Եվս 3 ամիս. ինչի՞ դիմաց

28/01/2009

Երեկ Ստրասբուրգում կայացել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի արդյունքում, ըստ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, այսօր Հայաստանը չի զրկվի այդ կառույցում ձայնի իրավունքից: Ինչպես այդ նիստից հետո ասել է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, Մոնիտորինգի հանձնաժողովը 6 փոփոխություն է կատարել ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու առաջարկ պարունակող` դեկտեմբերի 17-ին ընդունված բանաձեւում: «Գլխավոր պատճառը, որը հիմք էր հանդիսացել պատժամիջոցի կիրառման, այն էր, որ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը` հարցի լուծման համար: Դա է փոխվել: Այս հաստատման համար հիմք է հանդիսացել երկու փաստ. ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու հրամանագիրը, եւ մյուսը, որ ամենակարեւորն է` սկսվել է պրոցես ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածների վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի համապատասխան նամակը կցված է այդ զեկույցին: Այսինքն, ըստ նրանց` սա հիմք է տալիս ասելու, որ քաղաքական կամք կա: Նոր բանաձեւը հրահանգում է Մոնիտորինգի հանձնաժողովին, որպեսզի այս գործընթացն իր հսկողության տակ պահի մինչեւ ապրիլ ամիսը»,- ասել է Ա. Ռուստամյանը: Չնայած ԵԽ ԽՎ-ում ՀՀ իշխանությունները ներկայացնող պատգամավորների ոգեւորությանը, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւի հետ կապված երեկ այդպես էլ անորոշ մնաց սկզբունքային մի հարց` արդյոք նոր բանաձեւում պահպանվե՞լ է «քաղբանտարկյալներ» ձեւակերպումը, թե՞ ոչ: Թեեւ, ըստ ԵԽ ԽՎ կանոնակարգի, նոր բանաձեւը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո մեկ ժամվա ընթացքում պետք է դրվի շրջանառության մեջ, սակայն երեկ մինչեւ ուշ երեկոյան դա տեղի չի ունեցել: Իսկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներից ոչ մեկը հստակ չի պատասխանել այդ հարցին: «Չեմ հիշում»,- ի պատասխան մեր թղթակցի հարցին` արդյոք նոր բանաձեւում պահպանվե՞լ է «քաղբանտարկյալներ» ձեւակերպումը, ասել է իրեն որպես նախկին քաղբանտարկյալ ներկայացնող Ա. Ռուստամյանը: Այսպիսով, ՀՀ-ն,

ամենայն հավանականությամբ, այսօր կայանալիք ԵԽ ԽՎ նիստում չի զրկվի ձայնի իրավունքից, ինչը Հայաստանում ցանկանում են թերեւս բոլորը` անկախ քաղաքական այս կամ այն ճամբարում լինելու հանգամանքից: Սակայն չափազանց կարեւոր է նաեւ այն, թե Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու բոլոր կանխատեսումների ֆոնին, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ հատկապես ինչի՞ դիմաց է ԵԽ ԽՎ-ն որոշել պատժամիջոցներ չկիրառել ՀՀ-ի նկատմամբ: