջոնը):
«Փոփոխությունների ուղի» ֆիլմը, որտեղ հանդիպել են 10 տարի առաջ մեծ աղմուկ հանած «Տիտանիկ» ֆիլմի դերակատարները, «խաղից դուրս» է հայտարարում ամենակենսունակ կարծրատիպը` «ամերիկյան երազանքը», որը կարող է շատ անձնական երազանք լինել բոլորի համար եւ որը ռոմանտիկայի նշույլ անգամ չունի: Ինքնախաբեությունը վախենալի բան է: Այդ մասին են ակնարկում երջանիկ ու տաղանդավոր ամուսիններ Սեմ Մենդեսն ու Քեյթ Ուինսլեթը: Նրանց ստեղծած ֆիլմը «Օսկար» ստանալու մեծ շանսեր ունի: