Էլի կենտրոն են սարքում

28/01/2009

Երեւանում` Իսակովի պողոտայի հարեւանությամբ գտնվող Պասկեւիչի բլուրի հարակից տարածքում, այս տարի նախատեսվում է սկսել միջազգային գործարարական կենտրոնի կառուցման աշխատանքները: Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի` կենտրոնի կառուցման շնորհիվ Երեւանի կենտրոնական հատվածը կբեռնաթափվի «միջազգային գործառույթներից». այդտեղ կտեղակայվեն միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, դեսպանատներ, բանկեր, այնպիսի կառույցներ, որոնք նախկինում Երեւանում չեն եղել: Ս.Դանիելյանի ասելով, Երեւանը պետք է ունենա նաեւ համաքաղաքային նշանակության մի քանի բազմագործառութային կենտրոններ` տեղակայված մայրաքաղաք տանող պետական նշանակության մայրուղիների վրա: Այս տարվանից Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ համայնքների սահմանագծում` Տիչինայի փողոցում, կմեկնարկեն նման կենտրոնի կառուցման աշխատանքները։