ԵԽ ԽՎ-ում գտնվող Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը երեկ ԵԽ բոլոր կառույցներին տարածել են ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի վերաբերյալ ՀԱԿ գնահատականը պարունակող հայտարարությունը: «Մեր կարծիքով` ԵԽ բանաձեւն ընդունվել է ոչ ճշգրիտ ինֆորմացիայի վրա, եւ մենք առաջարկում ենք ստեղծված իրավիճակն ուղղելու մեր ուղղություններն ու հնարավորությունները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Լ. Զուրաբյանը` հավելելով, որ իրենք այս օրերին էլ` գտնվելով Ստրասբուրգում, դեռեւս շարունակում են բազմաթիվ հանդիպումներ ունենալ ԵԽ ղեկավարների եւ քաղաքական խմբերի ղեկավարների հետ: Ըստ ՀԱԿ-ի, ԵԽ ընդունված բանաձեւը «կտրուկ նահանջ» է 2008թ. դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած նախագծից: «ՀԱԿ-ը ափսոսանք է հայտնում, որ Մոնիտորինգի հանձնաժողովում եւ Վեհաժողովում քվեարկությունը կայացավ ոչ ամբողջությամբ ճշգրիտ տեղեկատվության հիման վրա»:
Որպես Հայաստանի իշխանությունների կողմից խաբեության մեկ այլ փորձ` Հայ Ազգային կոնգրեսը ներկայացնում է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները փոփոխելու պատրաստակամության մասին հավաստիացումը. «Գրեթե անկասկած է, որ հայաստանյան իշխանություններն այս առաջարկն արել են ժամանակ շահելու եւ խնդիրը շրջանցելու որեւէ ուղի գտնելու համար»: Հայտարարության մեջ ՀԱԿ-ը նաեւ մտահոգություն է հայտնում «համազեկուցողների աշխատանքում թափանցիկության պակասի եւ ընդդիմության հետ հաղորդակցվելուց նրանց խուսափելու կապակցությամբ»: «Երեւան կատարած վերջին այցի ընթացքում համազեկուցողների` ընդդիմության հետ չհանդիպելու հետեւանքով տուժեց նրանց զեկույցի որակը, հետեւաբար` ԵԽ ԽՎ-ի վստահելիությունը»,- ասված է հայտարարության մեջ, որի հեղինակները նաեւ հույս են հայտնում, թե հետագայում իրավիճակը կշտկվի, «ինչը կպահանջի ԵԽ ԽՎ-ի համապատասխան կառույցների քաղաքական խմբերի սերտ ներգրավումը եւ տքնաջան աշխատանքը»: «Այս հայտարարության մեջ երկու կարեւոր հանգամանք կա. առաջին, որ` պետք է ավելի լավ կոմունիկացիոն կապ լինի համազեկուցողների եւ ընդդիմության միջեւ, որովհետեւ վերջին շրջանում զեկուցողների աշխատանքն այդ պայմանին չի բավարարում եւ բացարձակ միակողմանի է: Եվ երկրորդ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը չկա միջազգային հորիզոնում, եւ մարդիկ քիչ են տեղյակ կատարվող պրոցեսներից, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ստիպված են ապավինել համազեկուցողների կողմից տրվող ինֆորմացիային, որը բերում է որոշակի սուբյեկտիվիզմի, ուրեմն` պետք է ԵԽ կառույցներին ավելի ինֆորմացված պահելու հնարավորություններ որոնել»,- մեկնաբանելով հայտարարությունը` ասել է դեռեւս Ստրասբուրգում գտնվող Լ. Զուրաբյանը: