Եվրոպան միայն Եվրամիությունը չէ

03/07/2005

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հունիսի 22-ին հարցազրույց է
տվել ֆրանսիական «Le Figaro» պարբերականին։ Պատասխանելով եվրոպական
ճգնաժամին վերաբերող հարցին, նա ասել է. «Ես համոզված եմ, որ ժամանակի
ընթացքում ամեն ինչ կհանդարտվի, ու եվրոպական նախագիծը մի քիչ շունչ
առնելուց հետո կներկայանա նորովի։ Ես խորապես համոզված եմ, որ Եվրոպան չի
սահմանափակվում միայն Եվրամիությունով։ Հիմա Ուկրաինան ապագայի հավակնոտ
ծրագրեր ունի, եւ ես չեմ պատրաստվում ավելորդ անգամ ձեզ ապացուցել, որ
ուկրաինացիները նույնպես եվրոպացի են։ Աշխարհագրորեն Ուկրաինան գտնվում է
Եվրոպայի կենտրոնում։ Եվ ոչ ոք իրավունք չունի այս կամ այն երկրին
կամայականորեն բացառելու եվրոպական տիրույթից»։
Յուշչենկոն գտնում է, որ համաեվրոպական քաղաքականության մշակման գործում
ԵՄ նոր անդամ երկրների մասնակցությունը տարիների ընթացքում կաճի։ «Առանց
այդ երկրների՝ շատ բան այլ կլիներ»,- ասում է Ուկրաինայի նախագահը։
«Տեսնո՞ւմ եք Ռուսաստանին համաեվրոպական տանիքի տակ» հարցին Յուշչենկոն
պատասխանում է, որ, ի վերջո, Ռուսաստանն էլ է միանալու միավորված
Եվրոպային։ «Համաշխարհային առեւտրի մոտ 55%-ը կատարվում է եվրոպական
համընդհանուր շուկայի շրջանակում։ Դա ահռելի թիվ է։ Ռուսաստանին մնում է
ընդունել նույն կանոնները եւ խոսել քաղաքականության նույն լեզվով։ Այդ
բանին կարելի է հասնել երկխոսության միջոցով։ Պետք չէ Ռուսաստանին թշնամի
համարել»։
«Le Figaro»-ի թղթակիցը նկատում է, որ, օրինակ, Ֆրանսիայում նոր երկրների
նկատմամբ անվստահություն կա եւ դա բացատրում է ԱՄՆ-ի եւ այլ կառույցների
հետ նրանց կապերով։ Փաստորեն, նրանք փողն ուզում են Եվրոպայից, իսկ
մյուսների հետ խաղում իրենց խաղերը։ Այս նկատառմանն ի պատասխան,
Յուշչենկոն ասում է. «Քանի դեռ ԵՄ-ում չի լինի միասնություն, քանի դեռ
սահմաններ կդրվեն հին ու նոր եվրոպաների միջեւ, այլընտրական ծրագրերը
կշարունակեն գոյություն ունենալ։ Մենք պետք է կառուցենք ընդհանուր տուն՝
բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ պաշտպանության, ունենալով միասնական
քաղաքականություն։ Բայց քանի դեռ այսօր տարբեր երկրներ գտնվում են
ինտեգրման տարբեր փուլերում, պետք է խրախուսել զուգահեռ կառույցների
զարգացումը»։
Վիկտոր Յուշչենկոյի կարծիքով՝ Եվրոպայի արձագանքը ուկրաինական
«նարնջագույն» հեղափոխությանը մեծապես պայմանավորված էր նոր անդամների,
հատկապես՝ Լիտվայի եւ Լեհաստանի, ունեցած ազդեցությամբ։ «Պետք է
անկեղծորեն խոստովանեմ, որ մենք նման բան չէինք սպասում։ Մենք մտածում
էինք, որ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն սովորության համաձայն կգտնվեն շատ թույլ՝ ջանալով
չգնալ ռիսկի։ Եվրոպայի արձագանքն աննախադեպ օրինակ էր, թե ինչ կարող է
անել նման դեպքերում Եվրոպական Միությունը»։

Տ.Պ.