– Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը:
– Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կրել է հաստատուն եւ վերընթաց բնույթ: Որակապես նոր մակարդակ է արձանագրվել համագործակցության թե՛ ձեւերի եւ թե՛ բովանդակության առնչությամբ: Այսօր ԵՄ-ն առավել ամրապնդվում է որպես ՀՀ գլոբալ եւ տարածաշրջանային գործընկեր, որի հետ Հայաստանը համագործակցում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքին բարեփոխումների լայն օրակարգի շուրջ: 2007թ.-ից իրականացվող Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագիրը այդ բազմաբնույթ համագործակցության լավագույն արտահայտությունն է:
– Հարաբերությունների նման զարգացումը ԵՄ տարածաշրջանային քաղաքականության արդյո՞ւնք է, թե՞ դրանք ձեռք են բերվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շնորհիվ:
– Կարծում եմ, ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը եւ ՀՀ հանդեպ մոտեցումներն իրար ոչ միայն չեն հակասում, այլեւ օրգանապես միահյուսված են: ՀՀ-ի հետ հարաբերությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում տարածաշրջանային համագործակցությունը, միեւնույն ժամանակ՝ ԵՄ տարածաշրջանային քաղաքականության ձեւավորման վրա իր ուրույն ազդեցությունն է թողնում Հայաստանը, որպես տարածաշրջանային երկիր: Այս ամենով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ԵՄ-ն ունի հստակ տարածաշրջանային մոտեցումներ, որոնք արտահայտվում են տարածաշրջանի բոլոր երկրների համար նմանօրինակ նախաձեռնությունների եւ համագործակցության առաջարկությունների ներկայացմամբ: Կարելի է ասել, որ համագործակցության ձեւերն առավել տարածաշրջանային ընդգրկում ունեն, իսկ բովանդակությունը` երկկողմ:
– Նույնպիսի՞ տրամաբանություն է դրված նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության հիմքում:
– Արեւելյան գործընկերությունն ավելի ավարտուն տեսքի է բերում արեւելյան հարեւանների հանդեպ ԵՄ քաղաքականությունը: Այն ամբողջովին հենվում է արդեն իսկ ԵՀՔ-ի կողմից շրջանառության մեջ դրված համագործակցության սկզբունքների վրա եւ համագործակցության կոնկրետ մեխանիզմների առկայությամբ առավել կիրառելի է դարձնում դրանք:
– Կարելի՞ է եզրակացնել, որ Արեւելյան գործընկերությունը ԵՀՔ-ի մասն է կազմելու:
– Այս հարցին վերջնական պատասխան կտա ԵՄ խորհուրդը, որտեղ ներկայումս ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են Եվրոպական հանձնաժողովի պատրաստած Արեւելյան գործընկերության առաջարկի հանգամանալի նկարագրությունը: Նախատեսվում է, որ այդ գործընթացը կավարտվի 2009թ. ապրիլին, այն հաշվարկով, որ մայիսի սկզբին ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովով կգումարվի: Ուստի, ես կխուսափեի ԵՄ խորհրդի կողմից Արեւելյան գործընկերության հաստատելուց առաջ գնահատականներ տալ ԵՀՔ եւ Արեւելյան գործընկերության հարաբերակցության մասին, քանի որ դեռեւս հնարավոր են որոշ շեշտադրումների փոփոխություններ:
Այնուհանդերձ, Եվրոպական հանձնաժողովի մոտեցումները վկայում են, որ Արեւելյան գործընկերությունը գալիս է առավել խորացնելու Արեւելյան հարեւանների հետ համագործակցությունը, որը մինչ այժմ ընթանում էր ԵՀՔ շրջանակներում: Արեւելյան գործընկերությունը, որը նախատեսված է իրականացնել ԵՄ 27 եւ ԵՀՔ 5 երկրների, ինչպես նաեւ՝ Բելառուսի ձեւաչափով, կարելի է դիտարկել ոչ այնքան՝ որպես ԵՀՔ մաս, որքան՝ նրա որակապես նոր խորացված շարունակություն:
– Ինչպե՞ս է դրսեւորվելու այդ որակական փոփոխությունը:
– Ամենաէական տարբերությունը, թերեւս, նրանում է, որ Արեւելյան գործընկերությունը սահմանում է համագործակցության առավել հստակ ուղենիշներ: Այն ոչ միայն նպաստում է գործընկեր երկրների արդիականացման գործընթացին, այլեւ սահմանում է ավարտուն հանգրվաններ, որոնց այդ գործընթացի զարգացումը պետք է հանգեցնի: Այսպես, առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում այդ հանգրվանը` խորացված եւ համակողմանի ազատ առեւտրի ռեժիմի հաստատումն է, տեղաշարժի ոլորտում` մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, իսկ ապագայում՝ նաեւ դրա ազատականացումը:
Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նոր պայմանագրային հարաբերություններ հաստատել գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ: ԵՄ-ն պատրաստ է Ասոցիացման համաձայնագրեր առաջարկել դրան ձգտող գործընկերներին, փոխարինելով ներկա Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրերը: Համաձայնագրերը մշակվելու են յուրաքանչյուր պետության պատրաստվածության եւ իրավիճակի համապատասխան: Նրանց մեջ ամրագրվելու է ԵՄ օրենսդրության եւ վարչական գործառույթներին աստիճանական համապատասխանեցման անհրաժեշտությունը: Ասոցիացման համաձայնագրերում արտացոլվելու են նաեւ տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագրերն ունենալու են նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության, Եվրոպական պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության շուրջ համագործակցության բաղադրիչներ: Արեւելյան գործընկերությունը ենթադրում է նաեւ ԵՄ եւ անդամ երկրների առավել ակտիվ համագործակցությունը վերջիններիս քաղաքական արդիականացման եւ ժողովրդավարացման գործընթացներում: Վերջապես, Արեւելյան գործընկերությունն առաջարկում է ձեւավորել համագործակցության բազմակողմ ձեւաչափ, որի շրջանակներում ԵՄ անդամ եւ գործընկեր երկրները համագործակցելու են նույնքան լայն օրակարգով, որքան երկկողմ ձեւաչափով:
– Արեւելյան գործընկերության մասն են կազմելու Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը: Արդյոք իրատեսակա՞ն է ակնկալել, որ այս բոլոր երկրներն ունեն եվրոպական նույն ձգտումները եւ, ըստ այդմ, կարող են ունենալ համագործակցության նույն օրակարգը:
– Իրոք, թեեւ այս երկրների առջեւ ծառացած են քաղաքական եւ տնտեսական արդիականացման նմանօրինակ մարտահրավերներ, այնուամենայնիվ, դրանց հասցեագրման պատկերացումները եւ մոտեցումները առանձին դեպքերում զգալիորեն տարբերվում են: Այս հանգամանքը պայմանավորում է ԵՄ յուրօրինակ մոտեցումը, որը հայտնի է տարբերակվածության սկզբունք անունով եւ դրված է ԵՀՔ եւ Արեւելյան գործընկերության հիմքում: Արդյունքում, համագործակցության բոլոր կողմերին առաջարկվում են հավասար հնարավորություններ, իսկ կողմերն իրենք են որոշում մասնակցության ծավալները եւ խորությունը:
– Հաշվի առնելով Ադրբեջանի վերապահումը Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձեւաչափում ներգրավելու վերաբերյալ, ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն Արեւելյան գործընկերության շրջանակներում:
– Եվրոպայի պատմական նվաճումներից է տնտեսական բարեկեցության եւ ընդհանուր արժեքներ հետապնդող բազմակողմ համագործակցության ստեղծումը նույնիսկ այն երկրների միջեւ, որոնց երկկողմ հարաբերությունները եղել են խնդրահարույց: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության առաջարկների օգտին՝ նաեւ այս հանգամանքից ելնելով: Ադրբեջանն ունի տրամագծորեն հակառակ մոտեցում, որը մինչ այժմ հնարավորություն չի տվել լիարժեքորեն օգտագործել եվրոպական նախաձեռնությունները: Կարծում եմ` Ադրբեջանը կգիտակցի եւ կառուցողական մասնակցություն կունենա Արեւելյան գործընկերությանը բազմակողմ ձեւաչափին, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, որի անհրաժեշտությունն ամրագրված է նախորդ տարի արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված մի շարք միջազգային փաստաթղթերում:
– Իսկ Հայաստանը պատրա՞ստ է լիարժեքորեն ներգրավվել Արեւելյան գործընկերության մեջ: Բավարարո՞ւմ է, արդյոք, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներկայիս մակարդակը ԵՄ-ի հետ առավել հավակնոտ համագործակցության ծրագրեր հաստատելու համար:
– Հայաստանն առաջին երկրներից էր, որ իր աջակցությունը հայտնեց Արեւելյան գործընկերությանը դեռեւս այն ժամանակ, երբ այն միայն արտահայտված էր լեհ-շվեդական առաջարկության տեսքով: Այդ աջակցությունը ձեւակերպվել է 2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում` ԵՄ-ՀՀ համատեղ հռչակագրում: ԵՀՔ շրջանակներում իրականացրած համագործակցությունը թույլ է տալիս ՀՀ-ին լիարժեքորեն շարունակելու այդ համագործակցությունը նաեւ Արեւելյան գործընկերության մեջ: Բավական է ասել, որ Արեւելյան գործընկերության երկու առանցքային խնդիրների` ազատ առեւտրի համաձայնագրի եւ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի մասով, ՀՀ-ն արդեն իսկ սկսել է ԵՄ-ի հետ համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ինչ վերաբերում է ներքաղաքական բարեփոխումներին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել է համագործակցության միջոցով առկա խնդիրները կարգավորելու կամք: Դա է վկայում նաեւ ՀՀ նախագահի այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը` Հայաստան ԵՄ խորհրդատուների խումբ գործուղելու մասին, որը նախատեսում է ՀՀ պետական մարմիններին օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման խորհրդատվության տրամադրում: Համագործակցության նման համակարգային ձեւը համահունչ է Արեւելյան գործընկերության ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու մոտեցումներին:
– Նախատեսվո՞ւմ է, արդյոք, ԵՄ-ի կողմից ֆինանսական նոր միջոցների տրամադրումը` նախանշված ծրագրերի համար:
– Արեւելյան գործընկերության ֆինանսավորումը նույնպես ընթանալու է ԵՀՔ գործիքի միջոցով: Արեւելյան գործընկերության մեկնարկից եւ դրա ֆինանսավորման փաթեթի ընդունումից հետո հնարավոր կլինի խոսել ՀՀ-ին տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափերի մասին: Ներկա պահին Եվրոպական հանձնաժողովը հայտնի է դարձրել իր մտադրությունը՝ 2010-2013թթ. համար տրամադրել 350 մլն եվրո բոլոր գործընկեր երկրների համար: Նույն ժամանակահատվածի համար եւս 250 մլն դոլար տրամադրվելու է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ֆինանսավորման համար:
– Արդյոք ԵՄ այս նոր նախաձեռնությունը չի՞ նպաստի տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ մրցակցության աճին:
– Տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ն ունի մեր տարածաշրջանում առկա եւ բռնկվող սուր հակամարտությունները մեղմելու եւ կարգավորման հուն տեղափոխելու բարի կամք եւ հնարավորություններ: Այդ տեսակետից ակնհայտ է, որ ԵՄ-ն ոչ թե մրցակցություն, այլ համագործակցություն է բերում տարածաշրջան: Բացի այդ, տարածաշրջանի երկրների կողմից նման օրակարգով տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անցկացումը կայունության եւ վստահության նոր տարր կարող է ներմուծել տարածաշրջան: