Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվեց Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը, որի ընթացքում եւս քաղբանտարկյալը` «ոտքի դատարանն է գալիս» կոչին չարձագանքեց ու շարունակեց նստած մնալ: Դատարանը կրկին որոշեց, որ դա իր նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է»: Բայց եթե նախորդ անգամ նույն պատճառով դատը հետաձգվեց, ապա երեկ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանը որոշեց նիստից հեռացնել Ս.Այվազյանին ու դատավարությունը շարունակել առանց նրա: Դատարանը Ս.Այվազյանին նաեւ հնարավորություն չտվեց, ըստ սահմանված կարգի, ներկայացնել իր շահերի պաշտպաններին: Ս.Այվազյանը այս անգամ էլ հայտարարեց, թե չի վախենում ոտքի չկանգնելու հետեւանքներից եւ ոչ էլ դատավորներին պատվեր տվողներից: Ս.Այվազյանը նախորդ նիստի ժամանակ արդեն հայտարարել էր, թե ոտքի չի կանգնում, որովհետեւ չի հարգում դատարանին: Իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որովհետեւ ցանկանում է Հայաստանում սպառել դատական բոլոր ատյանները եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ մինչեւ հիմա «Մարտի 1-ի գործով» դատապարտվածներից միայն Պետրոս Մակեյանին են հեռացրել դատարանի դահլիճից։ Ընդ որում, այդ որոշումը կայացրած դատավորը Մակեյանի պաշտպանին ասել էր, թե ինչու իրեն չեն զգուշացրել, որ նման որոշում կայացնելուց հետո դատը չեն շարունակում, հետաձգում են։ Իսկ երեկ դատարանը նաեւ որոշեց բողոքը Վերաքննիչ ներկայացրած Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին ճանաչել որպես պաշտպաններ: Ըստ վերջիններիս, սա ապօրինի որոշում է, որովհետեւ Այվազյանն այդ մասին իր ցանկությունը չի արտահայտել: Ընդհանուր իրավասության դատարանում նրա մեկ այլ պաշտպան՝ Հովիկ Արսենյանը, ով չի ստորագրել բողոքի տակ, նույնպես պետք է ներգրավվեր պաշտպանական խմբի մեջ, սակայն դատարանը Ս.Այվազյանին թույլ չի տվել այդ մասին հայտարարությունն անել: Եվ Արսենյանը պարզապես չցանկացավ օրենքը խախտելու գնով ենթարկվել դատարանի որոշմանը: Փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ Ս.Այվազյանին դահլիճ բերեն, բացատրեն իր իրավունքները, կամ էլ գոնե հնարավորություն տան ներկայացնել իր պաշտպաններին: Սակայն դատարանը մերժեց: «Միգուցե Ս.Այվազյանը հայտարարում է, թե հրաժարվում է վերաքննիչ բողոք բերելուց եւ պաշտպաններին հանձնարարում է հրաժարվել վերաքննիչ բողոքը պնդելուց: Բայց դատավորը մերժեց միջնորդությունը»,- ասաց Հ.Արսենյանը: Պաշտպան Լ.Սահակյանի կարծիքով, դատարանը կոպտորեն խախտեց Քրեական դատավարության օրենքը, խախտեց Ս.Այվազյանի մի շարք իրավունքները: Այդ նույն օրենքի 390 հոդվածի համաձայն, ամբաստանյալը պարտադիր պետք է մասնակցի դատական նիստին: Իսկ եթե նրան դահլիճից հեռացնում են, ապա նիստը պետք է հետաձգվի: Լ.Սահակյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը նույնպես մերժվեց: Դատը նախագահող Գ.Մելիք-Սարգսյանը նիստի ժամանակ նաեւ հայտարարեց, թե Ս.Այվազյանին թույլ կտա մասնակցել դատավարությանը, եթե նա գրավոր միջնորդությամբ հանդես գա եւ գրի, թե «այսուհետ կհարգեմ ձեզ, խնդրում եմ դահլիճում ապահովել իմ ներկայությունը»:
«Ս.Այվազյանն, իհարկե, նման միջնորդությամբ հանդես չէր գա: Նա իր դիրքորոշումն արտահայտեց սկզբում, ասաց, որ հարգում է օրենքը: Բայց սա երկրում օրինականություն հաստատելու իր քաղաքական պայքարի մի ձեւն է»,- ասաց Լ.Սահակյանը: Վերաքննիչ դատարանում Ս.Այվազյանի բողոքի գործով վճիռը կհայտարարվի այսօր ժամը 11:30-ին: Լ.Սահակյանը համոզված է, որ դատարանը կմերժի բողոքը, իսկ իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան, հետո արդեն` Մարդու իրավունքների եվրոպական դատարան: