7-րդ դասարանցի Արայիկը լուռ հետեւում է վառարանին դրված կաթսայի խուփի վրա չորացող գուլպաների գոլորշուն, որի խոնավությունն ամբողջ սենյակով մեկ գարշահոտ է տարածել:
«Ո՞նց ես, չեմպիոն»,- հարցնում եմ բազմաթիվ մեդալների, պատվոգրերի արժանացած, կարատե մարզաձեւում մեծ հաջողությունների հասած Արայիկին, ով հարցերիս չի արձագանքում: Արայիկի աչքերի արտահայտությունը քարացել է վառարանի գոլորշու վրա, որը նույնքան թափանցիկ է, որքան` նրա թախիծն ու տխրությունը: «Ո՞նց ես, չեմպիոն»,- նույն հարցն արդեն կրկնում ենք բոլորս՝ մայրը` Սրբուհին, քույրը` Մարինեն, եւ ես: Մեր ձայնից Արայիկը հանկարծ սթափվում է ու պատասխանում. «Եսիմ, էլ ի՞նչ չեմպիոն: Ամեն ինչ կորավ: Մտածում եմ` բա որ հանկարծ լսողությունս լրիվ կորցնեմ: Էս ականջս շատ ա ցավում, ընդհանրապես չեմ լսում էս մի ականջով»: Արայիկի մոտ շատ պատահաբար ականջների սուր ցավ է սկսվել, ապա՝ թարախակալում: Արդեն քանի շաբաթ է, ինչ աջ ականջն արյունահոսում է: Վատ լսողության պատճառով տղան այնպես է բարդույթավորվել, որ գերադասում է մարդկանց հետ ընդհանրապես չշփվել: Որոշել է նաեւ այլեւս դպրոց չգնալ. «Դասի ժամանակ ուսուցչուհին նկատողություն արեց: Իմ ետեւի նստարանի աշակերտները խոսում էին, իսկ ինքը գիտեր, թե ես եմ դասը խանգարում: Նկատողություն անելուց չէի լսել, դրա համար գլուխս չէի բարձրացրել: Մտածել էր, թե արհամարհում եմ: Էն զգացի, որ մեկը ցավացող, արյունահոսող ականջս շատ ուժեղ քաշում, ոլորում ա: Էլ չեմ հիշում, թե էդ ցավից հետս ինչ կատարվեց: Էլ չեմ գնա. ինչ ուզում ա` լինի»: Արայիկն այնքան վիրավորված է, որ խոսելիս աչքերն արցունքոտվում են: Արագ-արագ բաճկոնի թեւքերով սրբում է արցունքներն ու հայացքը կտրուկ թաքցնում, որ այլեւս իրեն ուղղված հարցեր չհնչեն: Ասում է` «Մեկ ա, էլ չեմ բուժվի: Արդեն մեկ ա դպրոցն էլ, սպորտն էլ: Չեմ ուզում, որ ինձ խոսացնեն: Ամաչում եմ, անընդհատ ասում եմ` ի՞նչ, ի՞նչ… Բոլորը զարմացած նայում են ինձ, իսկ ես իրանց չեմ լսում»: 14-ամյա այս տղան Սրբուհի Խալաթյանի հինգ երեխաներից մեկն է, ովքեր ապրում են Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում: Սենյակն անտանելի է: Ձմռանն այս սենյակում մարդիկ ոտնաթաթերի վրա են քայլում, որովհետեւ վառարանի առկայությունն ընդհանրապես նրանց զրկում է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Անցյալ ձմեռ վառարանի վրա դրված եռացող ճաշը թափվել էր 3-ամյա Մոնիկայի վրա, ով այդ դեպքից հետո արդեն սենյակում քայլում է դանդաղ ու զգուշորեն: Մոնիկայի վարքագծում մանկական ոչինչ չկա: Ծանր շնչառությամբ կրծոտում է կաղամբի մնացորդներն ու ցույց տալիս մատների քրքրված մաշկը: Մայրն ասում է, որ կասկածում է, թե Մոնիկան շաքարախտով հիվանդ է: Վերջերս իրիկունվա մթին հանրակացարանի շքամուտքում սոված շների մի ամբողջ բանակ հարձակվել է երեխայի վրա: «Շատ էր վախեցել, երկար ժամանակ չէինք կարողանում ուշքի բերել: Էդ դեպքից հետո մատների մաշկը բարակեց, վերքեր մնացին: Բոլոր նշանները շաքարախտ հիվանդությանն են»,- ասում է տիկին Սրբուհին, ով երեխաների առողջական խնդիրների մասին այլեւս այնքան անտարբերությամբ է խոսում, կարծես այդպես էլ պետք է լիներ: Հետո իմ զարմացած հայացքից վիրավորված` 5 երեխաների մայրը ձեռքերն առնում է ափերի մեջ ու սկսում է բարձրաձայն լաց լինել: Ասում է` «Ախր դու ի՞նչ ես պատկերացնում, թե ինչերի միջով ենք մենք անցնում: Կարծում ես՝ հինգ երեխա պահելը շատ հե՞շտ ա: Օգոստոս ամսից «Փարոսի» 36.000 դրամը չենք ստանում՝ ինչ ա թե՝ փաստաթղթերից մի թուղթ պակասում ա: Տղայիս ծննդականի պատճառով զրկեցին, ու ա՛յ սենց սարսափելի վիճակում ենք: Էնքան պարտք եմ արել, որ օրվա մեջ 5 պարտատեր դուռս թակում ա»: Հինգ երեխաները մեծանում են խանութների «վազվռատ» հացով, որը դեն գցելու փոխարեն՝ էժան գնով վաճառվում է: Բազմոցին երկար ժամանակ նստած ու հանկարծակի ոտքի կանգնած կնոջ մարմինն ինձ ցնցում է: «Տեսնո՞ւմ ես»,- բղավում է: Տիկին Սրբուհու փորից մի մեծ գունդ է կախված: Ասում է` «Ցավից ոռնում եմ, էլ չեմ դիմանում: Էնքան համբալություն արեցի, ծանր գործ արեցի, որ գռիժա ստացա: Հիմա արդեն քայլել էլ չեմ կարողանում: Ոտքերս չեն քաշում, ցավը սպանում ա»: 2008թ. մարտ-ապրիլ ամիսները հայտարարվել էր կանանց միամսյակ: Առողջապահության նախարարությունը բաց դռների օր հայտարարեց եւ խոստացավ բուժհաստատությունների սպասարկումն անվճար կազմակերպել: «Ասեցին, որ սկսած հետազոտությունից, մինչեւ անգամ վիրահատություն` անվճար ա: Գնացի 3-րդ հիվանդանոց: Բաժնի վարիչը փաստաթղթերս նայեց ու ասեց, որ` բազմազավակ մայր ես, «Փարոսի» նպաստառու ես, քեզ, սենց թե նենց, անվճար վիրահատությունը հասնում ա: Ինձ համոզեց, թե` հիմա շատ հիվանդներ ունենք, թող բաց դռների օրն անցնի` նոր արի վիրահատենք: Համոզեց, ճանապարհեց տուն»: Տիկին Սրբուհին պատմում է, որ հայտարարված ակցիայի ավարտից հետո կրկին գնացել է նույն հիվանդանոց: Մինչդեռ այս անգամ Վիրաբուժական բաժանմունքի վարիչն ու մեկ այլ բժիշկ նրան ասել են` «Հետո՞ ինչ, որ պետպատվերով ա վիրահատությունը: Վիրահատությունն արժե 150.000, դրան գումարած` նարկոզի, սանիտարկեքի գումարները: Մի խոսքով` ինձ լաց լինելով ճանապարհեցին տուն: Հիմա ցավերի մեջ տառապում եմ, հույս էլ չունեմ, թե հնարավոր կլինի էս ցավից ինձ ազատել»:
Տիկին Սրբուհին վիրավորանքից ինքն իրեն պատժել է. այլեւս ոչ մեկին չի դիմում, չի խնդրում: Պատժել է նաեւ իր երեխաներին, որովհետեւ Արայիկի լսողությունն աստիճանաբար կորում է, իսկ Մոնիկայի մոտ շաքարախտի նշաններ կան, սակայն մայրը կարծում է, որ բժիշկներն իր առաջ դռները փակելու են: Ասում է` «Գիտեմ, որ երեսիս շպրտելու են, թե՝ էսքան փող տուր: Արդեն հոգնել եմ ինքնասիրությունս մի կողմ դնելով` մարդկանց խնդրել, որ ընդառաջեն: Ախր ես երեք տղա եմ ծնել, որոնք վաղը-մյուս օրը զինվոր են դառնալու: Գալու է, չէ՞, էն օրը, որ զորակոչելուց պետությունը դուռս ծեծելու ա…»: