Լիանան ներփակվել է մենության պատյանի մեջ ու որբության բարդույթից` մարդկանց հետ չի շփվում: Վախենում է… Մի օր արթնացել ու հասկացել է, որ մայրն իրեն լքել է: Լիանան կատարվածից այնքան շփոթված է ու անակնկալի եկած, որ խոսելիս ձեռքերը դողում են, ու մարմինն ակամայից ճոճվում է: 14-ամյա այս աղջիկը չի կարողանում հավատալ, որ այլեւս որբ է: Ասում է՝ «Ես եղբայր էլ ունեմ՝ Արմենը: Վարձով էինք ապրում Գնունի փողոցում, իսկ մաման Գորիսում մատուցողուհի էր աշխատում: Վարձը չկարողացավ տալ, տանտերը դուրս հանեց մեզ: Մաման ինձ ու Արմենին բերեց ընկերուհու՝ Անժելայի տուն, խնդրեց, որ երկու օր մնանք այստեղ: Ասեց՝ թող մնան, ես գնամ վարձով տուն ճարեմ»: Հետո Լիանայի դողդողացող ձայնը վերածվում է ծանր լռության, որովհետեւ մոր խոստացած երկու օրից անցել է ուղիղ յոթ ամիս: Մայրն անհետացել է՝ երկու երեխաներին թողնելով ընկերուհու խնամքին, որն այլեւս չի կարող հանդուրժել ուրիշի երեխաների խնամակալության հոգսը: Անժելան ասում է՝ «Ախր ես չորս անչափահաս երեխա ունեմ, որոնց համար օրվա հաց հազիվ եմ հայթայթում: Ես չեմ կարող երկու երեխա էլ պահեմ: Էդքան սպասել ենք, որ կվերադառնա, բայց արդեն հույս չկա: Սկսում եմ համոզվել, որ լքել ա երեխեքին: Ինքը ինձ խնդրեց, որ երկու օր մնան ինձ մոտ` մինչեւ տուն ճարի, բայց… Հես ա մի տարին կլրանա…»: Լիանան գլուխն իջեցնում է ծնկների վրա ու կծկվում հանրակացարանի նեղլիկ սենյակի անկյունում: Չի համակերպվում այն մտքի հետ, որ Անժելան իրեն ու եղբորը հանձնելու է «օրենքին»: Հարցնում եմ՝ «Իսկ հա՞յրդ»: Լիանան կմկմում է՝ «Պապաս, դե՛, ախր պապաս… Ես պապայիս չեմ տեսել, որովհետեւ ինքը մահացել ա իմ ծնվելուց մի օր առաջ: Ինքը մահացել ա, հաջորդ օրը ես ծնվել եմ»: Պատմում է, որ 6-րդ դասարանից դպրոցը թողել է, որովհետեւ փաստաթղթեր են պահանջել, իսկ մայրը փաստաթուղթ չի ներկայացրել: Լիանան եւ Արմենը վարձակալած բնակարանում օրերով, ամիսներով միայնակ են ապրել, քանի որ Գորիսում մատուցողուհի աշխատող մայրը երեխաներին հաճախակի չի այցելել. ամիսը մեկ անգամ: Ասում է՝ «Երազում էի ուսում ստանալ, լավ մարդ դառնալ, բայց հիմա էդ բաների մասին մտածելու ժամանակ չունեմ: Հիմա մենակ երազում եմ, որ մամաս հետ գա, չլքի մեզ: Վախենում եմ մենակ մնալուց: Ախր ո՞նց պիտի ապրենք, որտե՞ղ պիտի մեզ տանեն: Ես չեմ դիմանա էդ վախերին, ամբողջ օրն էդ եմ մտածում: Ես ու ախպերս անտեր մնացինք…»: Լիանան կուչ է գալիս անկյունում ու աղաչող հայացքով նայում Անժելային՝ խնդրելով, որ իրենց մանկատուն չուղարկի: 11-ամյա Արմենն Անժելայի սենյակում միայն գիշերում է, որովհետեւ առավոտյան դուրս է գալիս եւ վերադառնում է ուշ գիշերը: Ասում է՝ «Գնում եմ մամային ման գալու»: Թե որտե՞ղ է Արմենը մորը ման գալիս` ոչ ոք չգիտի: Ձմռան ցրտին Արմենն օրվա մեծ մասը փողոցներում է անցկացնում: «Չգիտենք, թե ուր ա գնում»,- ասում է Լիանան՝ վստահեցնելով, որ եղբայրը չի ցանկանում տեսնել իրականությունը եւ համակերպվել այն մտքի հետ, որ մայրն իրենց լքել է: Անփող, անշոր, քաղցի պայմաններում գոյատեւող տղան համառորեն շրջում է քաղաքի փողոցներով մեկ՝ ինքն իրեն խաբելով, թե մորը ետ է բերելու: Լիանային հարցնում եմ՝ «Կարո՞ղ է մայրդ Գորիսում է»: «Չէ՛,- ասում է: -Զանգել, ճշտել ենք. հաստատ էնտեղ չի: Բայց չի թողի, չէ՞, մեզ, որբ չենք մնա, չէ՞…»: Լիանան կմկմալով հարցերի տարափ է տեղում: Ոչ ոք չի արձագանքում: Մենակության վախը Լիանայի ու Արմենի մոտ «շոկ» է առաջացրել: Անժելան ասում է՝ «Ես ստիպված պիտի հանձնեմ իրանց պետությանը: Թող տանեն հատուկ դպրոց, մեղք են էս երեխեքը: Սպասելուց խելագարվում են: Մինչեւ ամսի 30-ը կսպասեմ ու կհանձնեմ օրենքին»: Լիանայի մայրը՝ Գոհարը, 37 տարեկան է, սակայն փաստաթղթեր չունի: Անժելան ասում է, որ նույնիսկ իրավապահ մարմինների միջամտությանը դիմելիս՝ փաստաթղթերի բացակայության պատճառով Գոհարին գտնելը դժվար կլինի:
Անժելայի սենյակը գտնվում է Շենգավիթ համայնքի նախկին ավտոդողերի գործարանի հանրակացարանում: 3-4քմ մակերեսով սենյակն անտանելի է: Պատերից կախված մանկական թաց հագուստի սուր գարշահոտին այլեւս ընտելացել են, իսկ մաքուր օդը ճոխություն է փոքրիկ էլեկտրական սալիկի ջերմությամբ գոյատեւող այս երեխաների համար: Լիանան թաքնվել է պատից կախված մանկական թաց հագուստի ետեւում: Ուզում է իրեն չտեսնեն, մոռացության տան իր գոյությունը: Դանդաղ սողոսկում է սենյակի մի անկյունից մյուսն ու գալարվելով այնպես է կծկվում, որ ոչ մեկին չխանգարի: Սենյակում երկու կոտրատված, անոտ բազմոց կա: Փորձում եմ գլխի ընկնել, թե Անժելան՝ իր չորս երեխաների, եւ Լիանան՝ իր եղբոր հետ որտե՞ղ են քնում: Արմենն ու Լիանան հավանաբար գետնին են քնում, որտեղ անգամ քայլելու տեղ չկա: Սարսափելի պայմաններ են` անմարդկային ու անապահով: Այնքան ծանր է իրավիճակը, որ նույնիսկ չեմ էլ կարողանում Անժելային, որը չորս անչափահաս երեխաներ ունի, հարցնել` իսկ երեխաները, այդ թվում` Լիանան ու Արմենը, ինչո՞վ են սնվում…