Դաշնամուրի գործարանի հարակից տարածքում գտնվող հանրակացարանի դռները համարակալված են: Յուրաքանչյուր թվի ետեւում պետությունը մարդաքանակ է հաշվառել, որի ցուցակը տարեցտարի կրճատվում է: Տեսնելով համարակալված դռների ետեւում հայտնված մարդկանց կենսակերպը, խեղված ճակատագրերը` եւս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր պետությունն այս մարդկանց սառնասրտորեն համարակալել է՝ որպես գլխաքանակ: Համարակալված դռների ետեւում մարդիկ խելագարվում, հիվանդանում, սովամահ են լինում ու մահանում են:
Համարակալված դռներից մեկի ետեւում` հազարումի քուրջ ու փալասով ծածկված Ալինան օրը ցերեկով պառկել է անկողնու մեջ` աչքերն ուղղած անորոշ մի կետի: «Վա՜յ, բարեւ, մրսում եմ, դրա համար եմ պառկել»,- ինձ տեսնելով` ասում է նա ու իսկույն վերմակը գցում վրայից: Երկու տարի առաջ նույն մահճակալին անշարժ պառկած էր նրա հայրը` Ռոմանը, ով սոցիալական ծանր պայմանների պատճառով կաթված էր ստացել եւ դարձել անկողնային հիվանդ: Ռոմանը չէր կարողանում խոսել, փոխարենը գլուխն անընդհատ խփում էր պատին` հասկացնելու համար, որ այլեւս ապրելու ուժ չունի: Հետո Ռոմանը մահացավ, իսկ հիմա հանգուցյալի այդ նույն մահճակալին պառկած է նրա աղջիկը՝ Ալինան: Ռոմանի մահից հետո էլ կինը` Անյան է կաթված ստացել, բայց Անյան անկողնուն գամվելու իրավունք չունի, որովհետեւ երկու հաշմանդամ երեխաների միակ հույսն է: 60-ամյա Անյա տատն առավոտից իրիկուն աղբանոցներն է քրքրում, որպեսզի շշեր հավաքի, դրանք հանձնի ու օրական 1կգ կարտոֆիլ գնելով՝ երեկոյան խաշած կարտոֆիլով ընթրիք պատրաստի: «Մի օր փողոցներում ոտքի վրա կմեռնեմ: Ցուրտ ա, անտանելի ցուրտ ա. մեկ-մեկ մարմինս չեմ զգում, ոսկորներս մրմռում են ցրտից»,- իր ճակատագիրն այսպես է կանխորոշում տիկին Անյան, ում երկու երեխաներն էլ հոգեկան հիվանդներ են: Ալինան եւ նրա եղբայրը` Ֆայեկը, Բաքվի ջարդերի ժամանակ սոսկալի տեսարանների ականատեսն են եղել ու Հայաստան տեղափոխվելուց հետո` խելագարվել են: Ֆայեկի աչքի առաջ բռնաբարել են քրոջը` Ալինային, եւ մորը` Անյային: Անցյալի այդ ծանր հիշողությունը չի ջնջվում նրա ներկայից: Մոր եւ քրոջ բռնաբարության տեսարանն ակնոցի պես հարմար տեղավորվել է նրա աչքերի առաջ ու օրվա լույսը խավար է դարձրել: Ասում է` «Ոչինչ չեմ ուզում խոսել», ու անտարբեր հեռանում է: Ալինան իր հոգեվիճակն այնքան ճիշտ է նկարագրում, որ հասկանում եմ, թե ինչո՞ւ է հոգեմետ դեղերից կախված: Ասում է` «Կարծես ինչ-որ մեկը գալիս է իմ մեջ ու աղմկում, տանջում է: Էդ մեկն ինձ չարացնում, ներվայնացնում է, ու չեմ կարողանում իրեն չլսել»: Ալինան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, իսկ Ֆայեկը` ջութակահար: Ալինայի ներսում հայտնվող մարդն ասես ինքն է: Դաշնակահարուհի ու սովի մեջ ապրող, անպաշտպան մի կին: Հիշում է անցյալի երիտասարդ, կոկիկ հագնված, հարգված ու սիրված երբեմնի դաշնակահարուհուն, ու մի տեսակ դիմագծերը փոխվում են. խաղաղվում է: Հետո նայում է ներկային` հանրակացարանի իր սենյակին, մահճակալին, սեղանին շարված դատարկ կաթսաներին, ու սկսում է բղավելով խոսել: «Սովը, գիտե՞ք, ինչ ահավոր բան ա»,- ասում է Ալինան, ով մի քանի շաբաթ առաջ իր արարքով հարեւաններին ցնցել է: Հարեւանները պատմում են, որ Ալինան քաղցին չդիմանալով` սկսել է ուտել բետոնապատ պատուհանագոգերը: Ատամների հետքերը դրա վառ ապացույցն են: Ասում է` «Իմ դեղորայքն Ավանի հոգեբուժարանից ենք ստանում: Մի դեղը` «Ռեսպալեպտ» է կոչվում, չտվեցին, ասեցին, որ պիտի առնենք: Դեղատներում մի տուփն արժե 18.000 դրամ: Իմ թոշակից շատ է կազմում էդ գումարը: Որ ճղվենք էլ` չենք կարա առնենք: Վատանում եմ, ձայներն ինձ սպանում են: Հետո, դեղերը որ խմում եմ` սովին չեմ դիմանում, ուտել եմ ուզում»: Ալինան եւ տիկին Անյան օգտվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանից, որի տրամադրած կերակրի տարայի մնացորդն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում: Ալինան օրական մի քանի կանգառ ոտքով կտրում է, որպեսզի երկու փոքրիկ տարայով կերակուրը տուն բերի: Ապրում են «Փարոսի» տրամադրած 8000 դրամ նպաստով, Ալինայի 1-ին կարգի հաշմանդամության 9000 դրամ թոշակով եւ տիկին Անյայի 19.000 դրամ ծերության թոշակով: Ալինան երազում է գեղեցիկ հագուստ ունենալու մասին, որովհետեւ Բաքվից Հայաստան տեղափոխվելուց հետո երբեւէ նոր զգեստ չի կրել: Ասում է` «Կարո՞ղ ես ինձ համար մի հատ սիրուն շոր ճարել»: «Կարող եմ,- ասում եմ,- իսկ ինչի՞դ է պետք»: Ալինան հրճվանքով, մի քիչ էլ մանկական միամտությամբ պատասխանում է` «Կարոտել եմ էդ զգացումին, նոր շորի հոտին: Կհագնեմ, կգնամ ճաշարանից ճաշ բերելու: Ախր էսքան տարի ուրիշների հներն ենք հագնում, իսկ մեր թոշակով նույնիսկ ներքնազգեստ չենք կարողանում առնել»: Տիկին Անյան անընդհատ կրկնում է` «Մատաղ, ոչինչ չի փոխվում: Կյանքը կորցրել ա իմաստը: Ապրում ենք, որովհետեւ ողջ ենք, թե չէ` մեր վաղվա օրը ոչ միայն մեր պետությանը պետք չի, այլեւ մեզ: Բայց տանջվելով ենք օրերն անցկացնում, հասկանո՞ւմ ես…»: Հետո տիկին Անյան ճշմարտության դեմ չմեղանչելու համար վկայում է, որ այս ամսվանից իր 14.000 դրամ նախկին թոշակին ավելացել է եւս 5000 դրամ: Ասում է` «Ստի հանդեպ ես ահավոր մոտեցում ունեմ, կեղծիքը չեմ սիրում: Հիշո՞ւմ ես, երկու տարի առաջ եկար մեր մոտ: Էդ երկու տարվա մեջ մենակ էդ 5000 դրամ ավելացումն ա եղել, բայց մեր վիճակն ավելի սարսափելի ա դարձել: Որ ճիշտն ասեմ, ամեն ինչ էնքան վատ ա, որ էլ վատ լինելու տեղ չկա: Տեսնում ես, չէ՞, երկու տարի ա անցել քո գալուց հետո: Մաշվել ենք…»: Անյա տատը հարմար տեղավորվել է որպես փախստական իրենց տրամադրված մի մահճակալի վրա, որի նմանը անգամ կալանավայրում չես գտնի: Երկաթե ցանցը պարանով կապկպել են ամրաններին, որ չկոտրվի:
Տիկին Անյան, Ալինան եւ Ֆայեկը փախստականի կարգավիճակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր մինչեւ կյանքի վերջ դատապարտված են այդ պիտակը կրելուն: Նրանց համարակալված դռան թիվն ամրագրված է մեր պետական հաստատություններում, որտեղ փախստականների համար դրսից գումարներ ու օգնություններ են բերվում, ու պետբյուջեից ահագին գումար հատկացնում: Նրանց դռան թիվն ամրագրված է նաեւ փախստականներին աջակցելու համար կոչված բազմաթիվ կազմակերպություններում: Մինչդեռ Ալինան՝ քաղցը հագեցնելու համար, իրենց սենյակի պատուհանագոգերն է կրծոտում, իսկ տիկին Անյան առավոտից իրիկուն մայրաքաղաքի աղբանոցներն է քրքրում: