Հա՛մ կտրում են, հա՛մ վերակառուցում

24/01/2009

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկը վարձակալության է տրվել մրցույթում հաղթող ճանաչված «Սարուխ Սթար» ՍՊԸ-ին: Պայմանագրով նախատեսվում է վերակենդանացնել պուրակը, ապահովել ծառաթփային հավաքածուների պահպանությունն ու վերարտադրությունը, ակտիվացնել գիտահետազոտական աշխատանքները: Այս նպատակների համար նախատեսված է ներդնել շուրջ 170 մլն դրամ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «Սարուխ Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Սարուխանյանը, դենդրոպարկում վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են. կառուցվել է 252 մետր երկարությամբ քարե ցանկապատ, ավարտվել է պարկը բուսաբանական այգուց բաժանող ճաղավանդակների մոնտաժումը, եւ տնկվել արծաթափայլ եղեւնու` Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկից ձեռք բերված 100 տնկի: Ի դեպ, «Հայաստանի ծառատունկ» («Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ) ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ջրաշեն համայնքում` 40 հա հողատարածքի վրա, ընթանում են անտառվերականգնման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրեսին» ասել է Գյուղական եւ լեռնային շրջանների զարգացման ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը, նոր անտառի հիմնումը հնարավոր է դարձել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ, անտառատնկման նպատակով նշված հողատարածքը ստանալու արդյունքում: Անցյալ տարվա աշնանն արդեն այստեղ տնկվել է կաղնու առաջին 7000 տնկին. աշխատանքներում ներգրավվել է Լոռու մարզի 25 բնակիչ: