Համաշխարհային տնտեսությանը սպառնում է ստագնացիան
Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է վերանայել իր կանխատեսումները՝ համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը 2009-ի համար իջեցնելով մինչեւ 0.5%։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՀ-ի մասնագետների գնահատմամբ, զարգացած արդյունաբերական երկրներում կարձանագրվի ավելի խորը անկում, քան սպասվում էր։
2008-ի հոկտեմբերին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ այս տարի համաշխարհային արդյունաբերությունը կաճի 2.2 տոկոսով։ Մասնագետները գտնում էին, որ զարգացող երկրներում աճի տեմպը կդանդաղի, սակայն կշարունակի աճել՝ որոշ չափով փոխհատուցելով զարգացած երկրների անկումը։ Սակայն բանկային ոլորտի՝ անվերջանալի թվացող ճգնաժամը վերջ դրեց նման հույսերին։ Չինաստանի եւ մյուս երկրների տնտեսական աճը զգալիորեն կդանդաղի՝ առաջատար ներմուծողների (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի) կողմից պահանջարկի նվազման պատճառով։ Սրա հետ կապված՝ ԱՄՀ-ն մտադիր է լրջորեն վերանայել իր կանխատեսումները եւ համաշխարհային տնտեսական աճի սպասվող տեմպը հասցնել 0.5%-ի։ Այլ կերպ ասած, ԱՄՀ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության լճացում։
Եվս 51 միլիոն գործազուրկնե՞ր
Այս տխուր կանխատեսման հեղինակն Աշխատանքի միջազգային կազմակերպությունն է (ԱՄԿ), որի մասնագետների գնահատմամբ՝ այս տարի երկրագնդի վրա գործազրկության մակարդակը կհասնի 7.1%-ի։ 2008-ին համաշխարհային գործազրկության մակարդակը կազմել է 6%, իսկ 2007-ին՝ 5.7%։ ԱՄԿ-ի մասնագետները դիտարկել են իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ, որոնցից ամենալավատեսականի դեպքում անգամ աշխատանքը կորցնելու վտանգը սպառնում է 18 միլիոն մարդու։ Իսկ ամենաիրատեսական սցենարը կանխատեսում է 30 միլիոն աշխատատեղերի կրճատում։ Այդ դեպքում համաշխարհային գործազրկության մակարդակը կկազմի 6.1%։ Այսինքն՝ կանխատեսումներն արդեն իսկ իրականանում են։ Շինարարական եւ հանքարդյունահանման ոլորտի սարքավորումներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Caterpillar» ընկերությունն այս շաբաթ աշխատանքից ազատել է 20 հազար մարդու։ 7 հազար աշխատատեղ կրճատել է «Homr Depot»-ը։ Լայնամասշտաբ կրճատումների մասին արդեն հայտարարել են «ING»-ը եւ «Phillips»-ը։
ԱՄԿ-ի մասնագետների կարծիքով, եթե տնտեսական անկումը շարունակվի, ինչպես կանխատեսում են շատ փորձագետներ, ապա մարդկությունը կկանգնի զբաղվածության համաշխարհային ճգնաժամի անխուսափելի վտանգի առջեւ։ Ընդ որում, ամենաշատը կտուժեն զարգացող երկրները։ Այս կանխատեսումն էլ, ի դեպ, ցավոք արդեն իրականություն է նաեւ Հայաստանում։ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը 3 օր առաջ հայտարարել է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ հանրապետությունում տարեվերջի դրությամբ արձանագրվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Այս իրավիճակն առավել արտահայտված է Լոռու եւ Սյունիքի մարզերում՝ կապված հանքարդյունաբերության ծավալների նվազման հետ: Ս. Հարությունյանը նշել է, որ հունվարի 20-ի դրությամբ հանրապետությունում կրճատվել է 414 անձ, 1603-ը ստացել է աշխատանքից ազատվելու նախազգուշացում, 1069-ն ազատվել են սեփական դիմումի կամ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Ալավերդու «Արմենիան քոփր փրոգրամ» ընկերությունում կրճատվել է 84 մարդ, «ԱրմենՏելում»` 82, Երեւանի գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնում` 180: Աշխատողների 10 տոկոսից ավելին կրճատելու դեպքում ծառայությանը տեղյակ պահելու պահանջի համաձայն՝ հունվարին «Լայքըս» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 20-ից հետո նախատեսվում է կրճատել 213 աշխատակցի: Ընդ որում` նրանք հիմնականում բարձրագույն կրթությամբ տղամարդիկ են: Այս կրճատումները եւ նախորդ տարիների դինամիկան հաշվի առնելով՝ Ս.Հարությունյանը նշել է, որ եւ՛ աշխատանք փնտրողների, եւ՛ նպաստառուների ու գործազուրկների թիվը փետրվար-մարտին կավելանա: Ավելացնենք, որ խոսքը վերաբերում էր միայն պաշտոնապես գրանցված գործազուրկներին։
Ճգնաժամի ողբերգական հետեւանքները
ԱՄՆ Ուիլմինգթոն նահանգի մի բնակիչ սպանել է կնոջը, հինգ երեխաներին, այնուհետեւ` իրեն: Հետմահու նամակում նա գրել է, որ ամուսիններով որոշել էին սպանել երեխաներին այն բանից հետո, երբ ազատվել են աշխատանքից: Լյուպո ամուսինները նման քայլի են դիմել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում աշխատանքը կորցնելուց հետո: Նրանց համաձայնեցված գործողությունների մասին վկայությունն է ընտանիքի հոր` Էռվին Լյուպոյի թողած նամակը: «Kaiser Permanente» բժշկական կենտրոնի ղեկավարությունը, որտեղ աշխատել են ամուսինները, դեռ որեւէ պարզաբանում չի տվել: Նամակում ամուսինները նշել են, որ բժշկական կենտրոնի ղեկավարությունը շատ կոպիտ կերպով նրանց ազատել է աշխատանքից: Ֆինանսական ճգնաժամը ողբերգական հետեւանք է ունեցել նաեւ հնդկական Մումբաիում: Այստեղ հունվարի 21-ին Փարաջ Թանա անունով սնանկացած մի բրոքեր բարձով խեղդել է իր 34-ամյա հղի կնոջը, այնուհետեւ կախվել է: Դա Հնդկաստանում կատարված արդեն 4-րդ ինքնասպանությունն է վերջին տասը օրվա ընթացքում, ընդ որում, դրանք բոլորն էլ կապված են եղել տնտեսական ճգնաժամի հետ: Իրավիճակն այնքան ողբերգական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի, թե աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով որքան մարդկային զոհ է գրանցվել։
Իսպանիան էլ «հանձնվեց»
Իսպանիայի տնտեսությունը 1993 թվականից ի վեր առաջին անգամ հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Այդ մասին են վկայում Իսպանիայի Կենտրոնական բանկի տվյալները, որոնց համաձայն՝ 2008թ. վերջին եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 1.1%-ով։ Գործազրկությունը կազմել է 13.9%, որը ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիության անդամ երկրների թվում։ Նշենք նաեւ, որ Իսպանիայի տնտեսությունը մեծապես կախված է շինարարության ոլորտից՝ ինչպես Հայաստանում։
«Հակաճգնաժամային» համաժողով Դավոսում
Շվեյցարական Դավոս քաղաքում երեկ բացվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 1-ը: Այս տարի տարեկան նստաշրջանը բացել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Համաժողովին մասնակցում են 43 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ 96 պետությունների իշխանական կառույցների, բիզնես-էլիտայի եւ հասարակական կազմակերպությունների ավելի քան 2,5 հազար ներկայացուցիչներ, տարբեր դավանանքների կրոնական ղեկավարներ, ԶԼՄ-ների 200-ից ավելի ղեկավարներ եւ անվանի գիտնականներ: ՀՏՀ-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը հայտարարել է, որ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը ամենակարեւորներից մեկը կդառնա ՀՏՀ-ի 40-ամյա պատմության մեջ:
«Քաղաքական ղեկավարների, գործարար շրջանների ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ անձանց աննախադեպ լայն մասնակցությունը խոսում է այն մասին, որ մեր ամենամյա նստաշրջանի ընթացքում հանգուցային խաղորդները կկարողանան քննարկել ինչպես աննախադեպ մասշտաբների ճգնաժամը, այնպես էլ աշխարհի այն պատկերը, որ մենք ցանկանում ենք տեսնել, երբ այդ ճգնաժամը կավարտվի»,- ասել է Շվաբը։ Համաժողովը կքննարկի համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցերը, ինչպես նաեւ՝ կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրները: Համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
5 մլրդ եվրո՝ Airbus-ի պատվիրատուներին
Ֆրանսիան պատրաստ է 5 միլիարդ եվրո տրամադրել բանկերին՝ Airbus ինքնաթիռների պատվիրատուներին վարկեր տալու համար։ Բանն այն է, որ ինքնաթիռների վաճառքի ծավալները տնտեսական ճգնաժամի պատճառով նվազում են: Անցյալ շաբաթ երկրի Ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի բանկերը պարտավորություն են ստանձնել տրամադրել 7 միլիարդ եվրո՝ Ֆրանսիայի ձեռնարկությունների արտահանական պարտավորագրերի ֆինանսավորման համար: Այս միջոցները պետք է բանկերին տրամադրվեն 10,5 միլիարդ եվրոյի չափով պետական փոխառության շրջանակներում, որի մասին հայտարարվել է ավելի վաղ: Բանկերը փողը կստանան Տնտեսության ֆինանսավորման ընկերության (SFEF) միջոցով, որը ստեղծվել է ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարելու համար: Ըստ ֆրանսիական «Echos» հրատարակչության, 7 միլիարդից 5-ը նախատեսված կլինի Airbus-ի եւ վերջինիս գլխամասային ձեռնարկության՝ EADS-ի սպասարկյալների համար, որպեսզի նրանք կարողանան վճարել իրենց պատվերները: Airbus-ի նախագահ Թոմաս Էնդերսը հայտարարել է, որ ճգնաժամի պատճառով ընկերության ինքնաթիռների պատվերները 2009 թվականին կարող են 2008 թվականի համեմատությամբ նվազել 60 տոկոսով:
Ինքնաթիռները մեծ մասամբ գնվում են ապառիկ, քանի որ միջնամայրուղային ինքնաթիռի միջին գինը կազմում է շուրջ 60 միլիոն եվրո, իսկ հեռամայրուղայինինը՝ 200 միլիոն եվրո: Ինքնաթիռների գնումների շուրջ 40 տոկոսը ֆինանսավորվում է բանկերի կողմից: