Պարգեւը գտավ հերոսին

24/01/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի իշխանություններին բնութագրելիս ամենադիպուկ բառը, թերեւս, պարգեւառատն է: Իրենց իշխանության 70 տարիների ընթացքում բոլշեւիկներն ինչ պարգեւ հորինել էին` արդեն վերականգնված է: Դա դեռ ոչինչ: Մեր հարազատ իշխանությունները փորձում են 10 տարում ավելի շատ մարդու պարգեւատրել, քան բոլշեւիկները 70 տարում: Քանակով ավելի շատ մարդու: Հին ու նոր պետական տոներին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարգեւատրած անձանց ցուցակը չէր տեղավորվում երկրի միակ պաշտոնաթերթի երկար էջերում: Նոր նախագահի պարագային պատկերը չփոխվեց: Պարգեւատրվողների քանակական աճը հուշում է, որ շուտով պետական բյուջեի ծախսային հատվածում առանձին տող կհայտնվի: Պետական պարգեւ դիպլոմ-մեդալ-շքանշան-վկայական տպագրելու-ձուլելու-հատելու-հաշվառելու համար ահագին փող է պետք: Հոռետեսներին թվում է, թե նախագահի աշխատակազմի պարգեւատրումների բաժինն անընդհատ ընդլայնվելու է: Այնքան է ընդլայնվելու, որ նախագահական նստավայրում չտեղավորվի: Ենթադրվում է, որ շուտով առանձին նախարարություն կբացվի:

«Պետական պարգեւատրումների նախարարություն»` խրոխտ ու զվարճալի անվանմամբ: Բարեկիրթ ու նորաթուխ մենեջերների մեծ աշխատակազմով: Լավ է գոնե այս ամենը կատարվում է լուսավորյալ տեղեկատվական հասարակարգում: Այս նախարարության գործունեությունն առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պատկերացնելն իսկ անհնար է: Միայն պատվավոր կոչումների անվանացանկն առանց համակարգչի արխիվավորելը տոննաներով թղթապանակներ կզբաղեցներ: Ինչ կոչում ասես չկա: Վաստակավոր գործչից` մինչեւ լրագրող: Նույնքան վաստակավոր լրագրող: Գործունեության առանձին ոլորտների համար «վաստակավոր» ու «ժողովրդական» առանձին բաժանումներ են մտցված: Մտավորական մարդը դեռեւս 60-ական թվականներին էր զվարճանում «ԱՄՆ ժողովրդական արտիստ Չարլի Չապլին» արտահայտությունն արտասանելիս: Իսկ հիմա պետական ու բազում այլ անձինք դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերում են «ՀՀ ժողովրդական արտիստ Բղդիկ»: Կամ նման մի բան: Արտասանում են ու մրցանակ տալիս: Նաեւ մեդալ ու շքանշան: Ինչ փույթ, որ «Խորենացու» կամ «Գոշի» մեդալ ստացողը մեսրոպյան այբուբենը մինչեւ վերջ չի յուրացրել: Կամ մոռացել է: Կարեւորը պարգեւատրելն է: Բուն գործընթացը: Դեռեւս Հին Հռոմից է հայտնի, որ կառավարիչը ժողովրդի համար երկու բան պիտի ապահովի` հաց ու տեսարան: Հաց ապահովելու գործը, մեղմ ասած, դժվարությամբ է ստացվում: Ուրեմն հարկավոր է զարկ տալ տեսարաններ ապահովելուն: Մեծ ու պուճուր շոու աստղերին օգնել է պետք: Նոր թարմ տեսարաններ կազմակերպել: Երեւի այս նպատակով ՀՀ նախագահն իր հերթին է կոչում-պարգեւներ հորինում ու շնորհում: Վարչապետն` իր հերթին: Խորհրդարանի խոսնակն` իր:

Եթե նկատել եք, կառավարության անդամներն էլ են մասնակցում այս զվարճանքին: Վերադասից ակնկալած պարգեւները չստանալով` իրենք էլ իրենց մեդալներն են հորինել: Հորինել ու բաշխում են: Տպավորությունն այն է, որ արդեն ամեն մարդու համար առանձին մրցանակ են հորինում: Հաշվի առնելով անձնական թուլություններն ու հավակնությունները: Կոչում-պարգեւներ են սահմանել քաղաքապետարաններն ու գյուղապետարանները: Այս վերջիններն առայժմ անհրաժեշտ ճանաչում չեն գտել: Սովորական, այսինքն՝ ոչ վաստակավոր ու ոչ ժողովրդական քաղաքացին դեռեւս չգիտի, թե մեր երկրում պետական մարմիններից որոնք ու քանի պարգեւ-մեդալներ ունեն սահմանած: Մյուս կողմից՝ վստահաբար կարելի է ասել, որ որեւէ պետական մարմնի էլ դա հայտնի չէ: Ոչ ոք չի հաշվառում դրանք:

Չի հաշվառվում նաեւ ֆինանսական այն ծախսը, որ պետական մարմիններն անում են դրանք պատրաստելու համար: Ազգային վիճակագրության ծառայությունն, օրինակ, կարող է արդարանալ, որ դա անհնար գործ է: Որովհետեւ պարգեւատրման ոլորտում Հայաստանում «նոու հաու է» ներդրված: Այսուհետ ՀՀ քաղաքացիները ՀՀ իշխանություններից կարող են ակնկալել նոր ու անհայտ պարգեւատրումներ: Երեկ պաշտոնապես տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը. «արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում»: Հետաքրքիր է` հաջորդն ո՞վ է լինելու: Թե՞ սա կոնկրետ անձի եւ կոնկրետ պահի համար հորինված մրցանակ է:

Հ.Գ.
Հայաստանում համերգներից մեկի ժամանակ կոնֆերանսիեն պետք է հայտարարեր, որ ելույթ կունենան ժողովրդական արտիստի կոչում ունեցող էստրադային աստղերից մեկը եւ Ֆլորա Մարտիրոսյանը: «Ժողովրդական արտիստը» կոնֆերանսիեին խնդրել է հայտարարել միայն իր անունը` առանց «Ժողովրդական կոչման»: «Անհարմար եմ զգում, ես «Ժողովրդական արտիստի» կոչում ունեմ, իսկ տիկին Ֆլորան որեւէ կոչում չունի, ամոթ է»,- ասել է էստրադային երգիչը: