Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մայթերը մաքրելու համար լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել: Այդ մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ըստ որի՝ Երեւանում հունվարի առաջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով սառցակալած մայթերի մաքրման աշխատանքները ժամանակին չեն իրականացվել համապատասխան մեքենա-մեխանիզմների բացակայության պատճառով: Միայն Կենտրոն թաղապետարանն է մայթերը մաքրող տեխնիկա ձեռք բերել, մյուս համայնքներում այդ աշխատանքները հիմնականում ձեռքով են իրականացվել(՞): Ըստ նրա` տեղումների օրերին Երեւանի թաղային համայնքները կարողացել են ժամանակին կազմակերպել քաղաքային նշանակության փողոցների մաքրման աշխատանքները, իսկ մայթերի միայն 40 տոկոսն է մաքրվել: Այսօր արդեն այդ աշխատանքները դժվարացել են, քանի որ սառույցները կոտրելու համար լրացուցիչ աշխատուժ է պետք: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Երեւանի փողոցները մաքրելու մասին պաշտոնյաների հայտարարություններն առնվազն ծիծաղելի են: Երեւանի, այդ թվում՝ նոր տեխնիկա ձեռք բերած Կենտրոն համայնքի փողոցներով այս օրերին ոտքով անցնելը հավասար է հերոսության: