Դեմքի համար դիմակներ ձմռանն ավելի հաճախ պետք է անել, քան ամռանը: Ձմռան ժամանակահատվածում բանանի սնուցող դիմակներն ամենաարդյունավետն են: Բանանի միջուկը համարվում է շատ բնական սնուցող միջոց` հատկապես չոր մաշկի համար: Բանանի 1/3 մասը տրորել ու ավելացնել 0,5 թեյի գդալ այն սնուցող քսուքից, որը դուք օգտագործում եք, 3-4 կաթիլ կիտրոնի հյութ եւ 3-4 կաթիլ ձիթապտղի ձեթ: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին` թողնելով 15 րոպե: Իսկ ահա ժելատինային դիմակները թարմացնում են հոգնած մաշկը, լավացնում արյան շրջանառությունն ու սպիտակեցնում դեմքը: Դիմակի համար անհրաժեշտ է 10 գ ժելատին, 40գ գլիցերին, 10գ ցինկօքսիդ եւ 40 գ ջուր: Ժելատինը ջրով թրջում ենք ու թողնում մեկ ժամ: Հետո ցինկօքսիդն ու գլիցերինն ենք խառնում իրար ու ստացած զանգվածը ավելացնում ժելատինին ու տաքացնում այնքան, որ այս ամենը լավ լուծվեն: Հետո այն սառեցնում ենք նախքան օգտագործելը: Այս դիմակը սառնարանում կարելի է պահել մի քանի օր: Խտացած զանգվածը քիչ տաքացնել ջրի գոլորշու վրա, հետո թանզիֆի կտորը թաթախել այս զանգվածի մեջ ու դնել դեմքին: Այս դիմակը պետք է պահել 30 րոպե: Իսկ դիմակը հանելուց հետո դեմքին կրեմ քսել: Նույն ձեւով մաշկին օգնում է ձվի սպիտակուցից պատրաստված դիմակը: Ձվի սպիտակուցը հասցնել կիսափրփրած վիճակի, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Դիմակը պահել 10 րոպե ու լվանալ սառը ջրով: