Վաճառել են քաղաքացու բնակտարածքը

24/01/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Մյասնիկյան 43/3 (Կենդանաբանական այգու ձախակողմյան հատվածում) հասցեի բնակիչ Համբարձում Ղազարյանի խնդրին:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, գաղտնի եւ ապօրինի կերպով Հ. Ղազարյանի բնակարանի տարածքը վաճառվել էր մեկ այլ քաղաքացու` Զվարդ Խաչատրյանին: Հ. Ղազարյանի հավաստմամբ` իր գերդաստանն այդ տարածքում ապրել է դեռեւս 1953-ից, մինչդեռ 2007-ին շատ պատահաբար պարզվել է, որ քաղաքապետարանն այն վաճառել է մեկ այլ անձի: Տարածքի նոր սեփականատեր Զ. Խաչատրյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Հ. Ղազարյանին բնակարանից վտարելու պահանջով, որը դատարանի կողմից բավարարվել էր: Երեկ Հ. Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել, հետեւաբար գործը կքննվի նաեւ Վերաքննիչ դատարանում: Քաղաքապետի անօրինական այս գործարքի հետ կապված փաստաթղթերն ուսումնասիրել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն, ով մեզ հետ զրույցում համապատասխան բառեր չէր գտնում իր վրդովմունքն արտահայտելու համար. «Մարդը տասնամյակներ շարունակ ապրում է իր տան մեջ, ու հանկարծ պարզվում է, որ այդ տարածքը քաղաքապետարանն ապօրինի կերպով վաճառել է մեկ այլ անձի: «Ապօրինի» բառը նման գործարքի համար մեղմ է, եւ նույնիսկ համապատասխան կոշտ բառ չեմ գտնում նրանց հասցեագրելու համար»: Տիկին Բախշյանը, տեւական ժամանակ է, զբաղված է Հ. Ղազարյանի բնակարանի տարածքի փաստաթղթերը ձեռք բերելով: Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ բավականին հետաքրքիր մանրամասներ է ձեռք բերել Կադաստրի պետական կոմիտեից, եւ խոստացավ դրանք հետագայում հրապարակել: «Ես քաղաքապետին նամակ եմ գրել Հ. Ղազարյանի հարցով եւ դեռ սպասում եմ պատասխանին: Նույնիսկ չգիտեմ` ինչպես բնութագրել այս պատմությունը»,- բարկացած ասաց տիկին Բախշյանն, ում փաստարկները մեր առաջիկա համարներից մեկում կտպագրենք: Ի դեպ, բնակարանից զրկված Հ. Ղազարյանը բազմաթիվ նամակ-դիմումներ է հղում բոլոր պետական մարմիններին` ահազանգելով, որ իր հետ կատարվածը քրեական տարրեր պարունակող գործ է: Ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակի` երեկ նրան տեղեկացրել են, որ փորձագետներն ուսումնասիրություն կկատարեն այդ հասցեում` պարզելու համար, թե այդ շինությունը որ թվականին է կառուցվել: Զ. Խաչատրյանը պնդում է, որ այդ շինությունը կառուցվել է իր կողմից, իսկ Հ. Ղազարյանն, այնուամենայնիվ, վստահեցնում է, որ դա իր պապական տունն է: Նշենք նաեւ, որ մեր նախորդ հրապարակումից հետո խմբագրություն էր եկել Արտակ անունով մի տղա, որը ներկայացավ որպես Զ. Խաչատրյանի որդի: Վերջինս իր փաստաբանի հետ մեզնից հերքում էր պահանջում, մասնավորապես այն բանի համար, որ գրել էինք, թե տարածքն ապօրինի կերպով վաճառվել է իրենց: Մենք Արտակին բացատրեցինք, որ հոդվածը գրվել է Հ. Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, եւ չենք պատրաստվում հերքում տպագրել: Փոխարենն առաջարկեցինք եւս մեկ հոդվածով ներկայացնել իրենց փաստարկները, որի համար պահանջեցինք համապատասխան փաստաթղթեր: Փոխհամաձայնության գալով` Արտակը եւ փաստաբանը խոստացան իրենց մոտ եղած փաստաթղթերը կրկնօրինակել եւ մեզ տրամադրել: Սակայն, մինչ օրս նրանցից տեղեկություն չունենք: Իսկ խմբագրություն եկած Հ. Ղազարյանը վստահեցնում է, որ չնայած իր եւ հարեւանների նկատմամբ ահաբեկումներին, ինքը շարունակելու է պայքարել իր իրավունքները վերականգնելու համար. «Նրանք արդեն սկսել են ահաբեկել, վախացնել հարեւաններին, որ չխոսեն: Հարեւաններից շատերը ստորագրություն են տվել այն դիմում-նամակի տակ, որ ես սկսած 1953-ից բնակվում եմ այդ տանը, իսկ իրենց չեն էլ ճանաչում: Բոլորին վախի մթնոլորտում են պահում, տղաներին կանչում, վախացնում են եւ հրահրում են, որ վիճաբանություն կսարքեն»: