ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ որպես խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելուն ուղղված կարեւոր քայլ, վերջերս շատ է շեշտում հարկային մարմինների կողմից ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների անցկացումը եւ տարեկան պարտադիր արտաքին աուդիտի իրականացումը խոշոր կազմակերպություններում:
Ռիսկերի գնահատման հիման վրա ստուգումների անցկացումը ենթադրում է, որ հարկայինը ստուգումներ անցկացնելու է միայն այն ձեռնարկություններում, որտեղ հարկեր թաքցնելու հավանականությունը մեծ կլինի: Իսկ աուդիտը վերաբերելու է 500 միլիոն եւ ավելի դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր ձեռնարկություններին: Ընդհանրապես արեւմտյան երկրներում աուդիտն առաջացավ այն ժամանակ, երբ ձեռնարկությունների սեփականատերերը եւ ձեռնարկությունների կառավարիչները առանձնացան, ինչի հետեւանքով նրանց շահերը սկսեցին չհամընկնել: Այսինքն` ձեռնարկության կառավարիչները, կոպիտ ասած, կարող էին «խաբել» կամ «քցել» սեփականատերերին` նրանց փողերը յուրացնելով, կամ, թեկուզ, ասենք՝ չհիմնավորված բարձր աշխատավարձեր սահմանելով, թանկարժեք գործուղումներով եւ այլն: Իսկ սեփականատերերը կարող են լինել տարբեր մասնագիտությունների ու զբաղվածության մարդիկ եւ չհասկանալ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը: Այս հակասությունը ավելի սրվեց բաժնետիրական ընկերությունների թվի աճով: Ուստի սեփականատերերը (բաժնետերերը) պարտադրեցին իրենց ընկերությունների կառավարիչներին պայմանագիր կնքել որեւէ անկախ աուդիտորական կազմակերպության հետ, որը, ուսումնասիրելով ֆինանսական հաշվետվությունները, կներկայացներ` դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը բոլոր էական առումներով, թե՞ ոչ: Հայաստանի պարագայում մեր խոշոր սեփականատերերը մեծ մասամբ անձամբ են զբաղվում ընկերությունների կառավարմամբ: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե, օրինակ, գործարարներ Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Վարդանյանի, Միխայիլ Բաղդասարովի, Բարսեղ Բեգլարյանի կամ, ասենք, Սամվել Ալեքսանյանի (եւ այլն) ձեռնարկությունների կառավարիչները, հաշվապահները կարող են համարձակություն ունենալ խաբել վերջիններիս: Ուստի այս առումով արտաքին աուդիտը մեզ մոտ պահանջված չէ: Սակայն մյուս կողմից՝ արտաքին աուդիտը ցույց է տալիս, թե ընկերությունում հաշվառումը համապատասխանո՞ւմ է արդյոք գործող օրենսդրությանը: Այսինքն` սրանով ընկերությունների գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ, այդ թվում՝ նաեւ հարկային մարմինների համար: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը վստահ է, որ ամեն տարի խոշոր կազմակերպություններում աուդիտի իրականացումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը: «Դեկտեմբերի 26-ի օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ 500 միլիոն եւ ավելի դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունները ոչ միայն միջազգային ստանդարտներով հաշվապահական հաշվառում են վարելու, այլեւ պարտադրված են լինելու ամեն տարի ֆինանսական հաշվետվությունները աուդիտի ենթարկել: Եվ դա որքան հրապարակային լինի, որքան թափանցիկ լինի, այնքան լավ: Սա ստիպելու է, որ նրանք ստվերից դուրս գան: Ես չեմ ասում, թե այս առումով բոլոր խնդիրները կլուծվեն, բայց օրենսդրությամբ նման պահանջի ամրագրումն այդ ուղղությամբ արվող շատ կարեւոր քայլ է»: Որ պարտադիր արտաքին աուդիտի անցկացումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, վստահ է նաեւ տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Անցումային փուլում գտնվող երկրներին բնորոշ է ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, եւ կարծում եմ՝ կառավարության այս նախաձեռնությունը, որ արդեն օրենքի տեսք է ստացել, օրենքի նորմ է դարձել, գործիքներից մեկն է: Իհարկե, միայն դրանով չի կարելի ասել, որ ստվերը կկրճատվի, բայց դա շատ կարեւոր նշանակություն ունի նախ եւ առաջ վստահության մթնոլորտի ձեւավորման համար»: Իսկ, օրինակ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը չցանկացավ գնահատական տալ խոշոր ընկերություններում պարտադիր աուդիտի անցկացման պահանջը օրենսդրությամբ ամրագրելուն: «Այն, ինչ որ հայտարարվում է կառավարության կողմից իբրեւ ստվերի դեմ պայքար, մենք տեսնում ենք, որ ի վերջո տուժում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է աուդիտի անցկացմանը, ապա չեմ ցանկանում այս պահին գնահատականներ տալ, որովհետեւ նպատակները կարող են տարբեր լինել: Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ իրենց իրական նպատակը ոչ թե ստվերային տնտեսության դեմ պայքարն է, այլ սեփականության վերաբաշխումը: Արտաքին աուդիտը լրացուցիչ վերահսկողության լծակ է, որի արդյունավետությունը ժամանակը ցույց կտա»,- նշեց Ա. Թեւանյանը: Հնարավո՞ր է, որ աուդիտ իրականացնողները համաձայնության գան պատվիրատուի հետ: «Կարծում եմ՝ երբեք չի կարելի բացառել այդ ռիսկը: Գործ ունենք ոչ թե մեքենաների, այլ մարդկանց հետ: Բայց, այնուամենայնիվ, հեղինակություն վայելող աուդիտորական ընկերությունները այդ պարագայում անհամատեղելի կորուստ կունենան` ի դեմս իրենց վարկանիշի անկման: Դրա համար պետք է նաեւ ուշադրություն դարձնել, թե ինչ աուդիտորական ընկերություններ են աուդիտը իրականացնում»,- պատասխանեց Թ. Մանասերյանը: Իսկ ըստ Ա. Չիլինգարյանի` ցանկացած տեսակի «համաձայնություն» բացառելու, աուդիտորների անկախությունը, անաչառությունը, օբյեկտիվությունը ապահովելու համար նույնպես կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում: «Վարչապետի որոշմամբ դեկտեմբերին ստեղծվեց մի միջգերատեսչական աշխատանքային խումբ` հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բարեփոխումների խումբ, որի մեջ մասնավոր սեկտորից ներգրավված են նույնիսկ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ: Նրանց օգնությամբ իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որ բացառվի աուդիտորների կողմից համապատասխան վարքագծի կանոնների ցանկացած խախտում»,- նշեց Ա. Չիլինգարյանը: Այս ուղղությամբ, ըստ նրա, աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանի Հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հետ: Ա. Չիլինգարյանը նաեւ շեշտեց, որ շատ հնարավոր է՝ Փաստաբանների պալատի նման մի պալատ էլ ստեղծվի աուդիտորների համար: «Աստված տա` ստացվի մի այնպիսի լավ կառույց, ինչպիսին մեծ-մեծ քայլերով առաջ գնացող փաստաբանների պալատն է»,- եզրափակեց Ա. Չիլինգարյանը: