Պաշտոնական վիճակագրությունը դեռ վերջնական տեսքով չի հրապարակել 2008-ի տնտեսական ցուցանիշները։ Սակայն նախնական տվյալներն արդեն հայտնի են. 6.8%-անոց ՀՆԱ-ի աճ եւ այլն։ Կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վերհիշել, վերջին 10 տարում ՀՀ տնտեսության անցած ճանապարհը։ Հետաքրքիր է դա նաեւ նրանով, որ այդ տասնամյակը համընկնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի հետ։
Եվ այսպես, տնտեսության մասին խոսելիս մեզանում առաջին հերթին մատնանշում են համախառն ներքին արդյունքի աճը (կամ, ինչպես ասում են, տնտեսական աճը)։ Սա հենց այն ցուցանիշն է, որով հայրենի իշխանությունները 10 տարի շարունակ հպարտացել են, եւ որի շնորհիվ արժանացել ենք «կովկասյան վագր» կոչմանը։
Նկար 1-ում կարող եք տեսնել մեր տնտեսական աճի դինամիկան վերջին 10 տարվա ընթացքում (նշենք, որ բոլոր գծապատկերները կազմվել են մեր կողմից՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա)։
Վատ ցուցանիշներ չեն. կարելի է ասել՝ 2001 թվականից ի վեր մեր տնտեսությունն աճել է երկնիշ թվով։ Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել, որ 2008 թվականին 1998 թվականի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.6 անգամ։ Իհարկե՝ ամեն ոք կարող է այս թիվն ուրույն ձեւով ընկալել, ուրախանալ կամ քննադատել, ինչպես կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ բաժակի դեպքում։ Եվ քանի որ առաջին տեսակետի կողմնակիցների՝ ուրախացողների ու հպարտացողների ձայնը վերջին 10 տարիների ընթացքում երբեք չի իջել հեռուստատեսությունների էկրաններից, ավելի ճիշտ կլինի գոնե մեկ նախադասությամբ արտահայտել նաեւ քննադատողների կարծիքը։
Նրանք ասում են, որ նախ՝ ՀՆԱ-ի ցուցանիշն ուռճացված է, եւ երկրորդ՝ ՀՆԱ-ի աճը մեր դեպքում զարգացում չի նշանակում, քանի որ ՀՆԱ-ն աճել է հիմնականում շինարարության հաշվին, իսկ արդյունաբերությունը` տեղում դոփել է կամ անկում է ապրել։ Թիվն ուռճացնելու մասին գնահատականը չքննարկելով, նշենք, որ շինարարությունն, իրոք, տարիներ շարունակ եղել է մեր տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղը: Ըստ պաշտոնական վիճակագրության (Նկար 2.)։
Շատերն են հարցնում՝ ո՞վ ասաց որ շինարարության աճը վատ երեւույթ է։ Իհարկե վատ չէ, սակայն այն դեպքում, երբ նման դինամիկ ձեւով զարգանում են նաեւ մյուս ճյուղերը, եւ տնտեսությունն ու բյուջեն կախված չեն լինում միայն այս ոլորտից։ Ինչպես երեւում է գծապատկերում, 2008-ին շինարարությունը ռեկորդային ցածր աճ է արձանագրել՝ ընդամենը 1.7%. արդյունքում ՀՆԱ-ն երկնիշ աճ չունեցավ։ Բացի այդ՝ շինարարությունը զուտ ներքին օգտագործման բարիք է ստեղծում, այն հնարավոր չէ արտահանել եւ կապված չէ արտաքին մրցունակության հետ։ Իսկ որտեղ չկա մրցունակություն, չկա եւ զարգացում։
Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա 2002-2003թթ. ի վեր այս ոլորտը չնչին աճ է արձանագրել, իսկ 2006-ին գրանցվել է նվազում՝ 0.9%-ի չափով։
Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի մեջ բավական մեծ տեսակարար կշիռ ունի էներգետիկայի ոլորտը՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, եւ այլն։ Նշենք նաեւ, որ տվյալների մեջ հաշվի չի առնված արդյունաբերական արտադրանքի գների աճը: Այլապես բնեղեն արտահայտությամբ ցուցանիշներն ավելի տխուր են։
Պատճառների մասին այս տարիների ընթացքում շատ է խոսվել, եւ, առաջին հերթին, իհարկե, նշվել է արտարժույթի փոխարժեքը՝ դոլարի նկատմամբ դրամի արժեւորումը (Նկար 4)։
Հայրենական արտադրողներն ու շատ տնտեսագետներ պնդում էին (եւ շարունակում են պնդել), որ դրամի արժեւորումը հայրենական արտադրանքը դարձնում է ավելի թանկ եւ անմրցունակ։ Դրան ի պատասխան՝ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը պատասխանում են՝ փոխարժեքը որոշվում է շուկայում, մենք կապ չունենք, իսկ եթե ուզում եք մրցունակ լինել՝ արդիականացեք, քայլեք 21-րդ դարի պահանջներին համահունչ։ Դժվար է ասել՝ ինչպե՞ս էր ստացվում, որ կաբինետում նստած չինովնիկը հասկանում էր արդիականացման անհրաժեշտությունը, իսկ սեփական բիզնեսը վարող գործարարը՝ ոչ։ Ինչեւէ՝ իրականությունն այն է, որ արդյունաբերությունը 2003-ից սկսած այլեւս մեզ չուրախացրեց, փոխարենը՝ դրամը սկսեց արժեւորվելգ նույնպես 2003-ից սկսած։ Զուգադիպությո՞ւն է։ Այս հարցի պատասխանը 10 տարի շարունակ չի գտնվում։
Ովքեր կասեն, որ զուգադիպություն է, ապա արտաքին առեւտրի հարցում նույնպես համառորեն ոչ մի կապ չեն տեսնի փոխարժեքի եւ արտահանում-ներմուծում անմխիթար վիճակագրության մեջ։ Նկար 5-ում ցույց է տրված, թե վերջին 10 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի որքան են աճել ներմուծման եւ արտահանման ծավալները։
Օրինակ, 1999-ին արտահանումն աճել է 5.9%-ով, իսկ ներմուծումը՝ նվազել 11.2%-ով։ 2002-ին արտահանումն աճել է 48.4%-ով (ռեկորդային ցուցանիշ), իսկ ներմուծումը՝ 12.9%-ով։ Փաստորեն, 1999-ից սկսած մի քանի տարի շարունակ արտահանումն ավելի արագ էր աճում, քան ներմուծումը։ Նման տեմպերով գնալու դեպքում մենք գուցե այսօր ունենայինք արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ՝ լինեինք արտահանող երկիր։ Սակայն 2003-ին արտահանման ու ներմուծման աճի ցուցանիշները գրեթե հավասարվեցին (համապատասխանաբար՝ 34.2% եւ 28.9%), իսկ դրանից հետո ներմուծումը սկսեց զգալիորեն առաջ անցնել։
Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ մինչեւ 2003-ը դրամն արժեզրկվում էր դոլարի նկատմամբ, իսկ 2003-ից հակառակ պրոցեսն էր ընթանում։ Ի վերջո, դրամը գրեթե 2 անգամ արժեւորվեց՝ 2008-ին հասնելով 1 դոլարը՝ 305 դրամ հարաբերակցությանը, իսկ արտահանումը բացարձակ անկում արձանագրեց 7.2%-ով՝ ներմուծման 35%-անոց աճի դիմաց։ Եվ այժմ ունենք մի վիճակ, երբ ներմուծումը կազմել է 4.4 միլիարդ դոլար, արտահանումը՝ ավելի քան 4 անգամ պակաս, եւ ունենք արտաքին առեւտրի՝ 3.3 միլիարդ դոլարը գերազանցող բացասական հաշվեկշիռ (նկար 6)։
Ամենավատը, սակայն, այն է, որ ոչ մի հույս չկա, թե մոտ ապագայում վիճակը կփոփոխվի մեր օգտին, հատկապես` տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մի խոսքով՝ պատկերը սա է։ Ոմանք կարող են ասել՝ 10 տարի աճել ենք, տպավորիչ ցուցանիշներ ունենք, եւ անցած շրջանը կարելի է անվանել «ոսկե տասնամյակ»։
Այլոց համար էլ՝ աճելով հանդերձ, վերածվել ենք պորտաբույծ, դրսի հաշվին ապրող ու անմրցունակ երկրի։ Հուսանք, որ հաջորդ տասնամյակն ամփոփողները նման տողեր գրելու առիթ չեն ունենա՝ թեկուզ, եթե «վագրաձեւ» չզարգանանք։