1410 դպրոցներից 150-ը կդառնան ավագ դպրոցներ

24/01/2009 Անի ՀԱՐՈՅԱՆ

Երեկ ՀՀ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարարության Երեւանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Այցելության նպատակն էր` ծանոթանալ փորձարարական ավագ դպրոցների համակարգում տեղի ունեցող գործընթացներին: 2008թ. ՀՀ-ում սեպտեմբերից գործում են տասը փորձարարական ավագ դպրոցներ, որից երեքը Երեւանում են: Թիվ 112 դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանի խոսքերով, որպես նոր համակարգ ավագ դպրոցներում դեռեւս չլուծված խնդիրներ կան, սակայն համակարգն ամբողջությամբ ուսումնասիրելիս, ակնհայտ է, որ ապագան ավագ դպրոցներինն է: Նա վստահ է, որ երեխան այլեւս լրացուցիչ կրկնուսույցի մոտ գնալու կարիք չի ունենա: Այժմ փորձարարական դասարաններում, որոնք չորս հոսքերից են կազմված, սովորում են 124 աշակերտներ, իսկ յուրաքանչյուր դասարանում 20-25 աշակերտ կա: Դպրոցը վերանորոգվել է պետբյուջեով հատկացված 100մլն դրամով: Իսկ ավագ դպրոց դառնալու կապակցությամբ դպրոցում կստեղծվեն առանձին լաբորատորիաներ, առանձին ուսումնական դասասենյակներ, որոնք կնպաստեն ավագ դպրոցի ընդհանուր համակարգի արագ ստեղծմանը: Ըստ տնօրենի, համակարգի կարեւորագույն խնդիրներից է դասագրքերի հարցը, քանի որ ֆիզմաթ հոսքում սովորողի հայոց պատմության դասագիրքն անպայման պետք է տարբերվի հումանիտար հոսքում սովորող աշակերտի հայոց պատմության դասագրքից: ԿԳ նախարարը խոստացավ, որ արդեն նոր ուսումնական տարում ավագ դպրոցներում կլինեն հատուկ պատրաստված դասագրքեր: Սեպտեմբերի 1-ից տասը ավագ դպրոցներին կավելանան եւս 42-ը: Խորհրդակցությանը ներկա են եղել ուսուցիչներ եւ ավագ դպրոցի աշակերտների ծնողներ: «Ուրախալի էր, երբ ծնողները փաստեցին, որ քանի տարի է՝ արդեն իրենք իրենց երեխաներին չէին տեսել այդքան երկար ժամանակ տնային աշխատանքներ անելիս, իսկ ուսուցիչները ոգեւորված էին, որ բացակայություններ չկան ավագ դպրոցներում: Բացի այդ, ուսուցիչները խոստովանեցին, որ լիարժեք պատրաստվածության համար դասերից առաջ նույնիսկ ինտերնետով ծանոթանում են նորություններին: Իսկ ավագ դպրոցների ստեղծմամբ բուհական ընդունելության քննությունները հեշտացնելու կամ կրկնուսույցների ինստիտուտի դեմ պայքարելու խնդիր չկա դրված»,- ասաց Ս. Սեյրանյանը: