Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ բնական այնպիսի ռեսուրսների սպառվելը, ինչպիսիք են նավթն ու գազը, ամենասարսափելի բանը չէ, ինչ կարող է մարդկությանը սպասել մոտ ապագայում: Գլխավոր սպառնալիքն, ինչպես գրում է «Գարդիանը», խմելու ջրի պաշարների նվազումն է: Բացի այդ, մարդիկ խիստ չմտածված են օգտագործում կենարար ջուրը: Մեկ լիտր գարեջուր ստանալու համար հարկավոր է առնվազն 300 լիտր ջուր, իսկ նարնջի հյութի համար` 850 լիտր: Մեկ կիլոգրամ սուրճ ստանալու համար 21. 000 լիտր ջուր է պահանջվում: Նման ծախսերի պայմաններում շատ երկրներ արդեն մոտ ապագայում կբախվեն ջրի իրական անբավարարության խնդրին: Ռիսկի խմբում գիտնականները նշում են, օրինակ, Չինաստանը: