Նկարում պատկերված «շան բունն», ինչպես անվանում են հարակից տարածքում հայտնված մարդիկ` պատկանում էր 71-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանին: Բաքվի փախստական Ռ. Ստեփանյանին Հայաստան տեղափոխելուց հետո, որպես ժամանակավոր կացարան՝ սենյակ էին տրամադրել «Էրեբունի» հյուրանոցում: 3 տարի առաջ ՀՀ կառավարությունն այդ հյուրանոցը վաճառել էր անհայտ մի սեփականատիրոջ, որը տեղի բնակիչներին բառիս բուն իմաստով դուրս էր շպրտել: Ռ. Ստեփանյանը հրաժարվել էր իրեն առաջարկված 8000 դոլարից` հասկանալով, որ անշարժ գույքի ներկայիս շուկայական պայմաններում այդ գումարով անգամ նկուղ չի կարող գնել: Փոխարենն առաջարկել էր այդ գումարով բնակարան գնել եւ տալ իրեն: «Ինձ բոմժ դարձրին: Էլ չեմ դիմանում էս սթրեսներին»,- ասում էր պարբերաբար «168 Ժամի» օգնությանը դիմած Ռ. Ստեփանյանը, ում ծայրահեղ անօգնական վիճակի մասին բազմիցս ենք ահազանգել: Հյուրանոցից վռնդվելուց հետո Ռ. Ստեփանյանը տախտակներով հարմարեցրած մի «բուն» էր կառուցել իր համար եւ արդեն երրորդ ձմեռն էր անցկացնում դրսում: Երեկ իմացանք, որ Ռ. Ստեփանյանը ցրտահարվել եւ մահացել է: Այցելելով «Էրեբունի» հյուրանոցի տարածք` զրուցեցինք տարածքում աշխատող մարդկանց հետ, որոնց աչքի առաջ էլ վերջինս մահացել է: «Մի քանի շաբաթ առաջ ինձ հարցրեց` էս ձմե՞ռ էլ կձգեմ: Ասացի` չէ, եղբայր, չես ձգի: Էն պայմաններում, որ դու ես ապրում` շունն էլ կսատկի: Ասեց` չէ՛, ես մի 100 տարի էլ կապրեմ: Մի քանի օր առաջ տեսանք` վրեն հալ չկար: Ճոճվելով, ընկնելով էր քայլում, շատ վատ էր: Ախր էդ մարդը երրորդ ձմեռն ա դրսում անցկացրել, մարդը չի կարա էդքան նեղությանը, ցրտին դիմանա: Շատ վատ էր, վրեն գույն չկար: Շտապօգնություն կանչեցինք, եկան, նայեցին, ասեցին` բոմժ ա, ու չտարան: Ասեցին` տանենք, ի՞նչ անենք»,- պատմում է ավտոկայանատեղի հսկիչն` ասելով, որ 2 օրվա ընթացքում բազմիցս շտապօգնություն են կանչել, բայց չեն եկել` հասկանալով, որ հիվանդն անօթեւան, անտեր մարդ է` անվճարունակ: Այնուհետեւ տարածքում աշխատող բանվորներից մեկը Ռուդոլֆին այնքան է խղճացել, որ նրան առաջարկել է բնակարան վարձակալել եւ այնտեղ ապրել: «Տարավ իրա տուն: Շատ էր վատացել, ուշագնաց ա եղել: Տնից զանգել ա շտապօգնություն` եկել են: Մինչեւ տարել են Էրեբունի հիվանդանոց, մինչեւ դես-դեն… մահացել ա»,- պատմեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ, եթե շտապօգնությունն, այնուամենայնիվ, բազում ահազանգերից հետո Ռուդոլֆին շուտ տեղափոխեր հիվանդանոց` վերջինս ողջ կլիներ:
Ռ. Ստեփանյանի «բունը» պահպանված է «Էրեբունի» հյուրանոցի առջեւում, որից մի քանի քայլ հեռավորության վրա ՀՀ կառավարության շենքն է: