Ծառուկյանը դեմ է

24/01/2009

«Փոքր եւ միջին բիզնեսը պետք է պետության հովանու ներքո լինեն: Ուղղակի մենք գտնում էինք, որ այդ օրինագիծն ավելացնում է հարկային բեռը, ուստի այն ԲՀԿ-ի համար անընդունելի էր, եւ նա քվեարկության ձեւով արտահայտեց իր դիրքորոշումը»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից անցած տարեվերջին կառավարության ներկայացրած հարկային փաթեթին (որով հակային դաշտ են բերվում բոլոր «ինքնազբաղվածները») դեմ քվեարկելու փաստին` ասել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի մոտեցումն այն է, որ Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ սրվում են աշխատատեղերի ապահովման խնդիրները, երբ բարձրանում է գործազրկության մակարդակը, երբ ֆինանսական հոսքերը էապես կրճատվում են, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասարակության այն հատվածը, որն ինքնազբաղված է, ինքն է իր հացի խնդիրները լուծում, նրանց համար հարկային բեռը թեթեւացնենք»,- նշել է նա: Ինչ վերաբերում է տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու խնդրին, ապա, ըստ Գ. Ծառուկյանի խոսնակի, ՀԴՄ-ներ աշխատեցնելու առումով, հաշվապահության առումով այդ մարդիկ դժվարությունների առաջ են կանգնում եւ ստիպված են լինելու հարկային քաշքշուկների մեջ ընկնել սխալ հաշվապահություն վարելու համար, իսկ տուգանքներն էլ մեծ ծավալների են հասնելու: «Կառավարությունը ենթադրում էր, որ մոտ 20 հազար մարդ կբերվի հարկային դաշտ: Սա մի կողմից՝ ստվերի կրճատման խնդիր է լուծում, սակայն մյուս կողմից՝ այդ 20 հազար մարդկանց կողմից հավաքական մուտքերը բյուջե կարող են լինել 1-2 միլիոն դոլարի շրջանակներում, եւ կարծում եմ, մեր պետությունը կարող է արտաբյուջետային միջոցներ գտնել կամ այլ միջոցներ ներգրավել այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է Խ. Գալստյանը` ավելացնելով, որ երբ փետրվարից սկսեն ԱԺ նիստերը, ԲՀԿ խմբակցության կողմից «նմանատիպ հարցեր կարող է եւ բարձրացվեն»: Խ. Գալստյանն անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» գործարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես` Գ. Ծառուկյանի կողմից «Բջնին» գնելու հավանականությանը: «Գագիկ Ծառուկյանը մի անգամ արդեն հավաստել է, որ, այո, ինքը «Բջնիի» աճուրդին չի մասնակցելու եւ իր գործունեության մեջ չի առաջնորդվել նման ոճով: Նա որեւիցե մեկի ունեցվածքի նկատմամբ հավակնություն չի ունեցել, Խաչատուր Սուքիասյանը եղել է իր գործընկերը, ուղղակի այստեղ նա խնդիրը տեսնում էր աշխատողների թերացումների ու բացթողումների մեջ, որի համար նրանք պետք է պատասխան տան»,- ասել է նրա խոսնակը: Վերջինս նաեւ ասել է, որ սեփականության իրավունքը Հայաստանում պետք է լինի ամենապաշտպանված ու ամենաանձեռնմխելի իրավունքներից մեկը: «Ընդհանրապես, եթե մենք մեր Սահմանադրությունն ավելի լավ կարդացած լինեինք, կտեսնեինք, որ ժողովրդավարական հասարակության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը, մեծ արժանիքներից մեկը հենց սեփականության անձեռնմխելիության իրավունքն է»,- նշել է նա: