Օ՜ Բրայզա

24/01/2009

Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների, նրա մայրաքաղաք Վաշինգտոնի վրա, որտեղ տեղի է ունենալու ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը: Հայաստանը, ոչ թե Հայաստանի հասարակությունը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը այդ համաշխարհային նշանակության իրադարձությանը հետեւելու է բառացիորեն հեռուստադիտողի կարգավիճակով, քանի որ Օբամայի երդման արարողությանը պաշտոնական պատվիրակություն հրավիրված չէ: Իհարկե, կարելի է դրա համար հազար ու մի պատճառաբանություն հորինել` արարողակարգային նրբություններից մինչեւ «ծանրաբեռնված գրաֆիկ»: Նման պատճառաբանություն կարող է լինել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր Երեւան կատարելիք այցը, որը Օբամայի երդմնակալության արարողության ֆոնին, իհարկե, աննշան իրադարձություն կարող է թվալ: Թերեւս միայն վաշինգտոնյան տոնակատարությունների մասնակիցների համար: Համանախագահները Երեւան են ժամանում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկումից ուղիղ մեկ շաբաթ առաջ. ձայնի իրավունքից չզրկվելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների եւ հունվարի վերջին Դավոսում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հետ կապված` համանախագահների լավատեսության ֆոնին: Թե որքանով են առանձին վերցրած այս «լավատեսությունները» հակադիր իրար (կամ որ նույնն է` մեկը մյուսի հաշվին), պարզ կդառնա, թերեւս, մեկ շաբաթ հետո: Իսկ մինչ այդ Հայաստանի հասարակությունը կարող է մխիթարվել միայն նրանով, որ երբ մենք մշակույթ ունեինք, ինչպես այսօր Հայաստան ժամանող համանախագահների, այնպես էլ Բարաք Օբամայի նախնիները ծառից ծառ էին թռչում: Այն, ինչ Ամանորից հետո համառորեն քարոզում են իշխանությունները: