Երկուշաբթի օրը միանգամից ութ երեխա ծննդաբերած ամերիկուհին դաստիարակում է եւս վեց փոքրիկների: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը: Կալիֆոռնիայի բնակչուհին, որի տարիքը լրագրողների համար գաղտնիք է մնում, աշխարհում դարձել է երկրորդ մայրը, որին հաջողվել է լույս աշխարհ բերել «ությակի»: Հինգշաբթի օրը լրագրողներին հաջողվել է իմանալ, որ բացի նրանցից՝ կինն ունի եւս վեց երեխա:
Նրանց տատիկը՝ Անջելա Սյուլեմանը, հայտնել է, որ դստեր համար, որը միաժամանակ պետք է 14 երեխա դաստիարակի, դա լուրջ փորձություն կլինի: Նորածինների տատիկն ասել է, որ իր աղջիկը հղիացել է արտամարմնային (էքստրակորպորալ) բեղմնավորման միջոցով: Երբ պարզվել է, որ կինը ութ երեխա է ծննդաբերելու, բժիշկներն առաջարկել են ընտրությամբ հեռացնել մի քանի սաղմ, բայց նա հրաժարվել է: