ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը գնել է ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: «Ա1+»-ի հետ զրույցում «Փյունիկ» ակումբում այս տեղեկությունը հաստատել են, նշելով, որ այժմ ընթանում են իրավաբանական գործընթացներ, եւ մանրամասների մասին դեռ հնարավոր չէ խոսել: Հիշեցնենք, որ «Փյունիկն» անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է, որը վերջին 8 տարիներին դարձել է Հայաստանի չեմպիոն: Ակումբը մշտապես եղել է Ռուբեն Հայրապետյանի հովանավորության տակ: Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին, ապա ֆուտբոլի հետ առնչություն գործարարը մինչ այս չի ունեցել, սակայն սպորտում նա հայտնի է եղել որպես Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Մինչդեռ, 2008թ. դեկտեմբերին Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է դարձել «Տաշիր» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ Սամվել Ալեքսանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրաժարականի դիմում էր ներկայացրել զբաղվածության պատճառով: