Հետեւելով CNN-ի, «Եվրոնյուզի», ռուսաստանյան եւ եվրոպական մյուս հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերին` ուշադիր հեռուստադիտողը նկատած կլինի, որ ասուլիսային ժանրի՝ «ասուլիս` ոչնչի մասին» ձեւը, որն ընդգծված պահանջարկ ունի Հայաստանում, ժամավաճառություն համարելով՝ վաղուց դադարել է հետաքրքիր համարվելուց, եթե, իհարկե, երբեւէ այդպիսին եղել է: Անհրաժեշտ տեղեկատվության առումով կարեւոր եւ հետաքրքիր են այնպիսի ասուլիսները, որպիսին էր, ասենք, իսրայելապաղեստինյան հերթական հակամարտության ընթացքում «Համասի» ներկայացուցիչների ասուլիսը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազի մատակարարման խնդիրների լուծման տարբերակների մասին ուղղակի անհրաժեշտ էին երկու կողմի թե՛ պաշտոնյաների, թե՛ մասնագետների տեսակետները: Ասուլիսները, որպես կանոն, հրավիրվում են այն դեպքում, երբ հասարակությունը պահանջ ունի տեղեկատվություն ստանալ կոնկրետ քաղաքական գործչից, պաշտոնյայից կամ արվեստագետից՝ կոնկրետ իրադարձության մասին: Կամ, երբ տվյալ արվեստագետը կամ քաղաքական գործիչն այնքան հետաքրքիր անհատականություն է, որ նրա շուրթերից դուրս եկած ցանկացած միտք՝ անկախ քննարկվող հարցի կարեւորությունից, արդեն իսկ հետաքրքիր է:
Իսկ շաբաթը երկու անգամ երեւանյան որեւէ մամուլի ակումբում հյուրընկալվող քաղաքական նույն գործիչները կամ արվեստագետները թարմ միտք, գաղափար հայտնելու բարդություն ունեն, եւ այդ լարվածությունից սկսում են ոչ խելացի եւ տարօրինակ մտքեր արտահայտել: Նրանց համար խիստ հրատապ է չկրկնվելն ու ձանձրալի չլինելը, ինչը, արդեն որպես հեռուստադիտող կարող ենք արձանագրել, հիմնականում չի հաջողվում:
Այն մարդիկ, ում սովորաբար ընդունված է դասել մտավորականների շարքին կամ համարել քաղաքական գործիչ, իրենց ասելիքը, կոչման պարտադրմամբ, հնարավորություն ունեն ներկայացնել գրավոր՝ հրապարակախոսության կամ վերլուծության ժանրում: Նրանք, ի տարբերություն շատերի, գրաճանաչ են, կարող են իրավիճակը վերլուծելով՝ եզրակացություններ անել, դրանք հանձնել թղթին: Սա՝ այն դեպքում, եթե ունեն ասելու բան եւ վստահ են, որ իրենց տեսակետը կամ վերլուծությունը ավելի շուտ իրավունք ունի հայտնի դառնալ հասարակությանը, քան մնալ գզրոցում՝ որպես անտիպ ձեռագիր:
Այն ակտիվությամբ, որով մեր քաղաքական գործիչներն ու արվեստի մշակները երեւում են տարբեր ակումբներում, ուր հավաքված տխրադեմ լրագրողներին մեծահոգաբար ներկայացնում են իրենց տեսակետը Հայաստանի ներքաղաքական կյանքի, ԵԽ ԽՎ-ի կողմից մեր երկրի պատվիրակությանը ձայնից զրկել-չզրկելու անհրաժեշտության մասին, կարող էր եւ հետաքրքիր լինել, եթե այդքան ձանձրալի չլիներ: Իհարկե, յուրաքանչյուր ակումբի կամ քաղաքականությամբ զբաղվող մեկի ընտրությունն է՝ հավաքել այսինչ թվով լրագրողների եւ ամեն օր տարաբնույթ ասուլիսներ կազմակերպել՝ բառացիորեն նույն թեմայով եւ նույն դեմքերի մասնակցությամբ: Բոլոր նրանք, ովքեր հրավիրվում են լրագրողական այս կամ այն ակումբ, պարզվում է, խիստ կարեւոր մտքեր ունեն բոլոր հնարավոր թեմաների շուրջ, որոնք այդ ասուլիսի ընթացքում բարձրացնում են ներկա լրագրողները: Պարզապես դրանք խնամքով թաքցնում էին՝ մինչեւ նման պատեհ առիթ, այսինքն՝ մինչեւ որեւէ ասուլիս: Սեփական նախաձեռնությամբ հասարակությանն առաջարկել քննարկման, մտորելու թեմաներ, սեփական նախաձեռնությամբ իրենց դժգոհությունը կամ գոհունակությունը հայտնել այս կամ այն երեւույթի մասին մեր երկրում այնքան էլ ընդունված չէ:
Մտավորականի բողոքի վերջին ժեստը Հայաստանի հասարակությունը տեսել է տարիներ առաջ, երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց իրեն շնորհված շքանշանն՝ ի նշան անհամաձայնության ՀՀ նախագահի վարած քաղաքականության: Այդ քայլն արդեն լուրջ ձեռնոց էր թե՛ իշխանություններին, թե՛ այն մարդկանց, ովքեր պարբերաբար իրենց ստորագրություններն են դնում «մի խումբ մտավորականներ» բառակապակցության տակ՝ նամակներ ուղարկելով տարբեր ատյաններ, ընդհուպ՝ Թուրքիայի նախագահին: Բանաստեղծուհու ժեստը սթափության, մտածելու կոչ էր հասարակությանը, եւ այդ քայլն ամենեւին պետք չուներ ոչ մամուլի ասուլիսներում փայլելու կամ այլեւայլ մեկնաբանությունների. ամեն ինչ պարզ էր:
Թյուրիմացաբար կարծել, որ հասարակությունը, ավելի կոնկրետ՝ հեռուստադիտողները, հավելյալ ժամանակ կամ էներգիա ունեն՝ հետաքրքրվելու, թե ինչ կարծիքի է ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ի պատվիրակության կարգավիճակի մասին, զորօրինակ, Արմեն Մազմանյանը, այսինչ գրողը, քաղաքական գործիչը այս կամ այն իրադարձության վերաբերյալ, մոլորություն է, քանի որ, եթե վերջինս ասելիք ունենար, որեւէ տեղ կհրապարակեր այն կամ կվարվեր այնպես, ինչպես մարտի 1-ից հետո՝ երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հատուկ դրության պայմաններում. անկախ այն հանգամանքից, որ պարոն Հախվերդյանը նախընտրական շրջանում ներկայացնում էր Դաշնակցության շահերը, առանց ասուլիսում փայլելու՝ ասաց այն, ինչ մտածում էր թե՛ երկրի նախագահի, թե՛ մարտի մեկին իշխանությունների վարքագծի մասին:
Եթե նկատել եք, հայ քաղաքական գործիչներն ու արվեստագետներն այնքան կանխատեսելի են. ոչ մի շեղում վարքագծի ընդունված կանոններից: Բավական է նրանցից մեկը երեւա որեւէ մամուլի ակումբում, արդեն կարելի է կռահել՝ ինչ է ասելու՝ անկախ նրանից՝ ներկայացնում են իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Միակ բացառությունը շարունակում է մնալ հանրապետական Գալուստ Սահակյանը. թերեւս նա է, որ միշտ անկանխատեսելի է՝ ասված մտքերի յուրօրինակության առումով: Սակայն կարծել, որ նույն դեմքերին չենք տեսնելու գոնե առաջիկա օրերին, նաիվ է: Երկուշաբթի նրանք եւս դեռեւս մեկ օր ունեն՝ խոսելու հունվարի 27-ին ԵԽ ԽՎ-ում տեղի ունենալիք քվեարկության թեմայով, իսկ արդեն երեքշաբթի եւ դրան հաջորդող մնացած բոլոր օրերին՝ թե ինչու մեր պատվիրակությանը զրկեցին կամ, ինչը եւս հնարավոր է, չզրկեցին ձայնից: Այս դեպքում օգնության կարող է գալ հեռակառավարման վահանակի կարմիր կոճակը…