Դերասան Սերգեյ Դանիելյանն այս խոսքերն ասում է ամենայն լրջությամբ։ Առնետներն ընդհանրապես երբեք չեն անում այն, ինչը չեն կարող, իսկ այն, ինչ անում են` միշտ անում են լավ։ Եվ հիմա հենց այդ համբերատար ու աշխատունակ կրծողներին կարելի է համարել փոփոխությունների խորհրդանիշը, քանի որ ո՛չ հպարտ կեցվածք ունեցող առյուծները, ո՛չ էլ բարձունքում սավառնող արծիվները չեն կարող արտացոլել մեր հայաստանյան իրականությունը, այնպես, ինչպես դա անում են փոքր ու անսանձ առնետները։ Մի խոսքով, մեր հույսն առնետներն են։
Իսկ Սերգեյ (Յոժ) Դանիելյանը, ում առանց չափազանցության կարելի է «մարդ-բեմ» անվանել, քանի որ շատ բազմադիմակ ու մեծ ներուժի տեր դերասան է, պատրաստվում է ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ նոր բեմադրություն անել։ «Շարքային Դանիելյանը» բանակային հուշերի վրա հիմնված մենաներկայացում կլինի եւ «Սերյոժիկ» ներկայացման տրամաբանական շարունակությունը կդառնա։ «Սերյոժիկը» շատ հետաքրքիր փորձ է՝ մանկության խիստ անձնական հուշերը գեղեցիկ ու «համով» ցուցադրելու համար։ Եվ քանի որ Ս.Դանիելյանը ինքն է գրում իր բեմադրությունների սցենարները եւ ինքն էլ միաժամանակ մի քանի դերեր է կատարում, նա կարողանում է այնպիսի բեմական տարածք ստեղծել, որտեղ կատակը (նրա մշտական ուղեկիցը) չի բացառում ցավն ու դրաման։ Եվ եթե նույնիսկ ոմանք նրա մտքերի հետ համաձայն չեն, Ս.Դանիելյանին հաստատ արժե լսել, քանի որ նա այն եզակի դերասաններից է, ով կարող է աշխատել ու աշխատում է՝ վստահ լինելով, որ թատրոնում կարելի է ամեն ինչ էլ անել։ «Կարելի է անել եւ՛ կլասիկա, եւ՛ էրոտիկա, եւ՛պուբլիցիստիկա։ Ինչ ուզում ես՝ արա, միայն պրոֆեսիոնալ արա»,- ասում է նա։
– Բոլորն են տեսնում, որ Հայաստանում հիմա թատերական պրոցես չկա ու տարբեր հսկա թատրոնների ղեկավարներին փոխելով՝ վիճակը չես ուղղի։
– Պրոցես ու խմորում չկա ոչ մի ոլորտում։ Նույն պատկերն է գիտության, սպորտի, թատրոնի ոլորտում։ Միշտ էլ լինում են անհատներ, որոնք պետք է պրոցես ստեղծեն։ Ես այն մարդը չեմ, որը կարող է մարդկանց իր շուրջը հավաքել, նման հավակնություն չունեմ։ Իսկ թատրոնի տկարությունը գալիս է դպրոցի բացակայությունից։ Ընդ որում, դերասանական դպրոց մենք երբեք չենք էլ ունեցել ու դեռ երկար ժամանակ չենք ունենալու։ 2 կամ 3 լավ դերասաններ ունենալը դեռ թատրոն չէ, 2 լավ դասախոսներ ունենալը` դեռ լավ ինստիտուտ չէ, իսկ 2 լավ երաժիշտները դեռ նվագախումբ չեն։ Եթե, օրինակ, դիտարկենք աշխարհի տարբեր լավ թատրոնների աշխատանքը, կտեսնենք, որ թատրոնի միջին վիճակագրական աշխատակիցներն ամուր պրոֆեսիոնալներ են։ Եվ նրանցից յուրաքանչյուրի հետ հենց վաղը կարելի է ցանկացած բեմադրություն անել։ Հանճարեղ բեմադրություն անելու համար հանճարեղ դերասաններ ու ռեժիսորներ են պետք, բայց լավ թատրոն ունենալու համար պրոֆեսիոնալներ են պետք։ Դպրոց ունենալու համար պետք է հրավիրել մասնագետների, որոնք կարող են դպրոց ստեղծել։ Մենք նման մասնագետներ չունենք, իսկ մեր Թատերական ինստիտուտը միայն վնասակար է ուսանողների համար։ Պետք է ընտրել լավերին ու այստեղ-այնտեղ սովորելու ուղարկել։ Մի քանի սերունդ կրթելով ու մարդկանց «սրսկելով», որ մենք կարող ենք լավ թատրոն ունենալ, միգուցե կարելի է ինչ-որ բան փոխել։ Մեկ էլ տեսար` մի բան ստացվեց։ Ընդհանրապես թատրոնի թեմայի շուրջ մտահոգվել պետք չէ, դա նույնն է, եթե որոշենք Հայաստանում նավատորմ ստեղծել։ Թատրոն չկա, մենք էլ թատերասեր չենք։
– 20 տարի առաջ ավելի՞ լավ էր, քան հիմա։
– Երբեք այդպես չեմ մտածել։ Հիմա, իհարկե, լավ չէ, բայց ես երբեք չեմ հասկացել իմ սերնդի «երկու մանեթանոց» երշիկի հանդեպ ունեցած նոստալգիան։ Կարծում եմ` միայն ճղճիմ մարդիկ են ուզում անցյալի «ուժեղ ձեռքի» վերադարձը տեսնել։ Ընդ որում՝ ոչ ոք չգիտի` ո՞ր ձեռքն էր ավելի ուժեղ եղել՝ ա՞ջը, թե՞ ձախը։ Եվ ինչի՞ շնորհիվ է այդ ձեռքը ուժ ստացել։
– Արվեստի շատ գործիչներ դժգոհ են, որ հասարակությունն անտարբեր է դարձել։
– Մենք միշտ էլ անտարբեր ենք եղել։ Հիշենք Կոմիտասին։ Այդ մարդը ոչ թե Եղեռնից է գժվել, այլ՝ հայերի անտարբերությունից։ Նրան նույնիսկ վարձով դաշնամուր չէին տալիս, որպեսզի նվագեր։ Յուրաքանչյուր մարդուն հունից հանում է տոտալ «էշությունը», դա է կործանիչ։ Բայց մեզ մոտ միշտ էլ այդպես է եղել. մարդը արժեք չի ունեցել։
– Խոսենք սերիալներից։ Երբ դրանք սկսեցին նկարահանվել, թվում էր, որ շատ լավ է, դերասանները իրենց մասնագիտությամբ փող վաստակելու, իսկ հանդիսատեսը՝ ինքն իրեն տեսնելու հնարավորություն ստացան։ Բայց հիմա հակառակ պատկերն է։
– Սերիալները պրոցես չեն, սերիալները բիզնես են։
– Եվ դեպի ո՞ւր կտանեն մեզ սերիալները։ Թվում էր, որ անորակը «կմաղվի», լավը կմնա։ Բայց «մաքրման» պրոցես տեղի չի ունենում։
– Հիշո՞ւմ ես, կար ժամանակ, երբ ամեն քայլափոխի դեղատներ էին բացվում։ Հետո էլ՝ բենզալցակայաններ։ Եվ դրանք մեզ ոչ մի տեղ էլ չտարան, մաղվեցին, դեղատների 90%-ը փակվեցին, բենզալցակայանների մեծ մասը քաղաքից դուրս տեղափոխեցին։ Նույնն էլ սերիալների հետ տեղի կունենա, շատերը կփակվեն, կմնան միայն մի քանիսը։ Դա շատ առողջ, նորմալ ընթացք է։ Սերիալներին լուրջ վերաբերվել պետք չէ, ինչպեսեւ՝ մոդային։ Իհարկե, ես հույս ունեմ, որ մեր սերիալը կմնա, քանի որ դա իմ «հացն» է։
– Սերիալում նկարահանվելը, փողից բացի, քեզ բավարարվածության զգացում տալի՞ս է։
– Ինձ՝ այո, որովհետեւ ինձ դուր է գալիս այն դերը, որը ես սարքել եմ։ Ես ինձ «հարմարավետ» եմ զգում պարսկահայ տատիկի դերում։ Եվ ընդհանրապես սերիալներում ոչ մի արտառոց բան չի կատարվում։
– Արտառոց բան կատարվում է սերիալային լեզվի հետ։
– Մենք մինչեւ հիմա բեմական լեզու չունենք եւ չենք ունեցել, եւ գրական ու դրամատուրգիական լեզու չենք մշակել։ Գրական լեզուն ու ժարգոնը իրարից անկախ են եղել։ Եվ հիմա, երբ ժարգոնը, կեղտը էկրան է լցվել` բոլորս զարմացել ենք։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ այն բոլոր պիեսները, որոնք «կլոր-կլոր» հայերենով են գրված ու բեմ են բարձրանում` երբեք ոչ ոք չի նայում։ Մարդիկ գնում են, նայում են Վարդան Պետրոսյանի, Հրանտ Թոխատյանի կամ իմ ներկայացումները, որովհետեւ այնտեղ «կլոր-կլոր» լեզու չկա, այլ՝ կա այն սլենգը, որը մարդիկ հասկանում են։ Վերջիվերջո, որքա՞ն կարելի է գրաբարով աղոթել բեմում։ Նման ներկայացումները հանդիսատեսին վանում են, քանի որ կեղծ են։
– Սերիալում դու խաղում ես նաեւ ինտելիգենտ ջութակահարի դերը, որը շատ գրագետ է խոսում ու այդ պատճառով էլ ծիծաղելի է։ Դա նորմա՞լ է։
– Իմ հերոսը ծիծաղելի չէ, ծիծաղելի է գրագետ խոսող գողականը։
– Գողը չի՞ կարող կրթված լինել։
– Կարող է, բայց նա արդեն գողերի պրեզիդենտը պիտի լինի (ծիծաղում է.- Ն.Հ.)։
– Այդ ամենը հասկանալով, չի ստացվում զզվանքից խուսափել, քանի որ չես հասկանում՝ ինչո՞ւ են ասում` «մաշընա», երբ հանգիստ բառ կա՝ «մեքենա»։
– Թույլ տուր վերլուծել քո զզվանքի պատճառը։ Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ փողոցից մարդիկ են գալիս ու սերիալում խաղում են։ Երբ ես եմ խաղում գողական, մարդիկ հասկանում են, որ ես Յոժն եմ ու այսօր գողական եմ խաղում։ Այսինքն, ինչպես էլ որ խաղամ, միեւնույն է, ես գողական չեմ դառնա, ու հանդիսատեսը դա ի սկզբանե գիտի։ Ես հասկանում եմ, որ իմ դերերն իմ դերասանական աշխատանքն են, որը տարբեր կերպ է արտահայտվում։ Այսօր գող եմ, վաղը՝ տատիկ, իսկ հաջորդ օրը՝ ինչ ուզես՝ կդառնամ, նույնիսկ՝ փիղ։ Իսկ մեր սերիալների վատն այն է, որ երբ փիղ է հարկավոր լինում, հեղինակները հենց փիղ էլ բերում են։ Այսինքն՝ «քուչից» բռնում են մարդ, որը կյանքում էլ է «ապե»-ներով խոսում։ Եվ նա էկրանին սկսում է ինքն իրեն խաղալ։ Դա է հանդիսատեսի մոտ զզվանք առաջացնում։ Նրանք դերասանական խաղ չեն տեսնում, այլ՝ ընդամենը փողոցային կեղտ են տեսնում։ Կյանքի բերումով՝ ուր էլ որ ընկնում եմ, աշխատում եմ իմ գործը բարեխիղճ անել։ Ես, օրինակ, գիտեմ, որ կատակերգակ դերասան եմ, ինձնից ուզել են կատակ` ես կատակ եմ տվել։ Հո Համլետ չէի՞ խաղա։ Պատկերացնո՞ւմ ես, ինչպիսի Համլետ կլինեի իմ ծուռ ու մազոտ ոտքերով։
– Բայց ափսոսանք կա, որ լավ դերասանները լավ դերեր չեն ունենում ու կամաց-կամաց մանրանում ու կորչում են՝ առանց «Համլետ» խաղալու։
– Իսկ դու չե՞ս ափսոսում, երբ տեսնում ես, որ կորչում են լավ ակադեմիկոսը, լավ գիտնականը, լավ բժիշկը, որոնք կարող էին հազար անգամ ավելի մեծ օգուտ տալ երկրին, քան դերասանը։ Շատերը հարբեցող են դառնում կամ հեռանում են այստեղից։ Ես այդ մարդկանց ավելի եմ ափսոսում, քան դերասաններին։ Մենք հիմա ոչ թե դերասանների, այլ՝ լավ տնտեսագետների, նորմալ քաղաքական գործիչների ու ազնիվ բժիշկների կարիք ունենք։ Եթե կաթսայի մեջ ջուր ես լցնում, որպեսզի այն եռա, ապա տեսնում ես, որ ջուրը չի կարող միայն մեկ հատվածում եռալ, այլ՝ ընդհանուր կաթսան է եռում, քանի որ դա ամբողջական պրոցես է։ Իսկ հիմա մեզ մոտ ընդհանուր կեղտ է, ու բնական է, որ ամեն ինչն է վատ։ Չի կարող երկրում լավ արվեստ ու թատրոն լինել, եթե գիտությունը «զրոյի» վրա է, ու հանրապետության արտադրանքն էլ է «զրո»։ Հիմա մենք միայն կոնֆետ ու գարեջուր ենք արտադրում։
– Հայաստանն ավելի շուտ Ասիա՞ է, թե՞ Եվրոպա։
– Մենք դրանց խաչմերուկում ենք։
– Իսկ ի՞նչն է մեր մեջ եվրոպական։
– Անգլերեն տառերով գրված ցուցանակները։ Քայլում ես քաղաքով ու տեսնում ես՝ «Number one», «Time out», «Square one», «Seven»։ Երեւի դա է Եվրոպան։ Ես անգլերեն ֆակուլտետ եմ ավարտել, բայց մեկ-մեկ ինքս եմ դժվարանում կարդալ այդ ամենը, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են գրել։ Երեւի իրենց թվացել է, որ Եվրոպային այդպես է պետք մերձենալ, որ եթե անգլերեն գրեն, եվրոպացիները կգան ու կասեն՝ այ, հենց սա է եվրոպական մակարդակը, մտնենք այս խանութներն ու առեւտուր անենք։ Իսկ այն պետական գործիչներն ու նախարարները, որոնք ամբողջ օրը խոսում են սերիալների մասին, լավ կլինի իրենց քաղաքի մասին մտածեն։ Հիմա քայլում ես քաղաքով, ու սիրտդ խառնում է, ուզում ես հետ տալ։ Եթե փողոցներում ոչ մի հայերեն տառ անգամ չկա, որտեղի՞ց պետք է գրագետ սերիալ ծնվի։ Ինչպե՞ս պետք է կրթված ու խոսքի կուլտուրա ունեցող սերունդ ծնվի, եթե հիմա ոչ մի գրագետ թարգմանություն չկա։ Եվ այն մարդը, որը կարդալ է ուզում, կարդում է ռուսերեն։ Կամ էլ տեսնում է, որ «Քաբաբ»-ից կամ «Խաշ»-ից բացի՝ իրենց երկրում ոչ մի հայերեն ցուցանակ ու հայկական բան չկա։ Պետք չէ ինքներս մեզ խաբենք. եկեք ընդունենք, որ Հայաստանը ընդամենը մեծ քաբաբնոց է, ոչ ավելին։
– Միգուցե որոշ ղեկավար այրեր Հայաստանը հենց այդպիսին էլ պատկերացնո՞ւմ են: Բայց այդպես չպիտի լինի, եւ համոզված եմ, որ դու էլ դա լավ հասկանում ես։
– Ինձ համար մի քանի կարեւոր մարդիկ կան, որոնց հետ ես շփվում եմ եւ ում հետ ինձ հարմարավետ եմ զգում։ Իսկ մնացածը անհասկանալի ու պղտոր դաշտ է, որի մեջ աշխատում եմ հնարավորինս քիչ գտնվել։ Եվ մեծ հաշվով այդ դաշտն ինձ չի հետաքրքրում։
– Ինչպես ասում էր Ստանիսլավսկին՝ չեմ հավատում։
– Իհարկե, այն, ինչ կատարվում է իմ շուրջն, ինձ մտահոգում է, բայց ես աշխատում եմ սրտիս մոտ չընդունել, թե չէ՝ «կխփնվեմ», արդեն 50 տարեկանին մոտեցող մարդ եմ, ու նյարդերս կարգին չեն։ Ես Թումանյան ինձ չեմ զգում ու չեմ մտածում, որ ինչ-որ բան փոխելու առաքելություն ունեմ։ Ինձ հետաքրքրում է իմ հանդիսատեսը, ես կուզեի, որ նա ավելի կիրթ, պահանջկոտ, զարգացած ու ճաշակով լիներ։ Ես պարզապես իմ գործն եմ անում ու փորձում եմ այն լավ անել։ Եվ եթե իմ դերերից մանկաբույժը կամ դասախոսը կարող են ազդվել ու իրենց գործը լավ անել, ապա ես միայն երջանիկ կլինեմ։ Ես դերասան եմ, եւ ուրիշ բան անել չեմ կարող։ Ես դերասանությամբ եմ փող աշխատում։ Այլ բան անել չեմ կարող։ Բացի այդ, ես հասկացա, որ մեր՝ կոյուղի հիշեցնող քաղաքում, մեծ հավակնություններ ունենալ պետք չէ։ Ես թքած ունեմ, թե ի՞նչ են իմ մասին մտածում փողոցում կանաչի ծախող տղան կամ էլ թաղի հեղինակությունը, որոնք ինձ տեսնելով՝ սկսում են հռհռալ ու ասել՝ արա, դե սենց բաներ ա… Ես վախենում եմ միայն, որ նրանց կեղտը հանկարծ կարող է ինձ կպնել։
– Ցավալի՞ է։
– Ցավալի է։
– Դու շատ հայտնի դարձար սերիալի շնորհիվ։ Դա օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
– Օգնում է, երբ իմ մեքենան կանգնեցնում են ճանապարհային ոստիկանները։
Բայց քանի որ ես օրենքները չեմ խախտում, ինձ առանձնապես պետք չէ ճանաչելի լինել, դա միայն խանգարում է։ Մեր ժողովուրդը դերասանի հանդեպ ակնածանք ու հարգանք չունի։ Մեզ մոտ դերասանը միշտ եղել է երկրորդ սորտի մարդ։ Ասում ենք, որ Ներսիսյանի ու Փափազյանի հանդեպ այլ վերաբերմունք է եղել, ես դա ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել եմ։ Գիտեմ` ինչպես է այսօր։ Այսօր դերասանը յուրաքանչյուր պատահական մարդն է, որը երեւում է կադրում։ Սերիալները դրան հանգեցրեցին։ Ես էլ ժողովրդի համար պատահական մարդ եմ, որին կարելի է մոտենալ, ուսին կամ «քամակին» խփել, ասել` «Պրիվետ, ախպերս», ու հրավիրել մի բաժակ բան խմելու։
Ես չէի ուզենա այնքան հանրային դառնալ, որ ինձ ճանաչեին, ձեռք տային ու խմելու հրավիրեին։ Եվ աշխատում եմ հասարակական վայրերում շատ չերեւալ, սա այն դեպքը չէ, որտեղ պետք է «զվյոզդ» խաղալ։
– Լինում են իրավիճակներ, երբ «վերեւները չեն կարող», իսկ «ներքեւները չեն ուզում», այսինքն՝ հեղափոխություն է հասունանում։ Թատրոնում կարելի՞ է որեւէ բան փոխել՝ պնդելով (ինչպես Մշակույթի նախարարն է անում), որ ամեն բան լավ է, թե՞ պետք է իրոք ամեն բան ջնջել ու նորից սկսել։
– Հեղափոխությունը կարող են անել միայն ներքեւները՝ երիտասարդները։ Պետք է փոքր թատրոններ բացել։ Թատրոնում առհասարակ լավ բան ստեղծվել է փոքր բեմերում։ Իսկ հետո այդ լավ բանը մեծ բեմ է տեղափոխվել ու… այլասերվել է։ Աշխարհում ոչ մի թատերական էքսպերիմենտ մեծ բեմերի վրա չի դիմացել, եւ որքան շատ են լինում փոքր բեմերը, այնքան առողջ է դառնում թատրոնը։ Ժամանակին ես էլ էի հեղափոխական։ Երբ մենք հավաքվում էինք Մազի (Արմեն Մազմանյանի.- Ն.Հ.) թատրոնում` ոչ թատրոն կար, ոչ էլ խումբ։ Բայց արեցինք մի շարք ներկայացումներ, ինքներս մեզնով կրթվեցինք, փորձեցինք, սովորեցինք։ Հիմա մյուսների հերթն է։
– Բայց երիտասարդները հիմա կոնֆորմիստ են։
– Իհարկե։ Շատերը երազում են Սունդուկյանի կամ Համազգային թատրոն գնալ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարելի է 10 հոգով հավաքվել որեւէ մի նկուղում ու ներկայացում ստեղծել։ Սուտ է, որ այդ հնարավորությունը չկա, կարելի է նույնիսկ կտուրներում հավաքվել… Եթե, իհարկե, բողոք ու ասելու բան ունեն։ Իսկ եթե բողոք չկա, ապա որքան էլ դերասանը շնորհալի լինի, նա՝ պետական թատրոն մտնելով` անպայման ձուլվելու է ու «կլոր-կլոր» է դառնալու։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ 20 տարի անց էլ միակ ավանգարդ դերասանը ես եմ մնում (ծիծաղում է.- Ն.Հ.)։ Եվ իմ հետույքի մեջ դրված շարժիչը դեռ աշխատում է, իսկ երիտասարդ դերասանները թամբալ պառավներ են, որոնք չգիտեն՝ ի՞նչ պիտի անեն։ Հասկանում եմ, որ հիմա «հացի խնդիր» կա, բայց այդ խնդիրը միշտ ու ամենուր է եղել։ Նույն խնդիրն ուներ նաեւ Եժի Գրոտովսկին, բայց նա թատրոն էր ստեղծում։ Պետք է ալտերնատիվ ստուդիաներ լինեն, որպեսզի բողոքականներ ու բախումներ լինեն։ Հիշենք, ինչպես էր կիսվում ՄԽԱՏ-ը, ստուդիաները սկսում էին իրար դեմ աշխատել, երիտասարդներն ասում էին՝ դուք հին եք, ճանապարհ բացեք։ Հիմա, օրինակ, ինձ պիտի մոտենային երիտասարդներն ու ասեին՝ դու ո՞վ ես, որ մինչեւ հիմա խաղում ես, մենք ենք իսկական դերասանները, արի մեր ներկայացումները նայիր։ Ես էլ պիտի գնայի ու դժգոհեի՝ ասելով, որ իրենք թատրոնից ոչինչ չեն հասկանում, որ դեռ լակոտներ են… Բայց հիմա նման բան չկա, ընդհանրապես ոչինչ չկա։ «Անդերգրաունդ» էլ չկա, քանի որ «գրաունդ», այսինքն՝ հիմք չկա։ Այս մեր ունեցած «էշ» թատրոնի հողը փորել չի ստացվի։
– Շատ լավ էլ կստացվի, լավ «թատրոնափորներ» են պետք։
– Է՜ թող փորեն։ Այդ փորողներից մեկն էլ ես եմ։ Ի վերջո, որքան կարողացել՝ փորել եմ ու որոշ քարեր տեղից շարժել եմ։ Կարելի է ասել, որ ես թատերական առնետ եմ, որը տարիներ շարունակ նույն բանն է անում. կրծում է թատրոնն ու ինքնակրթվում։ Նաեւ կիլոգրամներով ալյուր է պաշարում, որպեսզի կարողանա դիմանալ ֆինանսական ճգնաժամին։
– Իսկապե՞ս։
– Այո, նաեւ Թատերական գործիչների միությունից որպես օգնություն ստացված լոբին է տուն բերում…
– Իսկ ինչո՞ւ են բոլոր դերասանները պաթետիկ խոսում ու գոռում բեմում։
– Դա անում են անճարությունից։ Եթե այդ դերասանները ժամանակին փորձեին Ստանիսլավսկուն ընկալել, այլ՝ ոչ թե նրա մեթոդն իրենց համար, ասենք, պարտիական տոմս դարձնեին, կհասկանային, որ դերասանը սկսում է գոռալ այն պահին, երբ հասկանում է, որ այլեւս ոչինչ չունի անելու։ Կյանքում էլ է այդպես. մարդը սկսում է գոռալ, երբ ուզում է, որ իրեն լավ լսեն։ Բայց իրականում նրան ոչ ոք չի լսում, որովհետեւ լսելի դառնալու համար պետք է ցածր խոսել։ Հենց կիսաձայն ասված խոսքն էլ կարող է մարդ «սպանել»։