Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ ՀՀ իշխանություններից պահանջել են մինչեւ հունվարի 26-ը ԵԽ ԽՎ-ին ներկայացնել գրավոր փաստաթուղթ այն մասին, որ փետրվարին մեկնարկող ՀՀ ԱԺ նստաշրջանի հենց առաջին նիստում քննարկման է դրվելու ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ իշխանական շրջանակների, Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն իրենց խոստացել են, որ այդ դեպքում իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի հունվարի 27-ի նիստում Հայաստանը չզրկվի ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից:
Իսկ համազեկուցողները պահանջել են ՔՕ 300 հոդվածն այնպիսի տեսքի բերել, որը թույլ կտա, որպեսզի «7-ի գործով» մեղադրվող քաղբանտարկյալների վրայից հանվի «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքը: Նրանք հերթական անգամ պնդել են, որ այդ հոդվածն ակնհայտորեն քաղաքական է, եւ դրանով մեղադրվողները քաղբանտարկյալներ են, ինչն անթույլատրելի է ԵԽ անդամ երկրում:
Իհարկե, դրանից հետո ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարն է, փակվել է իր աշխատասենյակում եւ զբաղված է ՔՕ 300 հոդվածը վերափոխելու գործով, այդուհանդերձ, դեռեւս այդքան էլ պարզ չէ, թե այդ հոդվածը վերանայելու դեպքում ինչպես են ազատ արձակվելու 7 քաղբանտարկյալները, որոնց մեկ տարի շարունակ պահել են կալանավայրերում հենց այդ մեղադրանքով: Արդյոք այն կարո՞ղ է հետադարձ ուժ ունենալ արդեն դատական փուլում գտնվող գործի վրա, թե՞ ոչ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տեղյակ չէ Քրեական օրենսգրքում նախապատրաստվող փոփոխությունների մասին: «Անկեղծ ասած` ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ, որ պատրաստվում են վերափոխել ՔՕ 300 հոդվածը: Ես այդ մասին տեղեկացել եմ ձեր թերթից: Այդ իսկ պատճառով ես կարող եմ միայն որպես իրավաբան դատողություններ անել: Կարծիքներ են հնչում, թե ժամանակին Վենետիկի հանձնաժողովն այդ օրենքին հավանություն է տվել, բայց մոռանում են, որ Վենետիկի հանձնաժողովը դրան հավանություն է տվել` չկարծելով, որ այդ հոդվածները կարող են այսքան լայն մեկնաբանվել եւ որոշ դեպքերում որոշ քաղաքական գործիչների վրա լայն կիրառվել, եւ նրանց գործունեությունը քրեականացնեն: Կա երկու ճանապարհ. կա՛մ դա չպետք է այսպես մեկնաբանվեր, կա՛մ եթե այդպես է մեկնաբանվել, ուրեմն` օրենսդիրն է որոշել իր վրա վերցնել եւ այդ հոդվածն այնպես խմբագրել, որպեսզի նմանատիպ լայն մեկնաբանության հնարավորություն չլինի: Այսինքն` որպեսզի որոշ քաղաքական գործիչների գործունեությունը չքրեականացվի: Ես այսպես եմ հասկանում, սա է քաղաքականությունը, եւ կարծում եմ, սա էլ է լուծման մի տարբերակ: Բայց եթե նմանատիպ տարբերակով առաջնորդվեն, եւ ապաքաղաքականացվի այդ հոդվածը, այդ դեպքում չեմ բացառում, որ «7-ի գործը» պարզապես պետք է կարճվի»: Դիտարկմանը, թե` այդ դեպքում իշխանություններն ինչպե՞ս են պատճառաբանելու այն, որ այդ անձանց մեկ տարի շարունակ անհիմն պահել են կալանավայրերում, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Եթե հոդվածը մեղմացվում է, ապա այն հետադարձ ուժ է ունենում: Այդ դեպքում կարող է մեղադրող կողմը հետ վերցնել իր մեղադրանքը` պատճառաբանելով ի հայտ եկած նոր հանգամանքները»: Իսկ թե ինչպիսին կլինի մյուս քաղբանտարկյալների ճակատագիրը, որոնք մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ արդեն դատարանով մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են ազատազրկման` դեռեւս հայտնի չէ: Ա. Հարությունյանի կարծիքով, ՔՕ 300 հոդվածի վերանայման դեպքում պետք է վերանայվեն նաեւ այդ հոդվածով արդեն դատապարտված բոլոր անձանց գործերը: Այսինքն` օրենքը հետադարձ ուժ պետք է ունենա նաեւ նրանց նկատմամբ: «Իսկ նրանք, ովքեր այլ հոդվածներով են դատապարտվել` նրանց նկատմամբ կայացված դատավճիռը կմնա անփոփոխ: Ես այսպես եմ հասկանում ՔՕ 300 հոդվածի վերափոխման շուրջ ծավալվող այս խոսակցությունները: Ես այս ամենից հասկացա, որ այդ հոդվածն ապաքաղաքականացնելու խնդիր կա: Դա պարտադիր էլ չէր լինի, եթե մեր իրավակիրառական պրակտիկան չգնար ՔՕ 300 հոդվածի լայն կիրառման, մեկնաբանման եւ քաղաքական գործիչների գործունեության քրեականացման ճանապարհով: Տվյալ դեպքում, եթե մեր Դատախազությունն այդ ճանապարհով չգնար, միգուցե սրա կարիքը չլիներ: Փաստորեն, մեր օրենսդիր մարմինն այս քաղաքականությունն է մշակել, բայց սա էլ է իրավիճակից դուրս գալու հնարավորություն»,- ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` հավելելով, որ, այդուհանդերձ, ՔՕ-ում նման փոփոխություն անելով, ըստ էության, ՀՀ իշխանություններն ընդունում են, որ «Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթը ժողովրդավարական չէ»: «Եվ ստիպված օրենսդիր մարմինն այս իրավակիրառական պրակտիկան հաշվի առնելով գնում է այն ճանապարհով, որպեսզի ինքը փրկի իրավիճակը: Այսինքն` այնպես վերափոխել այդ հոդվածը, որպեսզի իրավապահ մարմինները նույնիսկ ցանկության դեպքում չկարողանան այդպիսի լայն մեկաբանություն տալ օրենքին»,- կարծում է Ա. Հարությունյանը:
Մինչեւ համազեկուցողների այցը Հայաստան, Ա. Հարությունյանը պնդում էր, թե հավանականությունը, որ հունվարի վերջին ԵԽ ԽՎ-ում կզրկվի ձայնի իրավունքից` մեծ է: Երեկ նրանից հետաքրքրվեցինք` դեռեւս պահպանո՞ւմ է իր այդ կարծիքը: «Կարծում եմ, եթե նման զարգացում լինի, այսինքն` այդ մարդկանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նրանք ազատ արձակվեն, իհարկե, դա արդեն լիովին իրավիճակը կփոխի: Բայց միեւնույն է` ես նորից մնում եմ այն կարծիքին, որ մեզ մոտ մարդու իրավունքների տեսակետից համակարգային խնդիրներ կան, որոնք պետք է փոխվեն: Տվյալ դեպքում մենք ինչ-որ կոնկրետ հարց կլուծենք, բայց մարդու իրավունքների պրոբլեմները մենք սրանով չենք լուծում: Մենք մեթոդաբանական խնդիրներ ունենք: Այս ամենի պատճառները դրանում են, սրանք բոլորը հետեւանքներ են»,- նշեց Ա. Հարությունյանը:
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ծանո՞թ է «7-ի գործի» վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությանը, եւ արդյո՞ք այն «փաստերը», որոնք նրանք համարում են «հիմնավոր», իրականում հիմնավոր են: «Ես ծանոթացել եմ այդ գործի քաղվածքին, եւ դրա վերաբերյալ իմ առաջնային տպավորությունը հետեւյալն է: Ուսումնասիրելով Ալեքսանդր Արզումանյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով ներկայացված տեղեկանքը, վերլուծելով եւ համադրելով դրանում զետեղված ցուցմունքները, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների նյութերը, հարկ եմ համարում ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքներին: ՀՀ-ում 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ մյուսները մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու մեջ՝ համապատասխանաբար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Տեղեկանքում ներկայացվում են ուղղակի կամ անուղղակի ապացույցներ այն մասին, որ մեղադրվողներից առանձին անձինք կատարել են այս կամ այն հակաօրինական գործողությունները, ինչպես, օրինակ` մի դեպքում առանձին մեղադրյալներ իրականացրել են հանրավտանգ պարագաների փոխադրում եւ բաշխում, մեկ այլ դեպքում` իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու, զինվելու եւ դիմադրություն ցուցաբերելու կոչեր են արել կամ ձեռք են բերել եւ պահել ռազմամթերք եւ այլն: Այսինքն` տեղեկանքում բերված տվյալները վկայում են այն մասին, որ մեղադրվող առանձին անձանց արարքներում կարող են առկա լինել առանձին հանցավոր տարրեր: Թեեւ դրանց հիմնավորումը կպարզվի դատարանում: Մինչդեռ, հարկ է նկատել, որ տեղեկանքում, ըստ էության, բացակայում են ապացույցներ, որ այդ գործողություններն իրականացվել են մեկ կամ մի քանի անձանց կողմից համակարգվող կամ կոորդինացվող գործունեության արդյունքում, բացակայում են ապացույցներ կոորդինացնող խմբի առկայության վերաբերյալ: Բացի այդ` տեղեկանքում ներկայացված նախաքննության մարմնի հետեւություններում, մի շարք գաղտնալսումներին հաջորդող եզրահանգումներում առկա են սուբյեկտիվիզմի տարրեր: Հաճախ արվում են եզրահանգումներ, որոնք անմիջականորեն չեն բխում ներկայացված նյութերի բովանդակությունից: Տեղեկանքում բերված հանգամանքները նույնիսկ ապացուցման դեպքում կարող են վկայել միայն զանգվածային անկարգությունների տեղի ունենալու փաստը, այլ ոչ թե դրանք կենտրոնացված, համակարգված ձեւով ղեկավարելը կոնկրետ անձանց կողմից: Ավելին, ներկայացված տեղեկանքով` մեր տեսակետից չի հաստատվում Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Շանթ Հարությունյանի եւ մյուսների կողմից 2008թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու հանգամանքը»: