Երեկ Երեւանում գործող մի քանի տոնավաճառների աշխատողներ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու որոշման դեմ:
Նրանք պնդում էին, որ պատրաստ են աշխատել հաստատագրված վճարով, իսկ ՀԴՄ-ների կիրառումը, փաստորեն, անիմաստ է դարձնում իրենց աշխատանքը: «Տեղի հարկերն էլ շատ թանկ են: Չենք կարողանում հա՛մ դրանք տալ, հա՛մ ընտանիք պահել, հա՛մ էլ ՀԴՄ-ներով աշխատել»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը, ով, ինչպես մյուս գործընկերները, խնդրեց չհրապարակել իր անունը: Տոնավաճառի աշխատակիցները նշում էին, որ գնորդների թիվը կրճատվում է: «Ճգնաժամը մեզ վրա էլ է ազդել: Դեկտեմբերից նախորդ տարվա համեմատ առեւտրի ծավալը քչացել է»,- ասաց մեկ այլ զրուցակից: «Ես երեկ վերադարձել եմ Մոսկվայից: Նրանց կառավարությունը ասել է՝ մանր բիզնեսին հանկարծ չկպչեք, թեթեւացրեք, մինչեւ գոնե այս ճգնաժամը անցնի: Իսկ սրանք բյուջե չեն կարողանում լցնել, մեզ վրա են բարդում այդ բեռը: Հիմա մենք ճամպրուկային տրամադրությունների մեջ ենք: Եթե որեւէ բան չեն փոխելու, մենք թողնելու ու գնալու ենք Հայաստանից: Տեսնենք, այդ դեպքում ո՞նց են բյուջե լցնելու: Գոնե թող սառեցնեն այն օրենքների կիրառումը, որ արդեն ձեւակերպել են»,- նշեց «Հայաստան» տոնավաճառում աշխատող տիկին Անահիտը: «Նրանք ընդհանրապես տոնավաճառի աշխատանքից գաղափար չունեցող մարդիկ են, չեն տարբերում խանութներից ու բիզնեսի մյուս ճյուղերից: Մեզ մոտ ֆիքսված գներ չկան: Տոնավաճառը հենց նրանով է ձգում, որ գնորդները գինը կարողանում են իջեցնել: Կարողանում են ապրանքը հետ բերել, մի ուրիշ բան վերցնել: Մենք սա ինչպե՞ս արտահայտենք ՀԴՄ-ի վրա: Այսինքն` այստեղ ՀԴՄ-ները չեն կարող աշխատել այնպես, ինչպես խանութներում»,- ասում էր տիկին Անահիտը: «Զինվորի մայր եմ: Մենք ենք ուղարկում մեր երեխաներին ամեն ինչը: Ինքս արդեն ոչնչի պետք չեմ, որովհետեւ 25-30 տարեկան չեմ, հասակս էլ մեկ ու յոթանասուն չէ, անգլերեն չգիտեմ, որ գնամ ռեստորանում հավաքարար աշխատեմ: Ունեմ երկու բարձրագույնավարտ երեխաներ: Ի՞նչ է տալիս այս պետությունը ինձ: Վարկով փող եմ վերցրել, որ մի կերպ հացի փող վաստակեմ: Ավելի լավ է գնամ տանը սոված նստե՞մ, թե՞ թողնեն այս մանր բիզնեսով մի քիչ աշխատեմ»,- վրդովված հարցնում էր ցուցարարներից մեկը: Տոնավաճառի աշխատակիցները շեշտում էին, որ գրեթե բոլորը իրենց տները գրավ են դրել եւ այդ վարկերով են առեւտուր անում: «Ինչպե՞ս ենք այդ վարկերը փակելու: Թող բոլորին անուն-ազգանուններով նայեն համակարգչի մեջ: Տեսնեն, որ բոլորս տոկոսի տակ ենք, վարկ ենք վերցրել՝ չենք կարողանում փակել»,- ասաց ցուցարարներից մեկը: Նշենք, որ կառավարությունը հայտարարում է, թե ՀԴՄ-ների տեղադրումը լուծելու է նաեւ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու խնդիրը: Տրամաբանությունն այն է, որ եթե սպառողները առեւտուր անելիս պահանջեն ՀԴՄ-ի կտրոններ, տոնավաճառներն ու խանութներն էլ ապրանքը գնելիս ծախսը հիմնավորող փաստաթուղթ են պահանջելու նրանցից, ումից գնում են այդ ապրանքը: Ներմուծելու դեպքում ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում Մաքսայինում վճարված գումարը հաստատող փաստաթուղթը: Սակայն ցուցարարները նշում էին, որ իրենք չեն կարողանում ձեռք բերել այդ հաշիվ-ֆակտուրաները: «Ոչ ոք մեզ ապրանքի համար թուղթ չի տալիս, իրենք ապրանքը բերում են Թուրքիայից, Սիրիայից, տեղի մեծածախ շուկաներում վաճառում են, մենք էլ առնում ենք, թուղթ որտեղի՞ց տան»,- նշում էին նրանք, ովքեր անձամբ չէին ներմուծում: Սակայն այն աշխատողները, ովքեր անձամբ են ներմուծում (այս դեպքում ծախսը հիմնավորող փաստաթուղթ պետք է տրամադրի Մաքսայինը), նույնպես նշում էին, որ իրենց Մաքսայինում որեւէ փաստաթուղթ չեն տրամադրում: Տոնավաճառի աշխատակիցները նաեւ դժգոհում էին նրանից, որ եթե նախկինում որոշված էր ՀԴՄ տեղադրել միայն 7 քառ. մետրից մեծ տարածքում առեւտուր անողների համար, ապա վերջերս որոշվել է ՀԴՄ տեղադրել բոլոր տեղերում: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` իրենց պահանջները ներկայացնելու համար: «Վարչապետ, իջիր ցած»,- ժամանակ առ ժամանակ վանկարկում էին նրանք: Ցույցի մասնակիցների մոտ վերջապես իջավ ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով խորհուրդ տվեց բողոքի դիմում ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե: Ցուցարարները չընդունեցին այդ առաջարկը: «Մենք իմացանք, որ պրեզիդենտն էլ, վարչապետն էլ շատ փոքր մարդիկ են Հարկայինի դիմաց»,- բղավում էին նրանք: Որոշ ժամանակ ցուցարարներից 6 հոգի մտան կառավարության շենք: Նրանց այնտեղ ոչ ոք չէր ընդունել, բայց հայտնել էին, որ վարչապետը տեղում չէ, եւ, որ շուտով ՊԵԿ-ից ներկայացուցիչ կգա ու կլսի նրանց պահանջները: ՊԵԿ-ից ներկայացուցիչ այդպես էլ չեկավ: Տոնավաճառների աշխատակիցները որոշեցին ամեն օր առավոտյան ժամը տասից կառավարության շենքի դիմաց հավաքվել, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները: