Հայաստանը չի զրկվի ձայնի իրավունքից. մինչեւ ապրիլ

28/01/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դատելով ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պյուչի երեկ առավոտյան արած հայտարարություններից, ինչպես նաեւ դրան հաջորդած ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ հարցի քննարկումներից, այսօր ԵԽ ԽՎ նիստում Հայաստանի պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, չի զրկվելու ձայնի իրավունքից:

Երեկ ԵԽ ԽՎ լիագումար նիստի մեկնարկից առաջ կայացած ասուլիսում նախ դը Պյուչը հայտարարեց. «Որքան ինձ հայտնի է, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի համազեկուցողների Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական բանտարկյալների հարցն ուսումնասիրող աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Այդ աշխատանքային խումբն ուսումնասիրելու է նաեւ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանի Քրեական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հետագայում եւս կբացառեն քաղաքական գործիչների հետապնդումը երկրում, եւ իրավիճակն այնպիսին կլինի, որն ընդունելի կլինի ԵԽ ԽՎ-ի համար»: Այս ներածական խոսքից հետո ԵԽ ԽՎ նախագահն ավելացրեց. «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հանձնաժողովի որոշումը, եւ Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը կարող է տեղի ունենալ նաեւ մինչեւ ապրիլ ամիսը: Սակայն ես մտածում եմ, որ աշխատանքային խմբին աշխատելու համար ժամանակ է անհրաժեշտ»: Ըստ դը Պյուչի, եթե Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պահպանվեն, ապա հայկական պատվիրակությանը ձայնից զրկելու անհրաժեշտություն չի լինի: Ավելի ուշ` ԵԽ ԽՎ լիագումար նիստի բացման ժամանակ` անդրադառնալով Հայաստանի հարցին, նա ասաց, թե հույս ունի, որ Հայաստանը մինչեւ ապրիլ որոշ փոփոխություններ կկատարի, եւ, որ ԵԽ ԽՎ-ի քննադատությունը ոչ թե պատժամիջոցներ կիրառելու, այլ «Հայաստանին օգնելու նպատակ է հետապնդում»: Իսկ երեկ կայացած Մոնիտորինգի հանձնաժողովում (այն տեղի է ունենում դռնփակ, որին ՀՀ-ից մասնակցելու իրավունք ունեն միայն պատվիրակության նախագահ Դ. Հարությունյանն ու փոխնախագահ Արմեն Ռուստամյանը), ինչպես նիստից հետո հայտարարեց Դավիթ Հարությունյանը, Հայաստանի վերաբերյալ բավական լուրջ քննարկում է ծավալվել, համազեկուցողները ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնց մեջ, ըստ նրա` չի մտնում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը: «Ընդհանուր առմամբ հարցի լուրջ քննարկում էր, ներկայացվեցին եւ՛ բացասական, եւ՛ դրական կողմերը: Այնուամենայնիվ, հույս հայտնվեց, որ հիմնական ուղղությունը, որը վերջերս որդեգրել է ՀՀ խորհրդարանը, շատ կարեւոր է, ինչպես նաեւ ողջունվեց, որ 20 հոգու ներում է շնորհվել: Այնուամենայնիվ, նշվեց, որ դա չի բացառում այլ իրավական մեխանիզմների կիրառումն ու չպետք է բացառի: Ընդհանուր առմամբ համազեկուցողները ներկայացրել են իրենց առաջարկությունները: Դրանց մեջ այս պահին չի մտնում Հայաստանին սանկցիայի ենթարկելը եւ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը: Այնուամենայնիվ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքը Հայաստանի գործընթացների նկատմամբ: Վերահսկողությունը լինելու է բավականին լուրջ եւ բարձր մակարդակի»,- ասաց Դ. Հարությունյանը, ով, ի դեպ, Ստրասբուրգ էր ժամանել պատվիրակության մյուս անդամներից երկու օր առաջ: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո, ըստ ԵԽ ԽՎ կանոնակարգի` Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւը դրվել է շրջանառության մեջ, եւ ԵԽ ԽՎ պատվիրակները մեկ ժամվա ընթացքում պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեին այդ փաստաթղթի վերաբերյալ: Իսկ այսօր առավոտյան մինչեւ Հայաստանի պարտականությունների կատարման վերաբերյալ հարցի քննարկումը, տեղի է ունենալու Մոնիտորինգի հանձնաժողովի եւս մեկ նիստ, որտեղ պետք է քննարկման դրվեն ներկայացված գրավոր առաջարկները: ՀՀ պատվիրակության փոխնախագահ Արմեն Ռուստամյանը, ով Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցեց ուշացումով (նա մասնակցում էր ԵԽ ԽՎ կանոնակարգի հարցերով հանձնաժողովի նիստին), նիստից հետո ասաց, որ, ըստ ԵԽ ԽՎ կանոնակարգի, երբ որեւէ երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառելու խնդիր կա, ԵԽ ԽՎ կանոնակարգի հանձնաժողովն անպայման անդրադառնում է այդ հարցին: «Քանի որ մեր զեկույցն ըստ էության փոխվում է, եւ բավականին լուրջ փոփոխություն է կրում հենց պատժամիջոցների մասը, կանոնակարգի հանձնաժողովի խնդիրն է` ճշտել իրավաչափությունը, թե որքանով է Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը համապատասխանում գործող կանոնակարգին,- ասաց նա` հավելելով,- կանոնակարգի հանձնաժողովի որոշումը հետեւյալն է. եթե բանաձեւը հին ձեւակերպումներով, այսինքն` ձայնի իրավունքից զրկելով, իրավաչափ էր, բայց քանի որ փոփոխվել է` չզրկելը նույնպես իրավաչափ է: Այսինքն` մեր հանձնաժողովը տվեց եզրակացություն` հաշվի առնելով վերջին փոփոխությունները, որ եթե հանձնաժողովը որոշում է չզրկել ձայնի իրավունքից, դա նույնպես չի հակասում գործող կանոնակարգին»: Ըստ Ա. Ռուստամյանի, անկախ նրանից, թե Մոնիտորինգի հանձնաժողովին գրավոր ինչ առաջարկություններ կներկայացվեն պատվիրակների կողմից, այլեւս հնարավոր չէ նոր բանաձեւում լուրջ փոփոխություններ մտցնել, այսինքն` Հայաստանին այս նստաշրջանում ձայնից զրկելու վտանգ չի սպառնում: «Սա արդեն դարձավ հանձնաժողովի կողմից ընդունված, եւ փոխելը մի քիչ դժվար կլինի: Հայաստանի հարցը միշտ էլ օրակարգի վրա է մնալու, պարզապես այս փուլում որոշվել է սանկցիա չկիրառել, քանի որ քաղաքական կամքի առկայություն է արձանագրվել»,- ասաց Ա. Ռուստամյանը: Օրինակ, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կետը փոփոխվել է` հաշվի առնելով ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածները վերախմբագրելու վերաբերյալ ստեղծված աշխատանքային խմբի առկայությունը, որը ձեւավորվել է ընդամենը 4-5 օր առաջ: Այն, ըստ Ա. Ռուստամյանի` մոտավորապես հետեւյալ ձեւակերպմամբ է. «արձանագրելով քաղաքական կամքի առկայություն` կապված 300 եւ 225 հոդվածների փոփոխման հետ, եւ նաեւ այն, որ այդ աշխատանքները ղեկավարելու է պատվիրակության ղեկավարը, այս փուլում առաջարկվում է պատժամիջոցներ չկիրառել»: Ըստ նրա` Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում առաջարկվել է «բանտարկյալների հարցը լուծել հնարավորինս արագ»: «Սա առկա է, բայց դրա լուծման խնդիրը կա, թե ո՞ր ձեւով դա կատարվի: Մեր առաջարկածը` որպեսզի չշրջանցվի իրավական դաշտը, ՀՀ օրենսդրությունը, դրա լուծման եղանակը այդ հոդվածները փոխելն է, որոնք լայն մեկնաբանության տեղիք են տալիս: Այսինքն` հենց այն, որ մենք ասում ենք, որ այստեղ միախառնված են քաղաքական եւ իրավական մոտիվացիաները, դա ավելի հստակ սահմանազատելու խնդիր կա, սա պետք է կատարվի հենց այդ հոդվածները փոփոխելու միջոցով: Եվ հենց դա տեղի ունենա, դա արդեն, ըստ էության, կլինի այդ հոդվածների մեղմում, եւ Սահմանադրությունը հետադարձ ուժ ունի ներման եւ իրավիճակի փոփոխության հետ կապված հոդվածների մասով, դատախազը կարող է ըստ այդ իր որոշումը նույնպես վերանայել»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Իսկ մինչ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, երեկ առավոտյան տեղի է ունեցել ԵԽ ԽՎ քաղաքական խմբակցությունների նիստ: Լիբերալ դեմոկրատական քաղաքական խմբակցության անդամ Ավետ Ադոնցը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նիստի ժամանակ եւս քննարկվել է Հայաստանի հարցը: Եղել են եւ՛ բացասական, եւ՛ դրական ելույթներ: Ա. Ադոնցն ասում է, որ ավելի շատ են եղել դրական ելույթները: «Ես ներկայացրի ամեն ինչ, ոչ թե դա ազդեց, այլ մարդիկ երեւի ծանոթ էին Հայաստանի իրավիճակին: Որեւէ մեկի հետ չենք հանդիպել, որեւէ աշխատանք չեն տարել նախապես: Ես ներկայացրեցի կատարված աշխատանքը` 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների կատարման կտրվածքով: Քննարկումը բավականին ակտիվ էր, ելույթ ունեցան 10-ից ավելի անդամներ, եւ գրեթե միաձայն բոլորը նշեցին, որ շրջանառության մեջ գտնվող այսօրվա փաստաթուղթը, որտեղ կա ձայնի իրավունքից կասեցնելու դրույթը, անընդունելի է, եւ, որ իրենք խոսելու եւ արտահայտվելու են դրա դեմ»,- ասաց Ավետ Ադոնցը: Իսկ ԵԽ ԽՎ Միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ, ՀՀ պատվիրակության ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հարցի քննարկումն իրենց խմբակցությունում տեւել է շուրջ մեկուկես ժամ: Ըստ նրա` դեմ են արտահայտվել ընդամենը 2 հոգի, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը: Իսկ մնացած

8-ը, ըստ Ա. Աղաջանյանի` միայն դրական են արտահայտվել ՀՀ-ի մասին եւ դեմ են եղել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը: «Ադրբեջանից պատվիրակն ասում էր` մեզ մոտ 3 լրագրողի ձերբակալեցին, դուք ուզում էիք մեզ ձայնից զրկել, իսկ Հայաստանում 10 մարդ է զոհվել` չեք ուզում զրկել: Նման բաներ էին ասում»,- ասաց Ա. Աղաջանյանը: Ըստ նրա, միջազգային հարցերով խմբակցությունում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ԶԼՄ-ների ազատությանը: Այդ մասին՝ մեր հաջորդ հրապարակումներում: Մի խոսքով, ԵԽ ԽՎ-ում իշխանությունը ներկայացնող պատվիրակները` ով ինչպես եւ որտեղ կարողացել է, համոզել է եվրոպացիներին, որ ՀՀ իշխանությունները գիշեր-ցերեկ կատարում են ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները: Ընդ որում, մինչ Ստրասբուրգում նրանք ոգեւորված հայտարարում էին, որ մոնիտորինգին որպես առաջընթաց են ընդունել նաեւ, որ շուրջ 20 անձի նկատմամբ ՀՀ նախագահի կողմից ներում է շնորհվել, Երեւանում պարզ դարձավ, որ ներում ստացած 16 անձանցից միայն 2-ը կապ ունեն Համաժողովրդական շարժման հետ: Այս մասին ԵԽ ԽՎ անդամ երկրների ներկայացուցիչներին տեղյակ են պահել Հայ Ազգային կոնգրեսի` Ստրասբուրգում գտնվող անդամներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը: Լ. Զուրաբյանը երեկ տեղեկացրեց, որ հանդիպել են ԵԽ ԽՎ անդամ 10-12 երկրների պատվիրակների հետ` փոխանցելով իրենց մոտ եղած փաստաթղթերը, ըստ որոնց՝ իշխանությունները խաբում են` ներում շնորհվածներին ներկայացնելով որպես քաղբանտարկյալներ: ԵԽ ԽՎ պատվիրակներին են ներկայացվել Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող բոլոր 58 ընդդիմադիր գործիչների անունները: Լ. Զուրաբյանն ու Ա. Գրիգորյանը նամակ են հղել նաեւ ԵԽ պաշտոնյաներին ու ԵԽ ԽՎ պատվիրակություններին` ներկայացնելով Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումը: Այսօր Ստրասբուրգում գտնվող ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպելու են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:

Ստրասբուրգ-Երեւան