Հայաստանի «ձայնի» ելեւէջումները

24/01/2009 Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Հայաստանյան քաղաքական կյանքը վերջին 2 ամիսներին մասնակիորեն պտտվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Դիտարկման հանձնաժողովի առաջարկության շուրջ, այն է` Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, իսկ դա առաջին հերթին մարտահրավեր է ուղղված պետության հեղինակությանը:

Հարցը մեզանում, ցավոք, պատշաճ լրջությամբ քննության չառնվեց, մինչդեռ խնդրո առարկայի վերաբերյալ դատարկախոսության պակաս, կարծես թե, չզգացվեց: Տրվեցին անհեթեթ հարցեր, ոչ պակաս անհեթեթ արձագանքներ հնչեցին, երբեմն նաեւ «մայլի տղու թասիբը պահելու» մակարդակի ինֆանտիլ տոներով: Քաղաքականություն դարձած նման մոտեցումների շարունակական կիրառման հետեւանքն է, որ այսօր Հայաստանի պետությունը դիմագրավում է հեղինակության հետ առնչվող այս մարտահրավերը:

Չափազանցություն է այն պնդումը, թե այնքան էլ էական չէ` կզրկեն Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, թե` ոչ: Այնինչ, դա ունի եւ ունենալու է նշանակություն եւ կայացվելիք որոշումից հետո էլ պայմանավորելու է որոշակի գործընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա շուրջ:

Ըստ էության, սակայն, կարեւորագույն հանգամանք է այն, որ արդեն Հայաստանի նկատմամբ ձեւավորված է վերաբերմունք` անկախ նրանից, թե ինչպես կքվեարկի ԵԽ ԽՎ-ն: Իսկ այդ վերաբերմունքը մոտավորապես այսպիսի տարրեր է բովանդակում` կասկածելի է, որ Հայաստանն իսկապես քաղաքացիական ազատությունների ձգտող երկիր է, որն իր անկախության

18-րդ տարում անգամ միանշանակ ընթացք չունի դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության արժեքային համակարգերը որդեգրելու առումով: Սա է ամենավտանգավորը, որ հակասության մեջ է հայկական դրական բրենդ ձեւավորելու քաղաքական կամարտահայտության հետ: Իմիջի ու հեղինակության խնդիր կա, ինչն ամենեւին էլ հեշտությամբ ձեռք չի բերվում: Հետեւաբար, նրանք, ովքեր տաքուկ սրահներում նստած հարցեր են տալիս` թե ովքեր են այդ եվրոպացիները, թող մեզ բան չսովորեցնեն, լավ կլինի, որ իրենց նեղություն տան ու մտածեն` ինչ տպավորություն պիտի ստանան ԵԽ ԽՎ պատգամավորները կամ եվրոպացի պարզ, շարքային մարդիկ՝ ծանոթանալով հայաստանյան նման հարցադրումների տոնայնությանը: Քանի՞ մարդով ենք ավելացնելու մեր կողմնակիցների ու մեր նկատմամբ դրական տրամադրվածների թիվը այդպիսի հարցադրումներով:

Երբեմն տպավորություն է ձեւավորվում, թե հրապարակային ելույթները հակացուցված են ոմանց, սակայն, կարծես, հատկապես այդպիսիներն են հեռուստատեսությամբ հրամցվում հանրությանը. մի կողմից, թե` ռիսկ չեն անի մեզ ձայնից զրկեն, բայց եթե զրկում են, թող զրկեն, արեւը դրանից չի խավարի, իսկ մյուս կողմից էլ` վաաաաագյ, ինչ վատ կլինի, եթե զրկեն, դրա համար էլ, ինչ ասում են, արեք, որ չզրկեն: Պրիմիտիվ է, տղաներ, ավելի, քան ինքներդ եք կարծում: Իսկ Հայաստանի պետության հաշվին իրենց խնդիրներին հետամուտ եղածների թվի պակաս չկա: Նման պարզունակ մի բան էլ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը ձեռնարկեց` մարտի 1-ին հաջորդած ստրասբուրգյան պլենար նիստում Հայաստանին մեղադրելով աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր մեղքերի մեջ` ինչպես միշտ: Պրեսկոտը, ում ոմանք շատ, իսկ ոմանք էլ ամենեւին չեն սիրում Հայաստանում, արձագանքեց առանց այլեւայլության` միանգամից` Սեյիդովի ասածները զիբիլ են: Հենց այդպես` չեք հավատում՝ այցելեք ԵԽ ԽՎ կայքէջը` այնտեղ ամեն ինչ պահպանված է: Ըստ էության, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես ոմանք փորձում են հրամցնել:

Մի «զորավոր» փաստարկ էլ է հնչեցվում` ինչու պատժամիջոցներ չկան Ադրբեջանի նկատմամբ, էդ նույն քաղբանտարկյալները որ ասում եք, այնտեղ էլ կան, որ լավ ման գաք, գուցե Թուրքիայում էլ գտնեք: Բա 301 հոդվածը մոռացե՞լ եք, այ եվրոպացիներ: Այսպես խոսողներին թող թույլ տրվի մի միամիտ հարց ուղղել` մեր չափման միավորն Ադրբեջա՞նն է, նրանց հե՞տ է, որ ուզում ենք համեմատվենք կամ նմանվենք: Այդ երբվանի՞ց հայ ժողովուրդը ոմանց լիազորեց դեմոկրատիայի եւ իրավական պետության չափանիշ Ադրբեջանը համարել: Մեկ անգամ չէ, որ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում առիթ ենք ունեցել ասելու, թե Լեռնային Ղարաբաղի սահմանադրական գործընթացներն ավելի դեմոկրատական են, քան Ադրբեջանինը, եւ որ Ստեփանակերտում ժառանգականության սկզբունքով իշխանություն չի ձեւավորվել ու չի էլ ձեւավորվելու: Իսկ ընդհանրապես, օգտակար կլինի ոչ միայն այդ հարցը հնչեցնել, այլեւ լրջորեն մտածել, թե ինչու նույնը Ադրբեջանի հետ չի պատահում, միայն թե՝ առանց մակերեսային դատողությունների:

Ավելի կարեւոր հարց է, թե ինչ է լինելու հունվարի 27-ից հետո: Ակնհայտ է, որ անկախ ընդունվելիք որոշումից, հարցը սպառված չի համարվելու: Տեղափոխվելու է կամ ապրիլյան, կամ հունիսյան նստաշրջան` սա լավագույն դեպքում, եթե ինչ-որ կերպ հաջողվի «ձայնազրկվելուց» խուսափել հունվարին: Միայն թե որեւէ հանգուցալուծումից ոչ խանդավառվել է հարկավոր, եւ ոչ էլ ողբեգականորեն «մեր դարդը լացել»: Նման իրողությունները, ԵԽ-ում լինել-չլինելու, կարող են կրկնվել անընդհատ, քանի դեռ հիմնավորապես չի լուծվել մի քանի հարց: Դրանցից որոշների մասին պարզապես չի կարելի հրապարակայնորեն խոսել, բայց եթե հարցնեն, կասենք: Հակված չենք կրկնելու արդեն ասվածը, թե սա ու սա է հարկավոր անել ներքաղաքական կյանքի առողջացման եւ հասարակական երկխոսությունը խթանելու համար, ինչը դրսերում կչեզոքացնի մեզ պատժելու ամենայն հիմքերը:

Պարզապես նաեւ որոշակիացնել է հարկավոր ԵԽ-ին եւ մյուս միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամության ստրատեգիան: Ի՞նչ ենք ուզում մենք այնտեղ լինելով, ի՞նչ կարող ենք ստանալ մեր խնդիրների լուծման համար, եւ այլն: Այլապես` հակադրվել հանուրի կողմից ընդունված խաղի կանոններին ու ծիծաղելի «հաթաթա տալ» Եվրոպային, թե մենք էլ ձեր կարիքը չունենք, չարժե, եթե նույնիսկ այդպիսով ապահովագրվում է ոմանց` մի քանի` մանր-մունր ծառայություններ մատուցելու բիզնեսը Հայաստանում: