Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում շինարարական աշխատանքները կվերսկսվեն մարտին: Այդ մասին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է «Ազերինշաատսերվիս» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վուսալ Ասլանովը: Նրա խոսքով` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում Ախալքալաք-Կարս նոր հատվածի շինարարության աշխատանքները դադարեցվել էին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: «Անցած տարվա դեկտեմբերի 15-ից այստեղ ձնածածկույթի բարձրությունը մեկ մետրից ավելի է, ճանապարհները սառցակալած են: Ծանր տեխնիկայի տեղաշարժման, բաց օդում աշխատանքներ իրականացնելու դժվարություններ են առաջացել: Բայց աշխատանքների ժամանակավոր կասեցումը կապված չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա: Ինչպես նշել է Ասլանովը, շինարարական աշխատանքները կվերսկսվեն այս տարվա մարտին: Աշխատանքներն արդեն ավարտված են Ախալքալաք-Կարս տեղամասի վեց կիլոմետրանոց հատվածում: Բացի այդ, շինարարության ընթացքում աշխատանքային նախագծում փոփոխություններ են կատարվել` կապված երկրաբանական իրական պայմանների մի շարք անհամապատասխանությունների հետ: Այդ կապակցությամբ հնարավոր չի լինի շինարարական աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում (2009 թվականի նոյեմբեր): Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, շինարարական աշխատանքները կատարվում են եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը բաղկացած է 2 մասից, այն է՝ Ախալքալաք-Թուրքիայի հետ սահմանի 26,5 կիլոմետրանոց երկաթգծի շինարարությունը, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքները Մարաբդա-Ախալքալաք գործող տեղամասում: