Վալդները եւ նոր հարեւանությունը

24/01/2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներին: Ըստ նախագահի մամուլի ծառայության, ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը` Ս. Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի կողմից Հայաստանին «Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն շնորհելու համար եւ շեշտել, որ մեր երկիրն անելու է իրենից կախված հնարավորը` մյուս պայմանավորվածություններն օր առաջ իրողություն դարձնելու համար: Ս. Սարգսյանը եւ Բ. Ֆերերո-Վալդները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցային հնարավորությունների ավելացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային ու ներհայաստանյան զարգացումներին: Բ. Ֆերերո-Վալդները հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ, ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, գոհունակություն հայտնելով ՀՀ-ի հետ ծավալվող գործընկերության կապակցությամբ, ողջունել է ՀՀ-ի պատրաստակամությունը ընդունելու ԵՄ խորհրդատուներին, որոնք պետք է աջակցեն ՀՀ-ում բարեփոխումների գործընթացին: «ԼՂՀ հակամարտության կարգավորման կողմերը պետք է կարողանան գտնել փոխզիջումային լուծում` ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- Է. Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Նա ասել է, որ ԵՄ-ն մերժում է ցանկացած ռազմական լուծում, եւ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ կարգավորում: «ԵՄ-ն եւ ես` անձնապես, մշտապես հետաքրքրված ենք եղել եւ փորձում ենք օգտակար լինել ԵԱՀԿ-ին հակամարտության կարգավորման գործում: Մենք շատ ուրախ կլինենք, որ կողմերը գտեն լուծում: Վերջին հանդիպումները Մոսկվայում եւ Հելսինկիում շատ լավ արդյունքներ ունեին: Հեռանկար կա, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել շատ շուտով: Դա շատ օգտակար կլինի գործընթացի համար»,- ասել է Վալդները: Ըստ նրա, Հարավային Կովկասում ամեն ինչ կփոխվի թե առանձին երկրների, թե ընդհանուր տարածաշրջանի համար, երբ վերջապես հակամարտությունը լուծվի: Հակամարտության կարգավորումից հետո, ըստ հանձնակատարի, Եվրահանձնաժողովը կկարողանա քայլ առաջ տանել զարգացման ծրագրերի աջակցությունը ողջ տարածաշրջանի համար: