2008 թ. հանրապետության շուրջ 40 վերամշակման կազմակերպությունների գործունեության շնորհիվ մթերվել եւ վերամշակվել է ավելի քան 23 մլրդ դրամի 195,8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն եւ խաղող: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության ծրագրավորման վարչությունում, մթերող ընկերությունների կողմից 2008-ին հատկապես բարձր է եղել խաղողի եւ պոմիդորի գնման պահանջարկը, որի արդյունքում նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել են դրանց մթերման միջին գները: Մասնավորապես՝ պոմիդորի 1 կգ-ի գնման միջին գինը կազմել է 32,4 դրամ՝ նախորդ տարվա 25,2 դրամի դիմաց, իսկ խաղողինը՝ 141,6 դրամ՝ 139,9 դրամի դիմաց: Սահուն են ընթացել նաեւ մնացած բանջարեղենի եւ պտղի գնումները: Ըստ մասնագետների, գյուղմթերքների արտահանմանն աջակցելու նպատակով 2008-ին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը լուծել է ինչպես բերքահավաքի, արտահանման, այնպես էլ բնամթերքի գնումների ընթացքում ծագած խնդիրները: