Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դրանով նրանք սկսել են 2009թ. տարածաշրջանային առաջին այցը, որի շրջանակներում այսօր կժամանեն Երեւան: Տարեսկզբին ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում ասել էր, որ կախված քննարկումներից` իրենք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերին»: Ըստ տարբեր տեղեկությունների՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ Դավոսում` հունվարի 28-ից մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, թեեւ պաշտոնապես այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել: Իսկ այս այցի հետ կապված անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ նոր առաջարկներ միջնորդները չեն նախապատրաստել եւ հույս ունեն, որ կողմերին ի վերջո կհաջողվի համաձայնության հասնել դեռեւս չհամաձայնեցված մի քանի դրույթների շուրջ: Համանախագահները նաեւ հուսով են, որ հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այս տարվա առաջին կիսամյակում: