Լֆիկ Սամոյի նախասիրությունը

24/01/2009

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գոյության ողջ ընթացքում հրավիրած գրեթե բոլոր նիստերի ժամանակ գերիշխող դիրքը չարաշահելու եւ բազմաթիվ հայտնի ապրանքանիշեր կեղծելու համար տուգանքներ է սահմանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` ԼՖիկ Սամոյին պատկանող «Ֆլիտֆուդ», «Նատալի Ֆարմ», «Սալեքս գրուպ» եւ «Սալեքս գրիգ» ընկերությունների նկատմամբ: Սակայն միշտ էլ այդ տուգանքները շատ չնչին են եղել հայտնի ապրանքանիշերը կեղծելու արդյունքում իր անորակ արտադրանքից ստացած ահռելի շահույթի համեմատ: Եվ քանի որ պատգամավորը միշտ էլ գտնվել է իշխանությունների հովանավորության տակ, շարունակում է կեղծելով, սպառողներին խաբելով՝ ահռելի շահույթ ստանալ: Իշխանություններն էլ միշտ աչք են փակել նրա կատարած հանցանքների վրա: Ս.Ալեքսանյանը մեծ սեր ունի հատկապես ռուսական հայտնի օղիները կեղծելու գործում: Եվ ահա այս օրերին էլ խանութներում` հատկապես իրեն պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետներում վաճառվում են «Ալեքս գրիգի» նմանակած «Ժուրավլ», «Զելյոնայա մետկա», «Մորոզ» օղիները, որոնք ռուսական հայտնի «Ժուրավլի», «Զելյոնայա Մարկա» («Զելյոնայա Մարկա» Օսոբայա «Կեդրովայա», որն արտադրում է ռուսաստանյան «Տոպազ» ԼՕԳ ՓԲԸ-ը), «Էտալոն» (մոսկովյան «Կրիստալ» գործարանի արտադրության) օղիների կեղծ տարբերակներն են: Ընդ որում, եթե «Ժուրավլի»-ի 0,7 լիտրանոց օղին արժե 2800 դրամ, ապա, կեղծ տարբերակը վաճառվում է ընդամենը 850 դրամով: Գների նույն տարբերությունն է նաեւ մյուս օղիների դեպքում: Հաճախ սպառողները գնում են «Սալեքս գրիգի» կեղծած այս անորակ օղիները` շփոթելով ռուսական արտադրության հետ: Իսկ Ս.Ալեքսանյանն իր «Լուսաստղի» անորակ օղիները շշալցնում է վերը նշված պիտակներով շշերի մեջ եւ իրացնում հիմնականում մարզերում: Ըստ մեր տեղեկությունների` Ս. Ալեքսանյանն այս շշերը գնում է աղբարկղերից շիշ հավաքողներից, ինչպես նաեւ ռեստորանային խոշոր համալիրներից: Ավելին, ասում են, որ նա հաճախ դատարկ շշերի դիմաց թափառաշրջիկներին օղի է տալիս: Հատկանշական է, որ օղիների արտաքին ձեւավորումը` շիշը եւ պիտակը, շատ նման են բնօրինակին (տնտեսական օրենսդրության ձեւակերպմամբ` շփոթելիության աստիճանի նման են) եւ առաջին հայացքից անհնար է տարբերակել: Թերեւս կեղծողի ճաշակը դրսեւորվել է հիմնականում պիտակի վրա պատկերված «զակուսկու» դեպքում: Եթե բնօրինակի պիտակին պատկերված է ճարպ եւ հաց, ապա Ս. Ալեքսանյանը հացի հետ նախընտրում է թթու վարունգը: