2008թ. 11 ամիսներին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 24 հազար 235 գրավադրման գործարք, որոնք կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 16.7%-ը: Գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.2%-ով: Գրավադրման գործարքներն առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (46.9%), հասարակական նշանակության օբյեկտների (9.6%), առանձնատների (26.8%) եւ հողերի (12.8%) նկատմամբ: Երեւանում նշված ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9 հազար 420 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2007թ. հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 5.2%-ով: 2008թ. 11 ամիսներին հանրապետությունում իրականացվել է հիպոթեքային գրավադրման 2 հազար 293 գործարք, որից 1492-ը` Երեւանում: Ընդ որում, այդ գործարքներից 68.5%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 22.4%-ն` անհատական բնակելի տների, 4.1%-ը` հասարակական նշանակության օբյեկտների, 0.6%-ն` արտադրական նշանակության օբյեկտների, 1.4%-ն` ամառանոցների, 0.7%-ն` ավտոտնակների եւ 2.4%-ը` հողերի նկատմամբ: Անցած տարվա հունվար-նոյեմբերին հանրապետությունում գրավադրվել են 5738.28 հա մակերեսով հողեր, որից 73.53 հա` Երեւանում: Ընդ որում, այդ հողերի 95%-ը կամ 5453.74 հա-ն գյուղատնտեսական նշանակության են, որից Երեւանում` 2.70 հա: Առավել մեծ մակերեսով հողեր գրավադրվել են Արմավիրի մարզում՝ 3084.83 հա, որից 3078.38 հա` գյուղատնտեսական նշանակության: Նշված ամիսներին հանրապետությունում արձանագրվել են հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների ապապետականացման միջոցով մասնավորեցման համապատասխանաբար 53 եւ 35 գործարքներ, որոնց ընդհանուր քանակն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 0.1%: 2008թ. հունվար-նոյեմբերին 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ մասնավորեցման գործարքների քանակը նվազել է 14.6%-ով: 2008թ. 11 ամիսներին հանրապետությունում արձանագրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի 24 հազար 343 առաջնային գրանցումներ` առանց գործարքների, որոնց քանակը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3%-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 16.8%: Առաջնային գրանցումների քանակի ամենաբարձր տոկոսաչափն արձանագրվել է Երեւանում՝ 30.9%: