Անցած ուրբաթ օրը` հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել «ներման խնդրագրեր» ներկայացրած 16 անձանց: «2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-3 տարի դատապարտված 16 անձանցգ ներում շնորհելու մասին»,- նշված է նախագահի ներման հրամանագրում: Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում այդ հրամանագիրը որակել է որպես «աճպարարություն եւ բացահայտ կեղծիք»: ՀԱԿ-ի տարածած հայտարարության համաձայն, այդ 16 անձանցից ընդամենը երկուսը` Վարդգես Գասպարյանն ու Տիգրան Հակոբյանն են ընդգրկված քաղբանտարկյալների` իրենց մոտ առկա 60 հոգանոց ցուցակում: Վեց հոգու` Աշոտ Գյուրջյանի, Աղվան Գրիգորյանի, Մեսրոպ Զաքարյանի, Վահագն Հարեյանի, Մկրտիչ Արմենակյանի եւ Ռաֆայել Գալյանի նկատմամբ անցած տարի դատարանը որոշել է պայմանականորեն պատիժ չկիրառել: Ընդ որում, վերջինս եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: 14 հոգուց 13-ը մեղադրվել են ՔՕ 176 եւ 177 հոդվածներով` գողություն եւ կողոպուտ կատարելու համար: Երկուսը` Յուրիկ Ղուկասյանն ու Արմեն Գրիգորյանը, անցած տարի կայացած դատավարությունների ժամանակ խոստովանել են, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Նշված երկու անձանց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնցում ցույց էր տրվում, որ Ղուկասյանն ու Գրիգորյանն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչներ են եղել: «Մնացած 11-ից 10-ը` մեզ անծանոթ մարդիկ` նույնպես եղել են վարչախմբի կողմից ուղարկված` թալան ու սադրանքներ իրականացնող բանդաների անդամներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել ցուցարարների հետ»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Իսկ Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանի հավաստմամբ, ներման արժանացած 16 հոգուց եւ ոչ մեկը չի մեղադրվում հրամանագրի մեջ նշված՝ «զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու եւ կրելու» մեղադրանքներով:
Սակայն սա Ս. Սարգսյանի ստորագրած հրամանագրի հետ կապված միակ վերապահումը չէ: Ա. Խաչատրյանի պնդմամբ, ԵԽ ԽՎ նստաշրջանի նախօրեին նախագահի ստորագրած ներման հրամանագիրը նաեւ «ապօրինի» է: Նրա խոսքերով, ներումը կիրառում են դատապարտված անձանց նկատմամբ, իսկ այն անձանց հետ կապված, ում նկատմամբ դատարանը պատիժ չի սահմանել, ներման ակտ չի կիրառվում: Բայց, ինչպես վերը նշեցինք, ներման արժանացած 16 հոգուց 6-ի նկատմամբ դատարանն անցած տարի կայացրել է «պատիժը պայմանականորեն չկիրառելու» որոշումը:
«Հասկանանք, թե ինչ բան է ներում, պատիժ, եւ ինչ բան է պատիժը պայմանականորեն չկիրառելը: Քրեական օրենսգիրքը 9 պատժի տեսակներ է առանձնացնում, որտեղ պայմանականը` մեղմացված պատժատեսակ` որպես այդպիսին, չկա: Դա պատիժ չի համարվում: Սովորական խոսակցության մեջ մենք սխալ ենք թույլ տալիս` ասելով՝ պայմանական պատիժ կիրառել կամ պայմանական դատապարտել ազատազրկման: ՔՕ-ի 70 հոդվածում շատ հստակ է նշված է. «Եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով հանգում է հետեւության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին»: Այսինքն՝ դատապարտյալը պատիժ չի կրում: Մարդը պետք է որեւէ պատիժ կրի, որի դեպքում էլ ՀՀ նախագահն օգտվելով Սահմանադրության եւ օրենքով իրեն վերապահված իրավունքից` ներում կիրառի: Այս պարագայում ներում է շնորհվել պատիժ չկրող անձանց: Դատարանն արդեն որոշել է նրանց նկատմամբ պատիժ չկիրառել: ՔՕ մեկնաբանությունների մեջ, ընդհանրապես, եթե մեղմացվում է պատիժը, այդ պայմաններում ներման ակտ կիրառելը համարվում է անընդունելի»,- ասում է Ա.Խաչատրյանը:
Վերջինս ուշադրություն է հրավիրում ներման խնդրագիր գրելու համար այդ անձանց ներկայացված փաստարկներին: «Նրանց համոզել են, թե՝ տեսեք, դուք պայմանական դատված եք, եթե վաղը հանցագործություն կատարեք, սա կգումարվի դրա վրա: Ստացվում է, որ նրանք ներում են կիրառում ապագայում կատարվելիք հանցագործության համա՞ր»,- հարցնում է պարոն Խաչատրյանը:
Մարտի 1-ի գործով բազմաթիվ ու նաեւ այս հրամանագրով ներման արժանացած 6 հոգու դատավարությունն անցած տարի անցկացվել է արագընթաց կերպով: Այն ժամանակ էլ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում էին, որ գործարք է տեղի ունենում իշխանությունների եւ կալանավորված որոշ անձանց միջեւ: Ավելի ուշ պարզվեց, որ այդ մարդկանցից շատերը շարժման հետ կապ չունեն: «Ձեր մեղքը ընդունեք, արագացված դատաքննությունով պայմանական կստանաք: Մեղքն ընդունելու արդյունքում այդ գործարքն այն ժամանակ կատարվում էր իշխանության ու այս մարդկանց միջեւ»,- ասում է Ա.Խաչատրյանը: Մեր զրուցակցի ասելով, այս 14 հոգուց ընդամենը մեկը` Մեսրոպ Զաքարյանն է առնչություն ունեցել շարժման հետ, մնացածը խանութ թալանողներ ու Ս.Սարգսյանի շտաբի անդամներ են եղել: «Վերջին մեկ ամսում ամեն ինչ արվում է քաղբանտարկյալներից ներման դիմումներ կորզելու համար, որպեսզի «առաջընթացի» թիվ ներկայացվի Վեհաժողովին: Անբարոյական ու ճղճիմ այս ծրագիրը ձախողելուց հետո իշխանագող Սերժ Սարգսյանը ամենավերջին պահին դիմել է մի նոր աճպարարության, բացահայտ կեղծիքի: Նա հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել 16 հոգու ներում շնորհելու մասին: Հրամանագիրը խաբեբայությունների մի հավաքածու է. Այս ցուցակից եւ ոչ մեկի գործը կապ չունի «զենք, զինամթերքի» հետ, ինչի մասին ասվում է Ս. Սարգսյանի հրամանագրում»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ ՀԱԿ-ը նաեւ տեղեկություններ ունի, թե «այսօրինակ մի հրամանագրով մինչեւ ԵԽ ԽՎ-ում վարչախմբին ձայնի իրավունքից զրկելու պահը «ներում» կշնորհվի եւս նման մի ցուցակի»: