Արդեն մոտ երկուսուկես ամիս է` գործում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խումբը», սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ արդյունքներ է գրանցել: Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 23-ի ստորագրած «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կարգը հաստատելու մասին» կարգադրության համաձայն՝ խմբի աշխատանքները լուսաբանման ենթակա չեն: Խմբի անդամներն իրավունք չունեն բացահայտել կատարված աշխատանքներն ու ձեռք բերված փաստերը:
Կարգադրության համաձայն՝ խումբն իր աշխատանքների վերջնական արդյունքները ամփոփ զեկույցով պետք է ներկայացնի Սամվել Նիկոյանի ղեկավարած մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին: Կարգադրության մեջ նշված չէ, թե որքան պետք է տեւի փաստահավաք խմբի աշխատանքը:
Այսպիսով, անցած տարվա նոյեմբերի 11-ից մինչեւ հիմա դեռ հայտնի չէ, թե փաստահավաք խումբն ի՞նչ աշխատանք է կատարել, ի՞նչ փաստեր է ձեռք բերել, կամ մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված ի՞նչ բացահայտումներ է արել: Երեկ մենք փորձեցինք տեղեկանալ, թե այս երկուսուկես ամսվա ընթացքում փաստահավաք խումբն արդյո՞ք որեւէ էական բացահայտում արել է, կամ խմբի անդամները գո՞հ են իրենց ձեռքբերումներից: «Ես անարդյունավետ չեմ համարում մեր երկու ամսվա աշխատանքը»,- կարճ պատասխանեց «Ժառանգության» կողմից ներկայացված Սեդա Սաֆարյանը:
Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ընդհանրապես չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ: Դեկտեմբերի սկզբին ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» տարածած համատեղ հայտարարության համաձայն, փաստահավաք խմբի աշխատանքների վրա իշխանությունները ճնշում էին գործադրում: Հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ետ կկանչեն իրենց անդամներին, եթե նրանց աշխատանքի համար բավարար պայմաններ չստեղծվեն: Արդյոք խմբի գործունեության հետ կապված այս վերապահումները վերացե՞լ են: «Փաստահավաք խումբն, ամեն դեպքում, որոշակի առաջընթաց արձանագրում է իր աշխատանքներում` որոշակի կարեւոր փաստեր կարողանում է հավաքել եւ արձանագրել, որքան էլ խոչընդոտների հանդիպում է իշխանությունների կողմից: Ամեն դեպքում, քանի որ կա նման առաջխաղացում, առայժմ ետ կանչելու մտադրությունը առկախված է: Իհարկե, մեր ամբողջ սպասելիքները չէ՞ որ իրականանում են փաստահավաք խմբի առումով, բայց գոնե այն, ինչ որ կա, էլի բավարար է, որ առայժմ մենք այդ մտադրությունը առկախված պահենք»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Փաստահավաք խմբի հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչները նոյեմբերին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էին իրենց աշխատանքներում միջազգային փորձագետ ընդգրկելու խնդրին: Նույն հարցը բարձրացրել էին օրեր առաջ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ: Եվրոպական պաշտոնյաները խոստացել էին աջակցել, սակայն, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Ս. Սաֆարյանի, մինչեւ հիմա փաստահավաք խումբն այդ աջակցությունը չի ստացել: «Ետ կանչելու մտադրությունը դեռ ուժի մեջ է: Մենք հիմա սպասում ենք, եթե ողջամիտ ժամկետում միջազգային փորձագետները չլինեն, նորից կանդրադառնանք այդ խնդրին»,- ավելացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ինչպես հայտնի է, փաստահավաք խմբում իշխանության ներկայացուցիչներից Գեւորգ Թովմասյանը դատախազ աշխատելու ընթացքում անմիջականորեն վերահսկել է «Մարտի 1-ի» գործի նախաքննությունը: Մյուս անդամ Ռոբերտ Ավագյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Արդարադատության խորհրդի անդամ էր: Եվ մտահոգություն կար, թե այս երկու անդամները ոչ միայն անկողմնակալ գործունեություն չեն ծավալի, այլեւ կխոչընդոտեն խմբի աշխատանքներին: Ինչպիսի՞ հարաբերություններ են փաստահավաք խմբում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ: «Ես կարծում եմ, որ եթե հիմա փաստահավաք խմբում աշխատելու ֆրոնտ չունենանք, գոնե իրար հետ ինչ-որ համաձայնություն չլիներ, չէինք կարողանա շարունակել մեր աշխատանքը: Այնպես որ, այդ ճնշումները միանշանակ չի կարելի հիմք ընդունել, թե այդ պատճառով մենք կարող ենք այդպես շուտ լուծարվել: Կարծում եմ, որ այս դրությամբ ամեն դեպքում հնարավոր է աշխատել: Դե, հիմա ով չգիտեր, որ կազմավորվելուց այդպես պիտի աշխատեինք: Ես, օրինակ, գիտեի: Դիրքորոշումների հակասություն պիտի լինի, բնական չէ՞»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Ի դեպ, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության հերթական ժամկետը լրանում է փետրվարի 24-ին: Սակայն հանձնաժողովի նախագահ Ս.Նիկոյանը բազմիցս է հայտարարել, որ կրկին կդիմի ԱԺ-ին` լրացուցիչ ժամանակ տալու խնդրանքով, մինչեւ փաստահավաք խումբը կավարտի իր աշխատանքը եւ կներկայացնի ուսումնասիրությունների արդյունքները: Ս. Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովն արդեն բավական երկար ժամանակ, ըստ էության, անգործության է մատնված, իսկ Ս.Սարգսյանի կարգադրության մեջ նշված չէ, թե փաստահավաք խումբը երբ պետք է ավարտի իր աշխատանքը: Արդյոք այս հանգամանքը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվի: Ընդ որում, վերջին օրերին մամուլում լուրեր հրապարակվեցին, որ իշխանությունները մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը դադարեցնելու քաղաքական որոշում են կայացրել: «Փաստահավաք խումբը Նիկոյանի հանձնաժողովի բախտին հաստատ չի արժանանա»,- վստահ է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հ.Խուրշուդյանը: «Ես կարծում եմ, որ դեռ նրանց աշխատելու ժամկետը կերկարացվի, որովհետեւ մենք դեռ անելիքներ ունենք: Մեր աշխատանքի ծավալը մեծ է, չեմ կարող ասել, թե երբ կավարտենք»,- ասաց Ս.Սաֆարյանը: «Կարող է հանկարծ մի օր շատ կարեւոր հրապարակում լինի, ու մեր աշխատանքային գործունեությունը ավարտված համարվի»,- ասաց տիկին Սաֆարյանը` չմանրամասնելով, թե խոսքը ի՞նչ կարգի հրապարակման մասին է: Չի բացառվում, որ փաստահավաք խմբի անդամներն ակնկալիք ունեն, որ քաղբանտարկյալների նկատմամբ, այնուամենայնիվ, համաներում կկիրառվի, կամ էլ նրանց գործերը կկարճվեն: