Տոմազո Լանդոլֆի «Գոգոլի կինը»

30/01/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

…Եվ ահա հիմա, երբ ես վերջապես պատրաստվել եմ հայտնելու Նիկոլայ Վասիլեւիչի կնոջ առեղծվածային պատմությունը, ինձ ալեկոծում են տարակուսանքները: Իրավունք ունե՞մ ես, արդյոք, բանալու այն, որ մինչ օրս ոչ մեկին հայտնի չէ, ինչը հենց իմ անմոռանալի ընկերը խստագույնս գաղտնի էր պահում (դրա համար նա հիմնավոր պատճառներ ուներ) եւ ինչը, մշտանշուշտ, ստահոտ եւ տխմարաբար կմեկնաբանվի: Չասած արդեն այն մասին, որ իմ խոստովանանքները, մեկ էլ տեսար, մինչեւ հոգու խորքը կվիրավորեն պնդաճակատ, փքունատես բարեպաշտներին, եւ միաժամանակ` ի՞նչ իմանաս` իսկապես մաքուր եւ ճշմարտացի անհատականություններին եւս, եթե դրանք որեւէ տեղ դեռեւս հանդիպում են: Այսպիսով, իրավունք ունե՞մ ես, արդյոք, հրապարակելու իրադարձություններ եւ փաստեր, որոնք գիտակցությանս մեջ չեն տեղավորվում, քանզի ես ինքս երբեմն հանգում եմ դրանց անթաքույց դատապարտմանը: Այսպես թե այնպես, կենսագրի պարտքը ճշգրտություն է պարտադրում: Եվ այդու, վճռելով, որ ուզածդ տեղեկություն այդչափ երեւելի մարդու մասին կարող է հույժ օգտակար լինել մեզ, ինչպես նաեւ ապագա սերունդների համար, կխուսափեմ փութանակի հետեւություններից եւ չեմ թաքցնի մանրամասները, որոնց վիճակված է ողջամտորեն հասկացվելու սոսկ ժամանակ անց: Որովհետեւ կհամարձակվե՞նք մենք արդյոք դատավճիռ կայացնել: Մի՞թե մեզ տրված է իմանալ, թե ինչ խորագույն նպատակների համար, հանուն ինչ համընդհանուր եւ բարձրագույն օգտի երեւելի անձինք գործում են արարքներ, որոնք մեզ երբեմն անվայել են թվում: Ավելորդ է ասել` մենք անվերջորեն հեռու ենք ընտրյալների ճշմարիտ ըմբռնումից: «Ճիշտ է,- բարբառեց մի անգամ մեծն այրը, – ես էլ եմ գնում փոքր պետքիս համար, բայց դրա պատճառն ամենեւին ուրիշ է»:

Այսպիսով, ահա թե ինչ է ինձ ստուգապես հայտնի այդ վիճելի հարցի մասին: Համարձակվում եմ հուսալ, որ այսուհետ այն կդադարի այդպիսին լինելուց: Չեմ տրվի ընդհանուր դատողությունների, քանզի գոգոլյան ուսումնասիրությունների այժմյան վիճակում դրա կարիքը դույզն-ինչ չկա:

Ասեմ, առանց երկարացնելու, որ Նիկոլայ Վասիլեւիչի կինն, ըստ էության, կին չէր, ինչպես նաեւ մարդկային էակ էլ չէր, եւ ընդհանրապես կենդանի էակ չէր` կենդանի կամ բույս (չնայած ոմանք դա էլ էին ակնարկում): Այն պարզապես տիկնիկ էր: Այո, այո, տիկնիկ: Դրանով է բացատրվում բացարձակ շվարմունքը, իսկ առանձին դեպքերում՝ եւ հեղինակի որոշ կենսագիրների, ինչպես նաեւ` մտերիմ մարդկանց վրդովմունքը: Հազվադեպ չէ, որ նրանք սույն մեծ այրի տունն այցելելիս գանգատվում էին, որ ոչ մի անգամ չեն տեսել նրա կնոջը, ավելին` «նրա ձայնն իսկ չեն լսել»: Եվ ծայր տվեցին այստեղից չես հասկանա ինչ մթին, անմիտ կամ էլ ամենեւին նողկալի կռահումներ: Աստված սիրեք, պարոններ, ամեն բան շատ ավելի պարզ է, քան դուք պատկերացնում եք` դուք չեք լսել նրա ձայնը լոկ այն պատճառով, որ նա չէր կարող խոսել: Ավելի ճիշտ, չէր կարող, մենք կտեսնենք քիչ անց, հայտնի իրավիճակներում, բացառությամբ մեն-միակի, երբ դեմ առ դեմ Նիկոլայ Վասիլեւիչի հետ էր: Թողնենք, ուրեմն, պարապ վեճերը եւ դիմենք նշյալ երեւույթի կամ առարկայի հնարավորինս ճշգրիտ եւ լրիվ նկարագրությանը:

Այսպես կոչված, Գոգոլի կինը մարմնագույն հաստ ռեզինից սովորական տիկնիկ էր (կամ, ինչպես ասում են նաեւ, մարդու մաշկի գույնի) եւ մերկ էր մնում տարվա ուզածդ եղանակին: Կանացի մաշկը բազմերանգ է լինում, այդ պատճառով ճշտեմ` նրա մաշկը բավական բաց գույնի էր եւ ողորկ, ինչպիսին հանդիպում է որոշ թխահեր կանանց մոտ: Հարկ չկա հավելելու, որ նա (այսինքն` տիկնիկը) պատկանում էր կանանց սեռին: Պետք է մեկեն վերապահություն անել, որ տիկնիկը չափազանց փոփոխական էր իր արտաքին հատկանիշներում: Սակայն ոչ այնքան, որպեսզի սեռն էլ փոխի: Նա կարող էր հանկարծ ներկայանալ նիհար, վտիտակուրծք եւ նեղազդր, ավելի նման նրբին պարմանու, քան` կնոջ: Իսկ երբեմն դառնում էր անչափորեն փարթամ, եթե չասենք՝ պարարտ: Նաեւ փոխում էր մազերի գույնը գլխի եւ մարմնի վրա` մեկ միասնաբար, մեկ` զատ-զատ: Կամ ինչ-որ մանրուքներ` օրինակ` խալերի դասավորությունը, լորձաթաղանթի ցայտունությունը եւ այլն: Ակամա հարց է ծագում` թե ինչպիսին էր նա իսկապես, եւ տեղի՞ն է արդյոք խոսել նրա մասին, որպես միասնական էության: Սակայն այս առնչությամբ տարաբնույթ ենթադրություններ անելը, ինչպես մենք հետագայում կհամոզվենք` հույժ անզգույշ կլիներ:

Բոլոր այդ կերպարանափոխությունները, ինչպես ընթերցողը երեւի թե արդեն կռահել է, տեղի էին ունենում բացառապես Նիկոլայ Վասիլեւիչի ցանկությամբ: Նա փչում էր տիկնիկը, կամ ընդհակառակը, նրա միջից օդը բաց էր թողնում, փոխում էր կեղծամն ու այլ բուսականությունը, այլազան քսուքներով փայլեցնում եւ շրթներկով նախշում էր, ստանալով մոտավորապես կնոջ այն տիպը, որը տվյալ պահին ամենից շատ էր համապատասխանում իրեն: Պատահում էր, որ հետեւելով իր երեւակայության դժվարիմաց գալարներին, նա տալիս էր նրան այլանդակ, զավեշտական ձեւեր: Չափից ավելի փչված, տիկնիկը ձեւախեղվում էր, եթե ողջ օրը կենում էր այդ տեսքով: Գոգոլը բավական շուտ էր հոգնում այդ կարգի փորձերից, որոնք խորքում գտնում էր «սակավ հարգալից» կնոջ հանդեպ, քանզի յուրովի (մեզ համար անիմանալի կերպով) սիրում էր նրան: Հարց է ծագում. այդ մարմնավորումներից ո՞րն էր նա սիրում: Ավաղ, ինչպես եւ ես նախազգուշացնում էի, մեր որոնումը գեթ մոտավոր պատասխան է տալիս այդ հարցին: Չէ՞ որ ես ինքս քիչ առաջ եզրակացրի, որ Նիկոլայ Վասիլեւիչն իր հայեցողությամբ էր տնօրինում այդ կնոջը: Որոշակի իմաստով, թերեւս, այդպես էլ կար, սակայն հարկ է նկատել, որ շատ շուտով ճորտից նա փոխակերպվեց նրա տիրակալուհուն: Ահա այդժամ էլ գրողի ոտքերի տակ լայն բացվեց գեհենի վիհը: Սակայն, ամեն ինչի մասին՝ ըստ կարգի:Ավելի վաղ ես ասացի, որ հայտնի ջանքերից հետո Գոգոլը ստանում էր մոտավորապես կնոջ այն տիպը, ինչը որ այդ պահին բավարարում էր իրեն: Եթե իր ստեղծած ձեւն անսպասելիորեն ձեռք էր բերում տենչալի թովչանքը, Նիկոլայ Վասիլեւիչը սկսում էր նրա հանդեպ «բացառիկ» (ըստ իր խոսքերի) հակում զգալ: Եվ այդ ժամանակ որոշ ընթացք նրա տեսքը չէր փոխում` այնքան, մինչեւ որ սիրային պոռթկումը չէր փոխարինվում հղփացածությամբ եւ զզվանքով: Այդօրինակ անսանձ կիրքը, կամ, այլ կերպ ասած, սիրային տենդը տիրել էր մեծ գրողին ընդամենը երեք-չորս անգամ, իր ողջ, եթե կարելի է այդպես ասել, ամուսնական կյանքի ընթացքում: Փութամ հաղորդել, որ մի տարի անց այն իրադարձությունից, ինչը կարելի է կոչել ամուսնություն, Գոգոլը կնոջ համար անուն հորինեց, կոչելով նրան Կարակաս` այդպես է, եթե չեմ սխալվում, կոչվում Վենեսուելայի մայրաքաղաքը: Այդչափ հանելուկային ընտրության շարժառիթները ինձ համար մնացին չբացահայտված: Ինչ արած, այդպիսին են վսեմ ուղեղների քմահաճությունները:

Ոչ շատ ուժգին փչված Կարակասն իսկական գեղեցկուհի էր, համաչափ եւ ներդաշն կազմվածքով: Ինչպես արդեն հիշատակվել է, հարկ եղած տեղերում նա ուներ սեռական պատկանելության բոլոր հատկանիշները: Առանձին ուշադրության են արժանի նրա որդեծնության օրգանները (եթե, իհարկե, նմանատիպ բնորոշումը տեղին է մեր դեպքում): Մի հիշարժան երեկո, որի մասին հետո կպատմեմ, Գոգոլն ինձ հնարավորություն ընձեռեց քննելու: Դրանք կազմավորված էին պաճուճավոր ռեզինե ծալքերից եւ մտածված էին ամենայն մանրամասնությամբ, իսկ բազմապիսի հնարամիտ հարմարանքները եւ օդի ճնշումը ներսից բավական հեշտացնում էին նրա օգտագործումն ըստ նպատակի:

Կարակասը կմախք ուներ, չնայած բավականին պարզունակ, որը սարքված էր հավանաբար կետոսկրից: Առանձնահատուկ ջանադրությամբ էին պատրաստված կրծքավանդակը, կոնքը եւ գանգատուփը: Կողոսկրերն ու կոնքոսկրերը, ինչպես որ հարկն է, երեւում էին կախված ներմաշկային յուղային շերտավորումից (այդպես կոչենք այն): Ի մեծ ափսոսանք ինձ, Գոգոլը չկամեցավ տալ այդ անզուգական ստեղծագործության հեղինակի անունը, դրա հետ մեկտեղ դրսեւորելով տարօրինակ եւ միանգամայն անբացատրելի համառություն:

Նիկոլայ Վասիլեւիչը փչում էր կնոջը սեփական շինվածքի ոտքի պոմպի օգնությամբ: Այդպիսի պոմպեր այսօր կհանդիպես ուզածդ ավտովերանորոգման արհեստանոցում: Փչումը կատարվում էր հետանցքի միջով, որտեղ տեղադրված էր մի փոքրիկ փական (այդպես է, ըստ իս, դա կոչվում տեխնիկական լեզվով), սրտափականի հանգույն: Փականի միջով օդը ներմղվում էր, բայց չէր կարող դուրս գալ: Որպեսզի օդը դուրս գա, հարկ էր լինում պտտել պտուտակը, որը գտնվում էր տիկնիկի բերանում` կոկորդի խորքում: Եվ այդուհանդերձ… Սակայն չկանխագուշակենք իրադարձությունները:

Սրանով կարելի էր ավարտել այդ էակի ուշագրավությունների նկարագրությունը: Ի հավելումն կհիշատակեմ լոկ Կարակասի բերանիկը զարդարող զարմանահրաշ ձյունաճերմակ ատամների եւ շագանակագույն աչքերի մասին, որոնք հմտորեն կենդանացնում էին նրա դեմքը, չնայած մշտական անշարժությանը: Բայց, Աստված իմ, ինչ դժգույն է ասված` կենդանացնում էին: Եվ ընդհանրապես, այն ամենը, ինչ ասվել է Կարակասի մասին, բավականաչափ արտահայտիչ չի հնչում: Կարելի էր փոխել նույնիսկ նրա աչքերի գույնը, բայց դա երկարատեւ ու անդուր արարողություն էր, այդ պատճառով Գոգոլը հազվադեպ էր դիմում դրան:

Եվ, վերջապես, տիկնիկի ձայնի մասին: Ինձ մեկ անգամ է վիճակվել լսել այն: Բայց, որպեսզի պատմեմ դրա մասին, պետք է դիմեմ Գոգոլի եւ նրա կնոջ հարաբերությունների էությանը, իսկ այդտեղ արդեն անհնար է ինչ-որ կարգ ու կանոն պահպանել: Եվ լիիրավ պատասխանատվությամբ ամեն ինչի համար պատասխան տալ ես չեմ կարող: Ըստ խղճմտանքի չեմ կարող: Այդչափ այդ ամենն ինքնին` խճճված է, իսկ իմ գիտակցության մեջ` միահյուսված եւ խճճված է: Ահա ձեզ որոշ բավական անջատ-անջատ հուշեր:

Երբ ես առաջին եւ վերջին անգամ լսեցի Կարակասի ձայնը, մենք նստած էինք Նիկոլայ Վասիլեւիչի հետ, առանձնացած սենյակում, ուր ապրում էր (եթե նման բայը այստեղ ընդհանրապես տեղին է) այդ կինը: Նրա սենյակը, որ թաքնված էր կողմնակի աչքերից եւ առանց որեւէ պատուհանի, կահավորված էր արեւելյան ոճով: Գտնվում էր այն տան ամենահեռավոր եւ մեկուսի մասում: Ես գիտեի, որ տիկնիկը խոսել գիտի, բայց Գոգոլը երբեք չէր ճշտում, թե հատկապես որ իրավիճակներում է նա խոսում: Այսպիսով, մենք նստած էինք երկուսով, կամ, եթե կկամենաք, երեքով: Մի բաժակ օղու շուրջ մենք Նիկոլայ Վասիլեւիչի հետ քննարկում էինք Բուտկովի վեպը: Հիշում եմ, թեմայից մի քիչ շեղվելով՝ Գոգոլը սկսեց ապացուցել ժառանգականության իրավունքի արմատական վերանայման անհրաժեշտությունը: Տիկնիկի մասին մենք բոլորովին մոռացել էինք, երբ հանկարծ նա առանց որեւէ պատճառի խռպոտ, խուլ ձայնով արտաբերեց` «Ուզում եմ ա՜հ-ա՜հ»: Ես ցնցվեցի, եւ որոշելով, թե սխալ եմ լսել, նայեցի Կարակասին: Նա բազմել էր բարձակույտի վրա, հենվելով պատին: Այդ երեկո նա նրբին, պերճամարմին գեղեցկուհի, խարտյաշ կին էր: Դեմքը նրա թվաց ինձ միաժամանակ չար եւ խորամանկ, փոքր-ինչ մանկական եւ ծաղրաբարո: Գոգոլը խիստ կարմրեց, նետվեց դեպի նա եւ երկու մատը դրեց բերանը: Տիկնիկը հետզհետե փափկեց, նույնիսկ, կարծես թե, դժգունեց` դեմքի արտահայտությունը դարձավ սովորականի պես զարմացած եւ շվարած: Շուտով նա վերածվեց անպաճույճ հիմնակմախքից կախված թորշոմած ռեզինե թաղանթի: Ողնաշարը (երեւի թե օգտագործման հարմարության համար) զարմանալիորեն ճկուն էր. այն համարյա թե երկու մասի բաժանվեց, սահեց հատակին, եւ այդպես էլ ողջ երեկո մնաց փռված, դիտելով մեզ իր նվաստացած վիճակից: «Դա նա զվարճանքի համար արեց, կամ գուցե` չարախնդությունից,- մռայլ նկատեց Գոգոլը,- սույն կարիքով նա չի տառապում»: Օտարների ներկայությամբ նա նրա հանդեպ ծայրահեղ արհամարհանք էր ցուցաբերում:

Մենք մի-մի ըմպանակ էլ խմեցինք եւ շարունակեցինք զրույցը: Նիկոլայ Վասիլեւիչը ակնհայտորեն հուզված էր եւ ինչ-որ իր մտքերի մեջ էր ընկել: Հանկարծ նա խոսքը կիսատ թողեց, բռնեց ձեռքս եւ հեկեկաց: «Իսկ հիմա ինչ,- գոչեց նա,- հասկացիր, Ֆոմա Պասկալիչ, հասկացիր, ես սիրում էի նրան»: Պետք է խոստովանել, որ Կարակասի ամեն մի կերպարանքը եթե բացառիկ էլ չէր, ապա` անկրկնելի էր: Ամեն անգամ դա արվեստի ստեղծագործություն էր: Վերացված Կարակասի վաղեմի համաչափություններն ու բոլորակությունները վերականգնելու յուրաքանչյուր փորձ նախօրոք անհաջողության էր մատնված: Այլ կերպ ասած, այն թմբլիկ խարտյաշին Գոգոլը անվերադարձ կորցրեց:

Այդպես տրտմորեն ավարտվեց Գոգոլի սրտակից ոչ բազմաթիվ կապվածություններից մեկը, որոնց մասին ինձ ինչ-որ բան հայտնի է: Նա ոչինչ չբացատրեց, չկամեցավ սփոփանքի խոսքեր լսել, եւ շուտով ես հրաժեշտ տվեցի: Սակայն քիչ առաջվա տեսարանը թույլ տվեց, որ նա հոգին բացի: Այդ ժամանակվանից նա ինձ հետ ավելի անկեղծ եղավ, իսկ այնուհետեւ, ըստ երեւույթին, ընդհանրապես այլեւս գաղտնիքներ չուներ… ինչով, ես, ճիշտն ասած, անչափ հպարտ եմ:

Ամենասկզբում այդ «զույգի» ընտանեկան կյանքը կարծես թե գլուխ էր գալիս: Նիկոլայ Վասիլեւիչը լիովին գոհ էր Կարակասից եւ կանոնավորապես քնում էր նրա հետ միեւնույն անկողնում, ինչն, ի դեպ, շարունակվում էր մինչեւ վերջ: Ամոթխած ժպտալով, Գոգոլը խոստովանեց, որ ինքը երբեք ավելի հանգիստ եւ չձանձրացնող ընկերուհի չի ունեցել: Չնայած շատ շուտով ես կասկածեցի նրա խոսքերի ճշմարտացիությանը: Ինձ գլխավորապես տագնապեցնում էր Գոգոլի հոգեվիճակը, որում ես գտնում էի նրան երբեմն լուսադեմին: Իսկ մի քանի տարի անց ամուսինների հարաբերություններն անբացատրելի կերպով խճճվեցին:

Հիշեցնեմ, որպեսզի այլեւս դրան չվերադառնամ, որ այս գրառումները գեթ միայն կատարվածը մեկնաբանելու անկատար փորձ է: Կարակասը, ոնց որ թե հայտնի անկախության հասնելու հավակնություն ուներ, եթե ոչ` լիակատար ինքնուրույնության: Նիկոլայ Վասիլեւիչին տանջում էր տարօրինակ մի զգացողություն, թե իբր տիկնիկի մեջ հայտնվել էր սեփական, անորսալի «ես»: Նա դադարում էր ամուսնու մասը լինելուց եւ ասես ճողոպրում էր նրանից: Ի հավելումն դրա, այս կամ այն կերպարանքի մեջ երկար մնալը տիկնիկի համար զուր չէր անցնում, բոլոր ճարպագնդերում եւ վտիտներում, բոլոր վարդամարմին, ճերմակամաշկ կամ ոսկեշող Կարակասներում մշտապես ինչ-որ ընդհանուր բան կար: Այդպիսի բազմազանության հետեւանքների մասին ես արդեն հայտնել եմ իմ կասկածները. իսկ արդյո՞ք իրավազոր է դիտարկել Կարակասին որպես միասնական էակ: Մեր ամեն մի հանդիպման ժամանակ ես չէի կարողանում ազատվել այն տպավորությունից, որքան էլ անհավանական թվար դա, որ, ըստ էության, իմ առջեւ միեւնույն կինն էր: Հավանաբար, նմանատիպ զգացումներն էլ ստիպել էին Գոգոլին՝ տիկնիկին անուն տալ:

Չեմ ստանձնում որոշել, թե ինչն էր այն ընդհանուր հատկանիշը, որն ի մի էր բերում տիկնիկի տարբեր կերպարանքները: Հնարավոր է, նրանում դրսեւորվում էր Նիկոլայ Վասիլեւիչի ստեղծագործական ոգին: Եթե այդպես է, ապա վճռականապես անհասկանալի է, թե ինչու էր նրա ոգին ինքն իր հետ այդչափ զատված եւ ինքն իրեն թշնամի: Այսպես թե այնպես, ով էլ լիներ Կարակասը, նրա ներկայությունը համակված էր անբարեհաճությամբ եւ տագնապ էր արթնացնում: Ո՛չ Գոգոլին, եւ ո՛չ էլ ինձ չհաջողվեց ինչ-որ բանական բացատրություն գտնել այն բանի համար, թե ինչ է Կարակասը: Ես ասում եմ` «բանական»` ռացիոնալի եւ հանրամատչելիի իմաստով: Եվ ես ոչ մի կերպ չեմ կարող լռել մի անհավանական իրադարձության մասին, որը պատահել էր հենց այն ժամանակ:

Կարակասը հիվանդացել էր ամոթալի հիվանդությամբ: Համենայն դեպս, դրանով հիվանդացել էր Գոգոլը, չնայած իր ողջ կյանքում այլ կին չէր ճանաչել, բացի իր կնոջից: Ինչպես կարող էր դա պատահել, եւ որտեղից հայտնվեց սույն նողկալի վարակը, մնում է միայն գուշակել: Հաստատ գիտեմ միայն, որ այդպես էլ կար: Իմ մեծ եւ դժբախտ ընկերը ժամանակ առ ժամանակ ինձ ասում էր` «Ահա տես, Ֆոմա Պասկալիչ, թե ինչպիսին է Կարակասի ներսը` ինքը հենց մարմնացյալ անպետք հիվանդություն»: Մեկ էլ սկսում էր ամեն ինչի համար ինքն իրեն կշտամբել (առ ինքնախարազանումը նա միշտ առանձնահատուկ հակում ուներ): Այդ դեպքը ճակատագրական ազդեցություն ունեցավ ամուսնական զույգի հարաբերությունների վրա, որոնք առանց այդ էլ անկարելի բարդ էին: Ազդեց այն նաեւ Նիկոլայ Վասիլեւիչի հակասական զգացմունքների վրա: Գոգոլը ստիպված եղավ ենթարկվելու երկարատեւ եւ տանջալից բուժման (այդպիսին էր դա այն ժամանակներում): Ի հավելումն այդ ամենի, վիճակը բարդանում էր այն բանով, որ կնոջ համար սույն կործանարար ախտը հայտնապես անբուժելի էր: Ասածիս հավելեմ, որ որոշ ժամանակ Գոգոլը դեռ ինքն իրեն առաջվա Կարակասին կրկին ստանալու պատրանքներով էր մխիթարում` հիվանդությամբ չխաթարված. նա համառորեն փչում եւ փուքսն իջեցնում էր կնոջ, տալով նրան տարատեսակ ձեւեր եւ կերպարանքներ: Սակայն նրա ջանքերը զուր էին, եւ Գոգոլը նահանջեց:

Մանրամասն նկարագրություններից ձեռնպահ կմնամ, որպեսզի ընթերցողին չձանձրացնեմ: Բացի այդ, իմ հետագա հետազոտությունները խառնափնթոր տեսք ունեն եւ բավականաչափ ճշմարտանման չեն: Առանց քաշքշուկների կանցնեմ իմ վիպակի ողբերգական հանգուցալուծմանը: Վերջինիս առիթով կամենում եմ մեկ անգամ եւս վկայել ներքոշարադրյալ իրադարձությունների ճշմարտացիությունը, որոնց ականատեսն եմ եղել ինքս: Ախ, ավելի լավ կլիներ տեսած չլինեի այդ:

Տարիներն անցնում էին: Նիկոլայ Վասիլեւիչի չարացածությունն ու զզվանքը կնոջ հանդեպ աճում էին, չնայած նա սիրում էր նրան, թերեւս, առաջվանից ոչ պակաս: Կապվածությունն ու ատելությունն այնքան մոլեգնաբար էին մարտնչում նրա հոգում, որ Գոգոլը այդ գոտեմարտերից դուրս էր գալիս ջարդված, համարյա թե` բեկված: Նրա կենդանի աչքերը, որոնք կարողանում էին այնչափ արտահայտիչ խոսել եւ ներթափանցել ձեր հոգին, այժմ այրվում էին տենդագին հեղհեղուկ փայլով: Նրա խռովահույզ հոգում ծնվում էին ամենավայրի քմահաճությունները, որոնք ուղեկցվում էին մղձավանջային տեսիլքներով: Նա առավել հաճախ էր ինձ պատմում Կարակասի մասին, մեղադրում էր նրան անմիտ, աներեւակայելի բաներում: Ես ոչինչ չունեի պատասխանելու, քանզի նրա կնոջը գիտեի հույժ մակերեսորեն եւ համարյա թե որեւէ հարաբերություն չունեի: Իսկ ամենակարեւորը` ես այդքան խոցվող սենտիմենտալ չէի, ինչպես Նիկոլայ Վասիլեւիչը: Այդու, կսահմանափակվեմ այն բանով, որ կվերարտադրեմ այստեղ նրա որոշ բողոքները, չխառնելով դրանց իմ սեփական տպավորությունները:

«Հասկանում ես արդյոք, Ֆոմա Պասկալիչ,- ասում էր ինձ, օրինակի համար, Գոգոլը,- հասկանո՞ւմ ես արդյոք, որ նա ծերանում է»: Եվ բռնում էր ձեռքերս, ինչպես անում էր միշտ, երբ նրան փոթորկող զգացմունքները ելք չէին գտնում: Նա նաեւ բողոքում էր, որ Կարակասը, չնայած խստիվ արգելքին, տրվում է մեկուսի զվարճանքների, եւ մեկ էլ ընդհանրապես մեղադրում էր նրան ամուսնական անհավատարմության մեջ: Այս առարկային վերաբերող նրա խոսքերը դառնում էին այնչափ դժվարիմաց, որ դրանք հաղորդելու ոչ մի հնարավորություն չկա: Ստուգապես, հայտնի է, որ վերջին ժամանակներս Կարակասը (հնարավոր է, իրոք ծերանալով) վերածվել էր մաղձոտ, չարանենգ եւ ստախոս էակի, որը հակված էր կրոնական խելահեղության: Բացառված չէ, որ նա նպաստում էր այն բարոյական վիճակին, որում, ինչպես մենք գիտենք, գտնվում էր Գոգոլը կյանքի վերջում: Ողբերգությունը պոռթկաց հանկարծակի, հենց նույն երեկո, երբ Նիկոլայ Վասիլեւիչը տոնում էր արծաթե հարսանիքը: Ավաղ, դա վերջին երեկոներից մեկն էր, որ մենք միասին էինք անցկացնում: Չեմ կարող ասել, թե ինչը մղեց նրան ճակատագրական քայլին. ես չեմ այդ մասին դատողը: Թվում էր, թե նա վերջնականապես հնազանդվել է եւ պատրաստ է իր կողակցից տանել ինչ ասես: Թե ինչ էր տեղի ունեցել նրանց միջեւ այդ օրերին` ինձ անհայտ է: Դիմենք փաստերին, եւ թող ընթերցողներն իրենք անեն իրենց հետեւությունները:

Այդ երեկո Նիկոլայ Վասիլեւիչը չափազանց հուզված էր: Նրա ատելությունը Կարակասի հանդեպ հասել էր հավանաբար ծայրակետին: Նա արդեն կրակին էր հանձնել «Գոռոզամտության փառասեր պտուղը», այսինքն` իր անգին ձեռագրերը: Բայց չեմ համարձակվի պնդել, թե դրան դրդել էր նրան Կարակասը: Չէ՞ որ այդչափ ճնշված հոգեկան վիճակում նա գտնվում էր այլ պատճառներով: Մարմնապես Գոգոլը առավել աննախանձելի վիճակում էր, դա միայն ամրապնդեց իմ կասկածները, որ նա գտնվում է ինչ-որ թմրեցնող դեղի ազդեցության տակ: Այդուհանդերձ, նա հանգիստ եւ պարզորոշ սկսեց խորհրդածել Բելինսկու մասին, ով նրա հոգին հանում էր «Ընտրված տեղերի» իր «հարձակումներով»: Հանկարծ Գոգոլն ընդհատեց եւ, համարյա թե արտասվելով, բացականչեց` «Ոչ, ոչ: Դա արդեն չափազանց է… չափազանց է… Այսպես այլեւս անհնար է»: Նա ինչ-որ անկապ բաներ էր շշնջում, ամենեւին հոգ չտանելով, թե ես իրեն հասկանում եմ: Նիկոլայ Վասիլեւիչն ասես ինքն իր հետ էր խոսում: Նա խաչում էր ձեռքերը, գլուխն էր թափահարում, վեր էր թռչում, շեշտակի քայլում էր սենյակով մեկ եւ կրկին նստում: Երբ հայտնվեց Կարակասը, ավելի ճիշտ, երբ գիշերամուտին մենք տեղափոխվեցինք նրա արեւելյան սենյակը, Գոգոլն ընդհանրապես ինքն իրեն չէր տիրապետում: Նա իրեն պահում էր (թող ինձ ներվի այս համեմատությունը), ինչպես մանկամտության մեջ ընկած դիվոտ ծերուկ: Արմունկով ինձ հրում, աչքով անում եւ խելագարի պես պնդում էր` «Ահա նա, Ֆոմա Պասկալիչ, ահա նա…»: Այդ ընթացքում Կարակասը, թվում էր թե, քամահրոտ-սպասողական զննում էր նրան: Նրա վարքի ողջ շինծուության մեջ զգացվում էր հուսահատ ներքին դողը: Ինքներդ դատեք…

Հանկարծ Նիկոլայ Վասիլեւիչը, կարծես թե, ինչ-որ բան որոշեց: Նրա դեմքի վրայով արցունքներ էին ծորում, բայց, ես կասեի` տղամարդկային արցունքներ: Նա նորիցնոր ձեռքերը ետ էր ծռում, սեղմում էր ափերը, վազում էր սենյակով մեկ, փնթփնթալով` «Ոչ, ոչ, բավական է, չի կարելի: Որ ինձ հետ այդպիսի բան պատահի՞: Այդպիսի բան` ի՞նձ հետ: Ինչպես տանել այդ ամենը, ինչպես տանել»: Այդտեղ նա նետվեց դեպի պոմպը, որի մասին ես իր տեղում հիշատակել էի, թռավ Կարակասի մոտ, ծայրը մտցրեց նրա հետանցքն ու սկսեց տարուբերել… Հեկեկոցների միջից նա աղեկտուր գոչում էր` «Ինչպես եմ ես նրան սիրում: Բարեպաշտ Աստված: Խեղճ իմ, Սիրելիդ իմ… Բայց, միեւնույն է, թող պայթի: Դժբախտ Կարակաս, չարաբաստիկ Աստծո արարած: Դու պետք է մեռնես»: Եվ ամեն բան` նորից:

Կարակասն ուռչում էր: Նիկոլայ Վասիլեւիչն ամբողջովին քրտնել էր, արցունքներով ողողվել եւ շարունակում էր տարուբերել: Ես մտածում էի կանգնեցնել նրան, բայց, չգիտես ինչու, չհամարձակվեցի: Ուռած Կարակասն այլանդակ տեսք էր ստացել, բայց, սովոր լինելով նմանատիպ զվարճանքների, օգնություն չէր հայցում: Եվ միայն, երբ նա զգաց, որ օդն անասելիորեն ճնշում է իրեն, իսկ գուցե հասկացավ, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլայ Վասիլեւիչը, միայն այդժամ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, դարձավ երկյուղած-շվարած, համարյա թե աղաչական: Սակայն քամահրական ժպիտը նրա շուրթերից չէր իջնում: Նա վախեցած էր, ներողամտություն էր հայցում եւ դեռեւս չէր հավատում, չէր կարողանում հավատալ իր ճակատագրի անխուսափելիությանը, այն բանին, որ ամուսնու խիզախությունը կբավի մտածածն իրագործելու համար: Թեպետ, նա չէր կարող տեսնել նրա դեմքը, քանի որ կանգնած էր Կարակասի մեջքի հետեւում: Իսկ ես հմայվածի պես նայում էի նրան, անկարող նույնիսկ մատս շարժելու: Չափազանց ներքին ճնշմանը դյուրաբեկ գանգոսկրերը չդիմացան, եւ տիկնիկի դեմքն այլայլվեց սահմռկելի դիմածռությունից: Նրա փորը, կողերը, ազդրերը, կուրծքը եւ մեջքի տեսանելի մասը փքվել էին աննկարագրելի չափերի: Հանկարծ փսխելով, Կարակասը երկարաձիգ, սուլող հառաչ արձակեց. հավանաբար, անասելի ճնշման ներգործության ներքո կոկորդի փականը դուրս թռավ: Տիկնիկի աչքերը պատրաստ էին միանգամայն բներից դուրս թռչելու: Կրծքի ոսկորով այլեւս չմիաձուլված, կողոսկրերը այս ու այն կողմ էին ծորել, եւ հիմա Կարակասը ավելի շուտ հիշեցնում էր ավանակ մարսող պիթոնի: Դե, ինչ եմ ես ասում` ոչ թե ավանակի, այլ գոմշացլի, կամ էլ մի ամբողջ փղի: Նրա վարդագույն, թավշավուն գենիտալիաները, այնչափ սիրելի Նիկոլայ Վասիլեւիչի համար, այլանդակորեն ցցվել էին: Ես որոշեցի, թե նա արդեն մեռած է: Իսկ Գոգոլը, քրտինք եւ արցունք ծորալով, դեռեւս ասում էր «Թանկագինս, զարմանահրաշս, քնքուշս»: Եվ շարունակում էր տարուբերել: Պայթեց նա հանկարծակի եւ ինչ-որ ամբողջը միանգամից. այն իմաստով, որ չկար մաշկի ինչ-որ առանձին հատված` պայթեց ողջ մաշկը միաժամանակ: Եվ ցաքուցրիվ եղավ ամեն կողմ: Հետզհետե լաթիկները վայր թափվեցին, ոմանք շուտ, մյուսներն ավելի ուշ` նայած մեծության: Չնայած բոլոր կտորները փոքրիկ էին: Հստակ հիշում եմ այտի կտորը բերանի անկյունով, որը կախվել էր բուխարիկի դարակից, մի այլ տեղ` կրծքի կտորտանքը պտուկով:

Նիկոլայ Վասիլեւիչը մոլորված նայեց ինձ: Հետո իրեն թափ տվեց եւ, տրվելով ցասման նոր նոպային, սկսեց խնամքով հավաքել խղճուկ պատառիկները, որոնք դեռ վերջերս Կարակասի մետաքսե մաշկն էին, եւ հենց ինքն էին: Ինձ թվաց, թե նա շշնջում է` «Հաջողություն, Կարակաս: Հաջողություն, որքան եմ քեզ խղճում…»: Եվ մեկեն բարձր ավելացրեց` «Կրակը: Նրան էլ կրակը»: Եվ խաչակնքվեց` անշուշտ, ձախ ձեռքով: Հավաքելով բոլոր թարշամած, խորշոմապատ կտորտանքները` նա բարձրանում էր նույնիսկ պահարանների եւ կոմոդների վրա, որպեսզի հանկարծ մեկը չթողնի,-Գոգոլը նետեց դրանք հուրհրատող բուխարիկի մեջ: Դրանք չուզենալով բռնկվեցին` սենյակով մեկ տարածելով գարշելի մի հոտ: Ինչպես ամեն մի ռուս, Նիկոլայ Վասիլեւիչը խելահեղորեն սիրում էր կրակը նետել բոլոր թանկարժեք իրերը: Անսահման հուսաբեկության արտահայտությամբ եւ միաժամանակ` մռայլ հրճվանքի` բոսորագույն դեմքին, ջղաձգորեն կպչելով իմ արմունկին, Գոգոլը աչք չէր կտրում իր ավարը լափող հրից: Հազիվ մաշկի կտորները սկսել էին անհետանալ կրակի մեջ, Գոգոլը նորից թափահարեց ինքն իրեն, կարծես ինչ-որ բան հիշեց կամ կարեւոր քայլի որոշում ընդունեց: Նա սրընթաց սենյակից դուրս թռավ, մեկ րոպե անց դռան հետեւից լսվեց նրա կտրուկ, կտրվող ձայնը` «Ֆոմա Պասկալիչ, խոստացիր, հոգյակս, որ հիմա չես նայի»: Արդեն չեմ հիշում, թե ես ինչ պատասխանեցի նրան, գուցե, փորձեցի հանգստացնել: Միայն թե նա շարունակ չէր հանգստանում: Ստիպված եղա խոստանալ նրան, ինչպես երեխայի, որ դեմքով դեպի պատը կկանգնեմ եւ առանց իր թույլտվության չեմ շրջվի: Այդժամ դուռը շրխկոցով բացվեց: Նիկոլայ Վասիլեւիչը սրընթաց ներս խուժեց սենյակ եւ քայլեց դեպի բուխարին: Այստեղ ես պետք է ապաշխարեմ իմ թուլության համար: Չէ՞ որ դա լիովին հասկանալի է` հաշվի առնելով անսովոր իրավիճակները: Կարճ ասած, ես շրջվեցի ավելի շուտ, քան Նիկոլայ Վասլեւիչից թույլտվություն կստանայի, սակայն արդեն ոչինչ անել չէի կարող: Ես հասցրի նկատել, որ Գոգոլը երկու ձեռքով ինչ-որ առարկա էր բռնել, որը նետեց վառ բոցկլտացող կրակը: Թե ինչ էր դա, տեսնելու կրքոտ ցանկությունը հաղթանակեց իմ մեջ բոլոր մյուս պոռթկումները, եւ ես նետվեցի դեպի բուխարին: Բայց Նիկոլայ Վասիլեւիչը փակեց իմ ճամփան եւ հրեց կրծքիս այնպիսի ուժով, որը նրա մեջ ես ոչ մի կերպ չէի ենթադրում:

Առեղծվածային առարկան այրվում էր՝ շատ ծուխ արձակելով: Երբ կրակը հանդարտվեց, դրանից մնաց անդեմ մոխրակույտ:

Իսկն ասած, տեսնել այն իմ սեփական աչքերով ես ուզում էի այն պատճառով, որ արդեն հասցրել էի ինչ-որ բան նկատել: Ինչ-որ բան, բայց ոչ ավելին: Ձեռնպահ կմնամ ճշտումներից, որպեսզի չծանրաբեռնեմ սույն ճշմարիտ պատմությունը կասկածելի հուսալիության դրվագներով: Սակայն վկայությունը չի կարող սպառիչ համարվել, եթե ականատեսը չհայտնի այն ամենը, ինչն իրեն հայտնի է, թող որ եւ ոչ արժանահավատ աղբյուրներից: Ահա ուրեմն` առարկան, որի մասին խոսք գնաց` երեխա էր: Անշուշտ, ոչ իրական երեխա` միս ու ոսկորից, այլ ինչ-որ ռեզինե մերկանդամ մի բան` չաղլիկ, անճոռնի մի տիկնիկ: Ըստ ամենայնի, դա Կարակասի որդին էր: Մի՞թե այդ պահին ինձ էլ էր համակել զառանցական կախարդանքը: Որեւէ բան հաստատ չեմ պնդի: Փոխանցում եմ լոկ այն, ինչը որ տեսել եմ սեփական աչքերով, չնայած՝ ոչ այնքան հստակ: Ես դեռ չասացի, լիովին հասկանալի էր, թե ինչ մղումներից էր, որ Գոգոլը, սենյակ վերադառնալով, կիսաձայն կրկնում էր` «Նրան էլ այնտե՞ղ: Նրա՞ն էլ»:

Ահա եւ ամենը, ինչ ինձ հայտնի է Նիկոլայ Վասիլեւիչի կնոջ մասին: Թե հետագայում ինչ պատահեց հենց նրա հետ, ես կպատմեմ հաջորդ գլխում, նրա կենաց մասին վերջին գլխում: Գոգոլի եւ կնոջ հարաբերությունները վերլուծության ենթարկելը, ինչպես նաեւ նրա այլ ապրումները` հեշտ խնդիր չէ եւ, ընդ որում, բացարձակապես այլ տիպի: Սակայն այս աշխատության այլ բաժնում այդպիսի փորձ ձեռնարկվել է: Այդ բաժնին էլ ես հղում եմ ընթերցողին: Համարձակվում եմ հուսալ, որ բավականաչափ պարզաբանեցի սույն կնճռոտ հարցը եւ, եթե ոչ հենց Գոգոլի գաղտնիքի քողը բարձրացրի, ապա, համենայն դեպս, նրա խորհրդավոր կնոջ: Դրանով էլ ցրեցի չհիմնավորված մեղադրանքները, թե իբր Գոգոլը վատ էր վերաբերվում իր կողակցին եւ նույնիսկ ծեծում էր նրան: Վճռականապես հերքում եմ եւ այլ նմանօրինակ անհեթեթությունները: Եվ էլ ինչ ուրիշ խնդիր կարող է կանգնել խոնարհ կենսագրի առջեւ, ինչը ես ինձ համարում եմ, եթե ոչ՝ արժանին մատուցել հիշատակին մեծ այրի, որ դարձել է իմ ուսումնասիրության առարկան: