Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը, ով լիազորված է ԵԽ ԽՎ-ի հետ հարաբերություններում ներկայացնել ՀԱԿ-ը, ներկա են գտնվելու Վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, որտեղ քննարկվելու է հայաստանյան պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկել-չզրկելու հարցը: Արման Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ նպատակ ունեն Ստրասբուրգում հանդիպել «ֆրակցիաների ղեկավարների եւ ԵԽ ԽՎ-ի կարեւոր պաշտոնյաների» հետ եւ «նրանց հասցնել ՀԱԿ-ի տեսակետները, կարծիքները եւ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը թույլ կտա նրանց ճիշտ եւ ինֆորմացված որոշում կայացնել»: Հարցին, թե կարելի՞ է նման պարագայում ՀԱԿ-ի եւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների գործունեությունը գնահատել իբրեւ որոշակի մրցակցություն կամ հակամարտ գործունեություն, Գրիգորյանը արձագանքել է. «Մենք չենք գնում այնտեղ հակամարտության մեջ մտնելու հայկական մյուս պատվիրակության հետ: Մեր խնդիրը ընդամենը Հայ Ազգային կոնգրեսի տեսակետները եւ Հայաստանում տիրող իրավիճակը օբյեկտիվորեն ներկայացնելն է: Մյուս պատվիրակությունը, իհարկե, ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի իշխող ռեժիմը»: Պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ը ինչ տեղ է հատկացնում եւ ինչ դեր է վերապահում Եվրախորհրդին` Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, Արման Գրիգորյանը ասել է. «Ինչպես ընդդիմության ղեկավար, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ասել է` պարտականություններ ունեն եվրոպական կառույցները` այդ թվում ԵԽ ԽՎ-ն, մեր ժողովրդի նկատմամբ` Հայաստանում ժողովրդավարության զարգացման առումով: Եվ այդ առումով շատ կարեւոր է, իհարկե, ԵԽ ԽՎ-ի դիրքորոշումը, բայց մենք չենք էլ գերագնահատում ԵԽ ԽՎ-ի դերը. Հայաստանի ժողովրդավարացման հիմնական բեռը ընկած է մեր ուսերին` մեր ժողովրդի ուսերին, մեր շարժման ուսերին: Շատ վատ կլինի իրականում, որ Հայաստանի պատվիրակությունը զրկվի ձայնից: Հայաստանի հեղինակության համար շատ վատ կլինի, բայց դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխող ռեժիմի վրա»: