Հերքել է

24/01/2009

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրված ասուլիսում հերքել է այն լուրերը, թե հայաստանյան մի շարք բանկեր խուսափում են վերադարձնել խոշոր ծավալով ավանդներ: «Այդպիսի տեղեկատվություն մենք չունենք: Նման դեպքեր չեն արձանագրվել: Եթե լինի այդպիսի դեպք, ապա դա արդեն հիմք է, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկը տվյալ բանկի հանդեպ սնանկության վարույթ հարուցի»,- ասել է Ա. Ջավադյանը` նշելով, որ հայաստանյան բանկային համակարգի իրացվելիությունն այսօր բարձր է: Ըստ նրա՝ նույնիսկ մոտ ապագայում այդպիսի խնդիրներն ուղղակի հնարավոր չեն: «Եթե հաճախորդները կանգնում են նման խնդիրների առջեւ, նրանք կարող են դիմել Կենտրոնական բանկին, եւ մենք կսկսենք սնանկության վարույթ»,- ասել է Ա. Ջավադյանը: Հիշեցնենք, որ մի շարք բանկերի` անբարենպաստ լինելու մասին խոսակցությունները սկսվել են անցած տարվա վերջից եւ ակտիվացել են հատկապես Ամանորից հետո: Ոչ պաշտոնական նման տեղեկատվությունը հիմնավորվում է նրանով, որ որոշ բանկեր լուրջ խնդիրներ ունեն իրենց տրամադրած վարկերի վերադարձելիության հետ կապված, ինչի պատճառով էլ դժվարանում են վճարել ավանդատուների գումարները: