1643 բանաձեւի առաջին «արդյունքները»

30/01/2009

Երեկ Ցյուրիխի «Ռադիսոն» հյուրանոցում կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը, ըստ էության, որեւէ տեղեկություն չի պարունակում: Նշվում է միայն, որ նրանց դեմ առ դեմ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով` երկու երկրների ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Եվ այն, որ «հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները»: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ «Մեդիամաքսին» ոչինչ չասող մի քանի գնահատականներ է տվել, ինչպես, ասենք, այն, որ «հանդիպման տոնը եւ մթնոլորտը դրական էին»: Սակայն երեկվա հանդիպման վերաբերյալ որոշակի եզրակացություններ կարելի է անել միանգամայն այլ հայտարարություններից: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խանգարող հանգամանքներ չկան: Չեմ բացառում, որ հանդիպումը կայանա»,- երեկ Դավոս մեկնելուց առաջ (որտեղ Ցյուրիխից հետո մեկնելու էր նաեւ Ս. Սարգսյանը) հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա նաեւ մի սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ թեեւ հայկական սփյուռքը շարունակում է գործել Թուրքիայի դեմ, «ՀՀ ներկայիս կառավարությունը չի կիսում այդ քայլերը»: Իսկ որ թուրքական կողմի նման լավատեսությունը կարող է պայմանավորված լինել ցյուրիխյան հանդիպման հետ, վկայում է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի` կրկին երեկ արած մեկ այլ հայտարարությունը: «Եթե Թուրքիայի եւ ՀՀ-ի հարաբերություններում եղած խնդիրները լուծվեն 2009-ին, դա ինձ համար անակնկալ չի լինի»,- ասել է Բաբաջանը` հատուկ ընդգծելով, որ այս հարցում Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այնպես որ, ԵԽ ԽՎ հունվարի 27-ի «անակնկալ» որոշման դրդապատճառները կամաց-կամաց բացահայտվում են: Մնում է սպասել Իլհամ Ալիեւի լավատեսական հայտարարություններին: