Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հաստատմանն է ներկայացվել նորաստեղծ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենի թեկնածությունը: Հանձնաժողովի կազմում են Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը եւ այլք: Ծրագրերի գործադիր տնօրենի թեկնածուի անունը շատ դժվարությամբ կարողացանք պարզել. հանձնաժողովը որոշել էր առայժմ գաղտնի պահել եւ հրապարակել միայն հաստատվելուց հետո: Այս կապակցությամբ Անահիտ Բախշյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է միայն, որ գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել են 180 թեկնածուներ, եւ հանձնաժողովն ընտրել է լավագույնին: Նաեւ ավելացրել էր, թե թեկնածուն այժմ կրթության ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք ունի: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրով պետք է ֆինանսավորվեն արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող հայ ուսանողները: Հիշեցնենք նաեւ, որ հիմնադրամը գրանցված է ՀՀ քաղաքացիներ Տիգրան եւ Սերժ Սարգսյանների անուններով: Որպես հիմնադրամի գրասենյակի հասցե էլ նշված է Տ. Սարգսյանի հաշվառման հասցեն: Ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ թեկնածուն Ժաքլին Կարաասլանյանն է: Նա ծնվել է Երեւանում, կրթություն է ստացել Ֆրանսիայում՝ մասնագիտանալով օտար լեզուների ոլորտում։ Այնուհետեւ միացել է Փարիզի «Մոնդիալ» կենտրոնին՝ դրա ստեղծման տարում՝ 1981-ին, որպես «Chief Scientist Seymour Papert» նախագծի կոորդինատոր։ Աշխատել է Papert-ի եւ նրա թիմի հետ՝ մշակելով եւ իրականացնելով կրթական ու տեխնոլոգիական ծրագրեր ողջ աշխարհում։ 1983թ. միացել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի «Media Lab»-ի հիմնադիր թիմին։ Այստեղ աշխատում է որպես խմբի մենեջեր եւ «Future of Learning Group»-ի («Ուսման ապագա» խումբ) հատուկ նախագծերի ղեկավար։ Ժաքլին Կարաասլանյանի գործունեության առանցքում եղել է տարբեր մշակութային միջավայրերում կրթության նոր մոդելների մշակումը, զարգացումը եւ պրոպագանդումը՝ թվային ժամանակաշրջանի ոգուն համահունչ։
Պարզվեց, որ 180 թեկնածուներից շատերը փորձում են խանգարել թեկնածության հաստատմանն, այնինչ մեր զրուցակիցներից շատերի համոզմամբ` Ժ. Կարաասլանյանն իսկապես ամենաարժանին էր, ինչը վկայում է նաեւ նրա աշխատանքային կենսագրությունը: