ՀՀ ասուլիսը նախարար գործերի արտաքին

24/01/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անցկացվի՝ որո՞նք են եղել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձեռքբերումները 2008 թվականի ընթացքում, շատերը կպատասխանեն հարցով՝ իսկ ընդհանրապես ձեռքբերումներ եղե՞լ են։ Այնուամենայնիվ, ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմված «ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության 2008 թվականի ամփոփումը» համառոտ զեկույցում ներկայացված են միայն եւ միայն ձեռքբերումներ։

Այդ ամփոփումը ներկայացնելու համար էլ երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիս էր հրավիրել։ «Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է արտաքին անվտանգության հետագա ամրապնդմանը, երկրի զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացներում մասնակցության խորացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում գործուն ներգրավվածության խորացմանն ուղղված քայլերը»,- ահա այսպիսի պերճախոս եւ երկարաշունչ նախադասություններ կարող եք կարդալ հաշվետվության մեջ։

Հայաստանին ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հեռանկարի ֆոնին բավական հետաքրքիր է ընկալվում նաեւ հետեւյալ պնդումը. «Եվրոպական ընտանիքին մերձենալու քաղաքականությունը շարունակվել է»։ Ըստ երեւույթին, թույլատրվածից ավելի ենք «մերձեցել»։ Էդ. Նալբանդյանը ժամանակին ասել էր, որ հունվարին տեղի կունենան այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայելու Հայաստանին ձայնից զրկելու առաջարկը։ Երեկ լրագրողները փորձեցին պարզել՝ եղե՞լ են այդպիսի զարգացումներ եւ, եթե այո, որո՞նք են դրանք։ «Եվրոպական կառույցների հետ, Եվրախորհրդի հետ, համագործակցաբար եւ օժանդակությամբ մենք փորձել ենք անել հնարավորը, որպեսզի մեղմենք այն հետեւանքները, որ առաջացել էին հետընտրական շրջանում։ Այն, ինչ իրադարձություններ են կայացել հունվար ամսին, կայացել են այն, ինչ որ դուք գիտեք մինչեւ այսօր, եւ կկայանան դեռ մինչեւ համապատասխան ժողովը»,- բառացիորեն հայտարարեց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը։ Իսկ թե ինչն է պարոն Նալբանդյանին դրդում նման նախադասություններ արտասանել, պարզ է դառնում նրա մեկ այլ հայտարարությունից: «Գիտեք, որ պրն Պրեսկոտի եւ Կոլոմբիեի այցելության ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել, եւ կարծում եմ, որ իրենք որոշ ըմբռնումով են մոտեցել այն հանդիպումների ընթացքում, որ իրենք ունեցել են տարբեր մակարդակներով Հայաստանում։ Եվ այդ ըմբռնումով է, որ իրենք վերադարձել են եւ կներկայացնեն արդեն իրենց եզրակացությունները համապատասխան ժողովից առաջ։ Պետք է սպասենք այդ ժողովին։ Դրամատիկ կամ ողբերգական տոներով չխոսենք։ Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է ընթանա նորմալ բնույթով։ Նորից եմ շեշտում՝ Հայաստանն աշխատել է, աշխատում է եւ կաշխատի եվրոպական կառույցների հետ՝ մեղմելու համար այն հետեւանքները, որոնք առաջացել էին հետընտրական զարգացումների հետեւանքով»։

Լրագրողները նախ ցանկացան ճշտել՝ բացի նախարարի նշած հանդիպումներից, այլ զարգացումներ եղե՞լ են, ինչին Էդ. Նալբանդյանը պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի այդ հարցին, ավելացնելու ոչինչ չունեմ դրան, եւ կարծում եմ՝ այդ պատասխանի մեջ ավելի լավ, խորը իմաստ կար, քան թե դուք երեւակայում եք»։ Ի՞նչ է նշանակում «ըմբռնումով են մոտեցել»։ Այս հարցին էլ Էդ. Նալբանդյանը գերադասեց չպատասխանել. «Եթե ես ցանկանայի բոլոր «ըմբռնումների» չակերտները բացեի, ապա կբացեի։ Այսինքն, այդ ըմբռնումը, ինչպես իրենք մոտեցել են, իրենք կհայտնեն համապատասխան ժողովից առաջ»։

Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված նույնպես մի շարք հարցեր հնչեցին։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորմանն ուղղված առաջարկությունների մեջ սկզբունքների որոշ փոփոխություններ են ներկայացրել։ «Չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ որեւէ ճշմարտություն կա»,- ասաց Էդ. Նալբանդյանն՝ ավելացնելով, որ, համենայնդեպս, հայաստանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ համանախագահները նման փոփոխություններ չեն ներկայացրել։

Ինչ վերաբերում է համանախագահների այն հայտարարություններին՝ թե այս կիսամյակում հնարավոր է ղարաբաղյան հակամարտության սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր ստորագրվի, ապա Էդ. Նալբանդյանը նախընտրում է ավելի զգույշ լինել իր ձեւակերպումներում. «Միշտ էլ պետք է լավատես լինել։ Այդպիսի հնարավորություն կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի։ Այդպիսի հայտարարություններին ես մի քիչ ավելի զգուշորեն կմոտենայի, որեւէ կանխատեսումներ չէի անի՝ գարնանը, ամռանը, աշնանը, այս տարի… Այսպիսի հայտարարություններ բազմիցս արվել են եւ շարունակում են արվել։ Ժամկետներ դնելը այսպիսի բարդ բանակցությունների դեպքում, կարծում եմ, ճիշտ չէ»։ Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի ապագա կարգավիճակին, ապա, նախարարի խոսքերով, այդ հարցի շուրջ պետք է արտահայտվի Ղարաբաղի ժողովուրդը։ «Տարբեր ձեւեր կան՝ օրինակ, հանրաքվեի միջոցով։ Պետք է այդ իրավունքն ունենա՝ ազատ արտահայտելու՝ ինչպես է ինքը ցանկանում ապրել։ Իսկ դուք լավ պատկերացնում եք, թե Ղարաբաղի ժողովուրդն ինչ կարող է ասել»,- ասաց նախարարը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանը միշտ կարեւորել է ԼՂ մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին. «Առանց Ղարաբաղի մասնակցությանը խաղաղ գործընթացին եւ բանակցություններին, որոնք կմշակեն որեւէ պայմանագիր, դժվար է երեւակայել որեւէ հարցի լուծում»։