«Օսկարի» հավակնորդների ցուցակն արդեն հրապարակված է: Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը» ժապավենը ներկայացված է 13 անվանակարգում, Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» դրաման` 10-ում, իսկ Գաս Վան Սենտի «Հարվի Միլկը»` 8 անվանակարգում: Վերոնշյալ ֆիլմերից բացի, տարվա լավագույն ֆիլմ կարող են ճանաչվել «Ֆրոստն ընդդեմ Նիքսոնի» եւ «Ընթերցողը» ժապավենները: Նկատենք, որ 10 եւ ավելի «Օսկարի» հավակնորդ լինելը կինոաշխարհում արդեն պատմական իրադարձություն է, իսկ այս տարի միանգամից երկու ժապավեն հայտնվել են այդ ցուցակում: «Բենջամին Բատոն…»-ը ֆանտաստիկ տարրերով հետաքրքրաշարժ հոգեբանական դրամա է, «Միլիոնատեր…»-ը ետնախորշում ծնված հնդիկ երիտասարդի կյանքի աներեւակայելի պատմությունն է, իսկ «Հարվի Միլկն» իրական պատմություն է ամերիկացի հայտնի հոմոսեքսուալիստ քաղաքական գործչի մասին: Տարվա լավագույն դերասան ճանաչվելու մեծ շանսեր ունեն Միկի Ռուրկը, Բրեդ Փիթը եւ Շոն Փենը, իսկ լավագույն դերասանուհու համար «Օսկարի» կարող են արժանանալ Մերիլ Սթրիփը, Անջելինա Ջոլին, Էն Հեթուեյը, Քեյթ Ուինսլետը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, Լոս Անջելեսում: