«Հարմարավետ» հարաբերություններ

24/01/2009

Մոսկվայում շաբաթ օրը կայացած` գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը: Նույն աղբյուրի համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ «հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում»: Սերժ Սարգսյանը, իր հերթին, կարեւորել է էներգետիկ բնագավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում: 2008 թվականի տվյալներով` Հայաստանը տարեկան ներկրել է 2,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, գազամատակարարումն իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով, նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայաստանը աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` այդ ցուցանիշով ԱՊՀ տարածքում առաջինն է: Ըստ նույն աղբյուրի, աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է: Նշենք, որ մոսկովյան համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: